կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 16:39
Իրավական

Պերմյակովի երեք հեռախոսների թեման «ջրում են»

Պերմյակովի երեք հեռախոսների թեման «ջրում են»

26 օր է անցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքից, սակայն գրեթե ամեն օր նոր հարցեր են առաջ քաշվում, նոր վարկածներ քննարկվում: Հաշվի առնելով հանցագործության հնչեղությունն ու հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում գործի ընթացքի վերաբերյալ, որոնք ոչ այնքան սպառիչ պատասխաններ են տալիս, որքան նոր հարցեր առաջ քաշում:

 

Այսպես` դեռևս հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց և հաստատեց իրենց իսկ կողմից առաջ քաշված այն վարկածը, որ գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։

 

Ուշագրավ է, որ այս վարկածն առաջ քաշվեց դեպքից 18 օր անց, երբ անընդհատ շահարկվում էր այն, թե ինչպե՞ս կարող էր ռազմաբազայի զինվորը միանգամից երեք հեռախոս ունենալ: Շատերը համոզված էին, որ այդ տարօրինակ պատմության վրա լույս կարող են սփռել հենց երեք հեռախոսները: Այդ կապակցությամբ yerkir.am-ը ուշագրավ հոդված էր հրապարակել,  որին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

Զարմանալի էր այն, որ տանից անհետացած իրերի, մասնավորապես` հեռախոսների մասին Ավետիսյանների հարազատներից ոչ ոք այդ օրերին չէր բարձրաձայնել:

 

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը դա բացատրում էր նրանով, որ հարազատներն այդ օրերին ապրումների մեջ էին և իրենց կողմից անբարոյականություն կլիներ այդ ընթացքում մոտենալ նրանց և ինչ-որ հարցեր տալ: Թեև Ավետիսյանների ընտանիքի անդամների ինքնությունները պարզելու, նրանց վերաբերյալ տվյալներ, այդ թվում` նաև լուսանկարներ ստանալու համար հենց նույն օրը հարազատներն էին օգնել քննչական մարմնին:

 

Եվ ահա դեպքից միայն 18 օր անց նախաքննական մարմնին հաջողվեց «պարզել», որ հեռախոսները պատկանում են Ավետիսյաններին: Հետաքրքիր է` քանի՞ փորձաքննություն և հատուկ նշանակության օպերացիաներ են իրականացվել այդ «չափից բարդ» հանգամանքը պարզելու համար: Մի՞թե մի քանի ժամում հնարավոր չէր այդ հարցը պարզել, չէ՞ որ ցանկացած հեռախոս զննելուց կամ պարզապես աչքի անցկացնելուց հետո անմիջապես կարելի է գլխի ընկնել` արդյո՞ք այդ հեռախոսը տվյալ մարդունն է, թե՞ ոչ:

 

Ի դեպ, հանությունն ամենևին էլ սրտատրոփ չի սպասում հեռախոսազանգերի վերծանումներին, քանի որ բոլորը գրեթե վստահ են, որ այդ կերպ պարզապես հայտնի է դառնալու, թե տան անդամներն ում հետ են վերջին անգամ խոսել, և հերքվելու է այն վարկածը, թե Ավետիսյաններն ինչ-որ կապ են ունեցել Պերմյակովի հետ:

 

Սակայն այստեղ ամենազավեշտալին այն, թե ռուս զինծառայողի ինչին էր պետք վերցնել ընտանիքի անդամների, ուշադրություն, բոլոր երեք հեռախոսները: Ուշադրություն` ոչ թե գողանալ, այլ վերցնել, քանի որ եթե Պերմյակովը գողանալու մտադրություն ունենար, տանից շատ ավելի արժեքավոր իրեր կտաներ, օրինակ` դարակներից մեկի վրա, աչքի առաջ դրված պլանշետը:

 

Այն, որ նախաքննական մարմինը հակված է ամեն կերպ պնդել, որ Պերմյակովի մոտից հայտնաբերված հեռախոսները պատկանում են Ավետիսյաններին, ապացուցում է քննչական կոմիտեի պատասխանը մեր հարցմանը: Մասնավորապես` հետաքրքվել էինք` արդյո՞ք Պերմյակովի մոտ հայտնաբերվել են փաստացի նրան պատկանող հեռախոս կամ հեռախոսներ, եթե` այո, ռուսակա՞ն, թե՞ հայկական հեռախոսահամարներ են եղել, և արդյո՞ք օպերատորից պահանջվել են նրա հեռախոսահամարի (ների) ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները: Ի պատասխան, քննչական կոմիտեն հայտնել էր, որ բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր` ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները: Ուշադրություն` քննչական կոմիտեն իր պատասխանում ասում է՝ Պերմյակովը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել ՆԱԵՎ տուժողների հեռախոսները:

 

Այս կասկածելի պատմությունը, կապված երեք հեռախոսների պատկանելության հետ, ևս մեկ անգամ հիմքեր է տալիս ենթադրելու, որ Պերմյակովի երեք հեռախոսներից յուրաքանչյուրը հատուկ նպատակի է ծառայել, իսկ թե ի՞նչ նպատակի, պաշտոնապես այդ մասին, իհարկե, չի հրապարակվի: Հիմա էլ թեման «ջրում են»: