կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 18:59
Իրավական

Պերմյակովի երեք բջջային հեռախոսները. փաստեր ու հակասություններ

Պերմյակովի երեք բջջային հեռախոսները. փաստեր ու հակասություններ

Դաժան սպանության դեպքեր մեր երկրում երբեմն-երբեմն գրանցվում են, սակայն հազվադեպ է լինում,  երբ միաժամանակ սպանության զոհ են դառնում ընտանիքի մի քանի անդամներ:

 

Նման ոճրագործության սարսափելի դեպք գրանցվել էր տարիներ առաջ ` Կոտայքի մարզի Նոր Գյուղում, երբ մի գիշերում դանակահարել, որոշ ականատեսների խոսքով` մորթել էին եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներին, այդ թվում` երեխայի:
Սպանությունը, որի մասին այսօր քչերը գիտեն, կարճ ժամանակ անց բացահայտվեց, ասում են` պատճառը փողն էր:

 

Օրեր առաջ  Գյումրիում տեղի ունեցած` իր դաժանությամբ նմանը չունեցող ոճրագործության պատճառը մինչ այսօր անհայտ է մնում: Հենց այդ դաժանությունն ու հանգամանքների տարօրինակ դասավորությունն էլ օդում առկախված  թողեցին բազմաթիվ հարցեր:
Ինչո՞ւ, ինչպե՞ս... Այս հարցերի պատասխանն արդեն մի քանի օր է փորձում է գտնել հանրությունը: Սա այն դեպքերից է, երբ «քննությունը կպարզի» կամ «քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները» հավաստիացումները մարդկանց վստահություն չեն ներշնչում: Ավելին`  դեպքի օրն ու դրան հաջորդած ժամանակահատվածում իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ, նաև հարևանների իրարամերժ  հայտարարություններն ու հավաստիացումները ոչ այնքան լույս են սփռում այս պատմության վրա,  որքան խճճում այն:

 

 

Այսպես` փաստեր ու հակասություններ...

 

Դաժան սպանդն  իրագործված է

 

Հունվարի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, տեղեկություն տարածվեց (շտապ բուժօգնության կայանից ոստիկանությանը ահազանգ հասել է 12:30-ին), որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են ընտանիքի վեց անդամների դիերը, իսկ ընտանիքի 6-ամսական երեխան  սուր-ծակող գործիքից (հավանաբար` դանակ) ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` 6:30-ի սահմաններում:

 

Սպանդի մասին առաջին լուրից հետո ընդամենը րոպեներ անց տեղեկություն տարածվեց, որ սպանության մեջ կասկածվողը ռուս զինծառայող է (նա պահակակետը լքել էր հանցագործությունից 6-7 ժամ առաջ): Քննչական կոմիտեն հաստատեց դա` նշելով, որ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգ, պարկուճներ, փամփուշտներ, ինչպես նաև  զինվորական հագուստ, կոշիկ և պայուսակ, որի վրա գրված է` Վ. Պերմյակով: 

 

Չենք տեսել, չենք լսել

 

Ըստ նախաքննական մարմնի`  հանցագործություն կատարած անձը  ԱԿ տեսակի ինքնաձիգից (Կալաշնիկովի ինքնաձիգ) է կրակոցներ արձակել` առնվազն 20 կրակոց: Ուշադրություն` ինքնաձիգը խլացուցիչ չի ունեցել, այսինքն` հանցագործությունն անաղմուկ չի կատարվել: Սակայն Ավետիսյանների  հարևանները պնդում են, որ կրակոցի ձայներ չեն լսել: Միայն հարևաններից մեկն է խոստովանում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն կարծել է, թե երկրաշարժ է: Մեկ ուրիշ հարևանն էլ կարծել է, թե հրավառություն  է, եւ սա այն դեպքում, երբ դեպքը տեղի  է ունեցել վաղ առավոտյան: Մեկն էլ պնդում է, թե ձայներ չի լսել, քանի որ տան եվրապատուհանները ձայնը խլացնում են… Այ քեզ եվրապատուհան: 

 

Հարեւանները զրույցների ժամանակ պարզապես ինքնապաշտպանվում էին, առանց լսելու հարցը` հայտնում, որ ոչինչ չեն տեսել և չեն լսել:  Ըստ էության` նրանց մոտ համատարած վախի մթնոլորտ էր:

 

19-ամյա կասկածյալին փնտրում են ՀՀ ողջ տարածքում

 

Ոստիկանությունը հրապարակեց կասկածյալի լուսանկարն ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Ուժեղացված հսկողություն սահմանվեց հանրապետության ողջ տարածքում: Գյումրիից դուրս եկող հիմնական ճանապարհներին հայտնվեցին զինված ոստիկաններ, ստուգվում էին բոլոր կասկածելի թվացող մեքենաները: Ստուգվում էր Երեւանի ամբողջ տարածքը: Մարդիկ դժվարությամբ էին հավատում, որ հարյուրավոր ոստիկաններ փնտրում են մի ռուս տղայի: Անգամ մետրոյի` մի ուղղությամբ երթեւեկությունն էր դադարեցվել: «Ինչ-որ ուրիշ բան են փնտրում»,- խոսում էին մարդիկ…

 

Քաոս` Գյումրիում

 

Գյումրիում հայտարարվեց ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում էր, որ հանցագործը կամ հանցագործները զինված է կամ զինված են: Լուրեր սկսեցին շրջանառվել, թե նա միայնակ չի եղել, գործել է զինված խումբ: Փակ են դպրոցները, մանկապարտեզները, որոշ խանութներ,  բնակիչներին հորդորում են փողոց դուրս չգալ: Երկու կողմերը` հայկական եւ ռուսական, երկու տարբեր քրեական գործեր են հարուցում: Ուշադրություն` ՀՀ օրենքը թույլ չի տալիս նույն անձի նկատմամբ  նույն մեղադրանքով երկու տարբեր վարույթներում գործ քննել:  Միջադեպի հանգամանքները պարզելու համար Ռուսաստանից հատուկ հանձնաժողով է ժամանում Գյումրի:

 

Պերմյակովը հայտնաբերվեց

 

Երեկոյան տեղեկություն տարածվեց, որ սահմանը հատելու փորձ կատարելիս Երազգավորս գյուղի մոտ սահմանապահները բռնել են Պերմյակովին: Ավելի ուշ տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց: Շրջանառության մեջ դրվեց երկու վարկած.

1. Պերմյակովին բռնել են ոչ թե ռուս սահմանապահները, այլ հայ իրավապահները, ոչ թե երեկոյան, այլ կեսօրից հետո, սպասել են այնքան, մինչեւ ՌԴ-ից ժամանի հատուկ հանձնաժողովը:

2. Ռուս զինծառայողը հանցագործությունը կատարելուց հետո վերադարձել է զորամաս, սակայն տեղեկությունը չի հրապարակայնացվել` հետագա քայլերը  հասկանալու համար ժամանակ շահելու նպատակով:

 

 

Հունան Պողոսյանը անակնկալ կերպով սկսեց հրապարակել ռուս զինծառայողի ցուցմունքը

 

Դեպքի հաջորդ օրը` առավոտյան, Գյումրիում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտնում է, որ Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, նախնական տեղեկությունների համաձայն` գործել է միայնակ: Հետաքրքիր է` եթե սպանության ականատեսներ չեն եղել, ժամանակ պահանջող փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն, ինչպե՞ս հնարավոր եղավ այդքան շուտ պարզել, որ նա միայնակ է գործել:

 

Պողոսյանի խոսքով` ռուս զինծառայողն ասել է, որ սահմանն անցնելու մտադրություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին թաքնվել է:
Նշենք, որ  Երազգավորսը մարզկենտրոն Գյումրիից 11 կմ է հեռու, և առնվազն տարօրինակ է, որ զինծառայողն այդքան տարածություն կտրել-անցել է եւ անգիտակցաբար հայտնվել  սահմանին ու թաքնվել է հենց ռուս սահմանապահների քթի տակ: Հետաքրքիր է, իսկ ո՞ւր էր պատրաստվում ուղևորվել զինծառայողը, գուցե մտադիր էր սահմանի երկայնքով շարունակել Մյասնիկյան փողոցի «զբոսա՞նքը»: Ուշագրավ է նաև այն, որ  զինծառայողը գրեթե նոր էր զորակոչվել (մոտ ամիս ու կես), այսինքն` չէր կարող տեղանքին այդքան ծանոթ լինել:

 

Հակառակ Հունա Պողոսյանի` Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Պերմյակովը «շարժվում էր դեպի պետական սահմանը, հրամայել են կանգ առնել, սակայն նա շարունակել է քայլել: Այնուհետև սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան...»: 

 

Փոխոստիկանապետի խոսքով` զինծառայողը հոգեկան խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում: Հակառակ դեպքում` հարց կծագեր` ի՞նչ գործ ունի հոգեկան խնդիրներ ունեցող զինվորը ռուսական ռազմաբազայում: Բայց նաեւ հարց է առաջանում` Հունան Պողոսյանը որտեղի՞ց գիտի, որ նա հանցագործության պահին ադեկվատ վիճակում է եղել:

 

Չի բացառվում նաեւ,  որ Պերմյակովի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ  պարզվի, որ հոգեկան շեղումներ ունի, և Պերմյակովը Հայաստանում ցմահ դատապարտվելու փոխարեն  իր հետագա կյանքն անցկացնի ռուսական հոգեբուժարաններից մեկում` բոլորի աչքից հեռու:

 

Պերմյակովի երեք բջջային հեռախոսները…

 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը:

 

«Ծարավ» զինվորը  ազատվել է վկաներից, հատկապես`  «ամենավտանգավորներից»`  2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից,   շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում: Ուշագրավ է, որ Պերմյակովը չէր մոռացել պայուսակը, որի վրա բավական մեծ տառերով գրված է իր անուն-ազգանունը, աչքի, իսկ ավելի ճիշտ լուսանկարչական ապարատի օբյեկտիվի համար հարմար դիրքով դնել: Հավանաբար, որ բոլորի հիշողության մեջ ֆիքսվի այդ կադրը:

 
Առկա փաստերն առայժմ խոսում են այն մասին, որ հանցագործությունը կատարողը (կամ կատարողները) Պերմյակով անձի հետքերը թաքցնելու խնդիր չի (չեն) ունեցել:

 

Կասկածելի են նրա` միայնակ գործելու հանգամանքը շարունակ շեշտադրելու փորձերը: Մի բան, կարծես, հստակ է` Պերմյակովի արարքի բացահայտմամբ շահագրգռված են թե’ հայկական և թե’ ռուսական կողմերը: Չի բացառվում, որ արարքին բացատրություն վերին օղակներում արդեն գտել են, թե երբ կհրապարակայնացնեն, հստակ չէ:

 

Այս օրերին կատարվող իրադարձություններն ու դրանց վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների արձագանքը փաստում են ժամ առ ժամ հասունացող պայթյունավտանգ իրավիճակի մասին, որից խուսափելու միակ ելքը օդում առկախված մի քանի հարցերի պատասխանները տալն ու այս պատմության վրա լույս սփռելն է:

 

Ի դեպ, Պերմյակովի մոտ հայտնաբերվել է բջջային երեք հեռախոս: Չար լեզուներն ասում են` մեկը հայկական համարով է, մյուսը` ռուսական, երրորդն էլ`…