կարևոր
4339 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 15:14
Հասարակություն

Արցախում աշակերտները հեռախոսների լույսերով են պարապմունք անում

Արցախում աշակերտները հեռախոսների լույսերով են պարապմունք անում

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արդեն մի քանի օր է վթար է եղել։ Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:

Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայում աշակերտները պարապմունքներն իրականացնում են հեռախոսների լապտերների լույսերի ներքո։

«Դահլիճում հովհարային անջատումներ են լինում, մութ է լինում, ունեմ  40-ից ավել աշակերտներ, որ գոնե 30-ը գան՝ միացրած  հեռախոսներով կստացվի պարապմունք անել, որովհետև երեկոյան ժամերին է հիմնականում լինում պարապմունքները»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ, «Հանուն Արցախի» շարժման համակարգող, ազատամարտիկ Արմեն Պետրոսյանը:

Մարզիչը նշում է, որ չնայած դժվարություններին հիմնականում աշակերտները ներկա են լինում պարապմունքներին․ «Եթե առողջական խնդիրներ չեն ունենում՝ բոլորը ներկայանում են։ Հիմնականում փորձում ենք գնալ մեր ներքին միջոցառումներին: Հաշվի առնելով, որ ճանապարհ չկա, չենք կարող մասնակցել ՀՀ-ում անցկացվող մրցումներին, կամ այլ սեմինար պարապունքներին, կփորձենք անցկացնել ներքին առաջնություններ, ճիշտ է չունենք խրախուսման բազա՝ մեդալ, պատվոգիր, բայց կփորձենք այլ ձևերով խրախուսել աչքի ընկած աշակերտներին»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշում է, որ իրենք աշակերտներին էլ կոչ են անում, որ սա իրենց հողն է և պետք է մնան այս հողում․ «Պետք է պայքարենք՝ անկախ նրանից, թե Հայաստանի և մեր իշխանությունները ինչ ուղղություն կբռնեն, մենք պետք է մնանք այս հողում, մենք երկրորդ Նախիջևան չենք ուզում դարձնենք Արցախը։ Պետք է մնանք, ապրենք, բազմանանք, շատանանք, մեզանից ուժ ներկայացնենք, որպեսզի աշխարհն էլ տեսնի, որ մենք ուզում ենք ապրենք, և միգուցե բարու կողմը կանգնի աշխարհը, այն մարդկանց կողքին, ովքեր ուզում են ապրեն, արարեն, մարզվեն, միջազգային հարթակներում  ներկայանան։ Մենք ունենք մարզիկներ, որ աշխարհի քառակի, եռակի չեմպիոն են, մրցանակակիրներ ունենք, նույնիսկ անցած Եվրոպայի առաջնությանը մրցանակներով են վերադարձել այնտեղից»։

Արցախում էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումներ են լինում են, քանի որ ներքին ՀԷԿ-ի ուժը չի հերիքում, որ բավարարի բոլորի պահանջը, հովհարային անջատումներ լինելու են տարբեր ժամաքանակներով, որպեսզի կարողանան սպասարկել ամբողջ բնակչությանը։

Արցախում հուսահատություն և անորոշություն կա և կա կատաղություն և ագրեսիա դեպի թշնամին, կա պատրաստակամություն։ Այսպես է նկարագրում արցախցիների վիճակը Արմեն Պետրոսյանը․ «Տեսնում ես, որ ժողովուրդը ասում է՝ թքած ամեն ինչի վրա, եթե պետք է  մինչև վերջ կգնանք պայքարելու, միայն թե կարողանանք այս հարցին լուծում տալ։ Բայց ամեն ինչն էլ ազդում է ժողովրդի վրա՝ խանութների դատարկությունը, սննդի պակասը, հասարակ ջեռուցման հարցը»։

Մարզիչը կարծում է, որ պետք է  օգտագործենք մեր դաշնակցային ուժերը և Ռուսաստանի հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ և փորձենք  օգտագործել հենց այդ ճնշումը և՛ Ադրբեջանի և՛ ինչու չէ նաև Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի կարողանանք այդ ճանաապրհը բացել․ «Մենք առաջին անգամ չէ, որ բլոկադայի մեջ ենք, առաջին պատերազմի ժամանակ Արցախը նույնպես բլոկադայի մեջ էր, բայց կարողացանք հաղթել, մենք մեր խոսքը ասելու ենք»,- ասաց նա։

Պարապմունքների տեսանյութերը` հղումով:

Լ․Ա․