կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 16:07
Հասարակություն

Հավանական է, որ Պերմյակովին Հայաստանին վերադարձնելու համաձայնություն կա

Հավանական է, որ Պերմյակովին Հայաստանին վերադարձնելու համաձայնություն կա

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Գյումրիում 7 անձի սպանելու մեջ մեղադրվող Պերմյակովին ՀՀ իշխանություններին հանձնելու վերաբերյալ նամակը՝ ուղղված ռուս կոլեգային, ուշացումով էր, բոլոր հիմքերը կային` ավելի վաղ դիմելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

«Դեռևս երեկ առավոտյան, փաստորեն, նա չուներ այդ հիմքերը: «Ինտերֆաքս»-ը կեսօրին լուր տարածեց, թե դատը և մյուս բոլոր գործողությունները կատարելու է ռուսական կողմը, հինգ ժամ անց հայտնվում է Կոստանյանի նամակը: Եթե Կոստանյանի տրամաբանությամբ նայենք, ապա ինքը, մինչև նամակ գրելը, լրացուցիչ հիմքեր չի ունեցել ու դրանից առաջ ստացել է` դիմելու համար: Ճիշտ կլինի, որ տեղեկացնեն, թե ի՞նչ նոր հիմքեր են հայտնվել նրա ձեռքի տակ, որոնք չկային, և թույլ են տվել դիմել ՌԴ գլխավոր դատախազին»,- ասաց Լ. Բարսեղյանը:

 

Նրա խոսքով` Կոստանյանն ինքնուրույն` առանց Սերժ Սարգսյանի թույլտվության չէր կարող նման դիմում գրել: «Եթե վաղը չէ մյուս օրը պարզվի, որ ռուսական կողմը հրաժարվում է գործը տրամադրել հայկական կողմին, ապա սա լուրջ  հարված է լինելու Սերժ Սարգսյանի և Կրեմլի հարաբերություններին: Վերջիվերջո, նկատողություն են անելու`  նամակ գրելուց առաջ չե'ք կարող ճշտել` մենք կարո՞ղ ենք տալ, թե՞ ոչ: Ինձ թվում է՝ եթե գրել է այդ նամակը,  վերևներում համաձայնություն ունեն՝ գործը փոխանցելու, ինչը երկու իշխանությունների երեսը լվալու, հեղինակությունը մի քիչ վերականգնելու քայլ է»,- ասաց Բարսեղյանը:

 

Իսկ ինչ վերաբերում է հենց սպանության գործին, ապա, նրա խոսքով, հանրությունը 200-ից ավելի հարցեր ունի, և նույնիսկ պարզ հարցերի պատասխանները մինչ օրս՝ սպանությունից  23 օր անց, չեն տրվում: Մասնավորապես` այն, որ սպանության օրը Շիրակի մարզպետը հայտարարության մեջ ասել է, թե ռուսական կողմը հայտնել է հայկական կողմին ռուս զինծառայողի` ռազմաբազայից փախչելու մասին: Սակայն, թե ե՞րբ, կոնկրետ ո՞ր ժամին է տեղեկությունը հայտնի դարձել,  պատասխան չկա, այնինչ՝ սա նախաքննական գաղտնիք լինել չի կարող:

 

«Ենթադրենք`  բավականին վաղ են տեղյակ պահել, և մեր իշխանությունները բավականին միջոցներ ձեռք չեն արել` նախազգուշացման, կանխարգելման, այս դեպքում նրանք էլ մեղքի բաժին ունեն: Եթե իմացել են ուշ, դա արդեն այլ հարց է»,- ասաց Լևոն Բարսեղյանը եւ պարզաբանեց, որ եթե ավելի վաղ տեղեկատվություն լիներ, ապա նույնիսկ գիշերվա ժամին Գյումրու հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները ընդամենը 15 րոպեում կկարողանային տեղեկացնել հանրությանը՝ առանց խուճապ առաջացնելու: Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությամբ էլ էր հնարավոր հեռարձակել տեղեկությունը և կոչ անել՝ դուռ-պատուհանները փակ պահել, զգուշանալ:

 

«Այս ամենը բերում է ՀՀ իշխանությունների և իրավապահ մարմինների լրացուցիչ վարկաբերման և նվաստացման: Իհարկե, դա նորություն չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ըստ նրա` պարզ հարցեր մինչ օրս անպատասխանեն մնացել, այնինչ` սպանության վերաբերյալ ամբողջական պատկերը հնարավոր էր ստանալ մեկ շաբաթվա ընթացքում: «Կասկածյալի դպրոցը, մանկապարտեզը, առաջին զորամասը, որտեղ նա ծառայել է, այստեղի զորամասը գտնվում են ռուսական կողմի  տիրապետման տիրույթում, նրանց ձեռքում էին «Օդնոկլասսնիկի»-ի նրա պրոֆիլը, սպանվածներից 2-3 հոգու պրոֆիլները, հեռախոսային վերծանումները, սպանված հոր և որդու խոպանի տարածքը՝ Կրասնոդար, Տուապսե, Անապա: Ահռելի տեղեկությունների բազա կա, որը պետք է բացահայտել ու բացատրել մեզ: Իսկ այն անփույթ մտքին (թե ջուր խմելու համար է մտել Ավետիսյանների տուն), որ մեզ ասել են հունվարի 13-ին, որևէ մեկը լուրջ չի վերաբերվել»,- ասաց Լ. Բարսեղյանը:

 

Փետրվարի 14-ին Գյումրիում հանրային քննարկում է կազմակերպվելու Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ: Լևոն Բարսեղյանը հայտնեց, որ օրակարգային երեք խնդիր կա: Առաջին` ի մի են բերվելու լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, այսպես ասած՝ ժողովրդական հետաքննություն է կատարվելու: Երկրորդ՝  քննարկվելու են ՀՀ իշխանությունների կողմից արված սխալները` ինչո՞ւ մինչ օրս գործ չի հարուցվել ռուսների կողմից Պերմյակովին հափշտակելու, ռուս զինվորականների կողմից զենքով հետախուզում կատարելու և այլ օրինախախտումների վերաբերյալ: Եվ այս դեպքերում ինչ պետք է արվի: Երրորդ օրակարգային հարցը լինելու է նման դեպքերից խուսափելու համար երաշխիքների մշակման հարցը, որի համար պատասխանատու է հենց Սերժ ՍարգսյանըԼ. Բարսեղյանի խոսքով` երբ մեկի տնից գողություն է կատարվում, այդ մարդն անվտանգության քայլեր է կատարում՝ կողպեքը փոխել, ճաղավանդակներ, տեսախցիկներ դնել և այլն: Իսկ այս դեպքում, բացի երկկողմանի պայմանագրերից, ոչինչ չի արվում, չկա որևէ մեխանիզմ, որը կերաշխավորի նման դեպքերի բացառումըԱվելին` արդեն մեկ ամիս է` Սերժ Սարգսյանը լուռ է: