կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 15:57
Տնտեսական

Ինչո՞ւ են ծխախոտ ներմուծողների հարկերը նվազել

Ինչո՞ւ են ծխախոտ ներմուծողների հարկերը նվազել

Դեռևս 2010-ից կառավարությունը որդեգրեց քաղաքականություն, համաձայն որի` տեղական և ներմուծվող ծխախոտների հարկային բեռը պետք է հավասարեցվեր: Կտրուկ թանկացումներից խուսափելու համար որոշվեց դա անել աստիճանաբար և յուրաքանչյուր տարի բարձրացնել հաստատագրված վճարները: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ տեղական ծխախոտի գինը յուրաքանչյուր տարի թանկանում է միջինը 10 դրամով: Հետևաբար, այս թանկացումը անդրադարձել է նաև հայկական ծխախոտ արտադրող ընկերությունների վճարած հարկերի ծավալի վրա:

 

Օրինակ` 2013-ին «Ինտերնեշնլ Մասիս տաբակը» վճարել է 5.3 միլիարդ դրամ հարկ, իսկ «Գրանդ տոբակոն»` 4.9 միլիարդ դրամ: Բայց 2014-ին «Գրանդ տոբակո»-ի վճարած հարկը պետբյուջե ավելացել է ավելի քան 2 անգամ: Ընկերությունը վճարել է 10.4 միլիարդ դրամ հարկ և տեղ գտել խոշոր հարկատուների տասնյակում: Մոտավորապես 500 միլիոն դրամ ավելի հարկ էլ վճարել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»:

 

Հակառակ պատկերն է, սակայն, ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերություններում: Դրանք, 2013-ի համեմատ, ավելի քիչ հարկ են վճարել: «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը 2013-ին վճարել է 9 միլիարդ դրամ հարկ, իսկ 2014-ին` 8 միլիարդ դրամ: «Ավերս» ընկերությունը, որը հայտնի է «Դավիդով» ծխախոտի ներկրմամբ, 2013-ին վճարել է 6.5 միլիարդ դրամ հարկ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ տեղը, իսկ նախորդ տարի վճարել է ընդամենը 2.9 միլիարդ դրամ հարկ և խոշոր հարկ վճարողների ցուցակում իր դիրքերը զիջել միանգամից 30 հորիզոնականով:

 

Վերը նշված 4 ընկերությունները միասին 2013-ին պետբյուջե վճարել էին մոտավորապես 22 միլիարդ դրամ հարկ, իսկ 2014-ին` շուրջ 27 միլիոն դրամ: Այս ավելացումն էլ ապահովել են հիմնականում տեղական արտադրողները: Տեղական ծխախոտ արտադրող ընկերությունների վճարած հարկերի ավելացումն էլ պայմանավորված է ինչպես հարկային բեռի ավելացմամբ, այնպես էլ վաճառքի ծավալների մեծացմամբ: