Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Թուրքիայից Հայաստան են ներմուծվում վարունգ, լոլիկ և կարտոֆիլ, որոնց գինը, հայկականի համեմատ, ավելի մատչելի է: Սակայն ներմուծողների ուրախությունը երկար չի տևի` մի քանի օրից արդեն գյուղացին հայկական մթերքն ավելի էժան գներով կառաջարկի սպառողին:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ Թուրքիայից ներմուծվող լոլիկը, վարունգը կամ վաղահաս կարտոֆիլը չեն տարբերվում հայկականից, քանի որ դրանք աճեցվում են հայկական հողում` Կարսում:
«Նախորդ տարի Շիրակի մարզում 65 օր երաշտ եղավ, և հենց դա է պատճառը, որ այսօր մեր շուկայում թուրքական լոլիկ է վաճառվում: Բացի այդ` ՌԴ-ից 500 տոննա պարենային կարտոֆիլ էր ներմուծվել Հայաստան, որը, որպես սերմնացու, վաճառել են գյուղացուն: Ցավալին այն է, որ թեև այդ «սերմնացուն» բերք չի տա, բայց այդ կարտոֆիլը չորս հիվանդություն է ունեցել, և հիմա մեր հողն էլ հիվանդություններ է ձեռք բերել: Մեր դժբախտությունն է, որ Ռուսաստանը Հայաստան կարտոֆիլ է ներմուծում»,- ասաց Բերբերյանը:
Պատճառը, որ թուրքական գյուղմթերքը հայկական շուկայում լավ վաճառվում է, ըստ Բերբերյանի, մեկն է` գինը: Թուրքական լոլիկը, օրինակ, կարողանում են աճեցնել պոլիէթիլենային տոպրակի տակ՝ առանց ջեռուցման, իսկ մեզ մոտ ջեռուցումը ինքնարժեքի 70 տոկոսն է կազմում: «Բայց ես չեմ կարծում, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները խզենք, և հայկական շուկան այն մեծ շուկան չէ, որ, հարաբերությունների խզմամբ, մեծ վնաս տանք թուրքական տնտեսությանը: Խնդիրն այն է, որ մեզ համար ուղղակի թվեր են նկարում, թե հայկական բերքն աննախադեպ է այս տարի: Ոոչ, պետք չէ մեզ խաբել` ինչո՞ւ եք խաբում, դրանից ի՞նչ եք շահում»,- նշեց մասնագետը: