կարևոր
2569 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-15 16:12
Քաղաքական

Մենք <<ագրարային>> երկրից դարձանք դզող-փչողների, ԱՄՆ-ից մետաղի ջարդոն ներմուծողների եւ Ռուսաստան արտահանողների երկիր․ Արթուր Խաչատրյան

«Եթե ամեն ինչ այդքան հրաշալի լիներ, ինչպես ներկայացնում են կառավարությունը եւ իշխանական պատգամավորները, ապա Հայաստանից չէր շարունակվի արտագաղթը։ Հայաստանի անձնագիր ունեցող 22 հազար մարդ 2022 թվականին լքել է մեր երկիրը։ Չէին ավելանա հանցագործությունները, թմրամոլությունը, խաղամոլությունը, 100 հազար բնակչի հաշվով ինքնասպանությունների թիվը, ամուսնալուծությունների մակարդակը»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները խոսում են աննախադեպ տնտեսական աճի մասին՝ 12․6 տոկոս։ «Որտեղի՞ց է գալիս այդ աննախադեպ տնտեսական աճը, տնտեսության ո՞ր բնագավառներն են նպաստում՝ 9․34 տոկոսով ծառայությունները։ ՀՆԱ-ին ամենամեծ մասնաբաժինը մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների վերանորոգումն է։ Այսինքն՝ մենք ագրարային երկրից դարձանք դզող-փչողների, Ամերիկայից մետաղի ջարդոն ներմուծողների եւ Ռուսաստան արտահանողների երկիր։ Կառավարությունը խոստացել էր Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր։ 2022 թվականին Գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանն արձանագրել է պատմական մինիմումը, երբեք ավելի պրիմիտիվ տնտեսություն, քան այսօր, մենք չենք ունեցել»,- ասաց նա։

Երկրորդ ամենամեծ ճյուղը, պատգամավորի խոսքով, շինարարությունն է, որում մեծ մասնաբաժին է կազմում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող բնակարանաշինությունը։ Կառավարության տվյալներով՝ 55 հազար բնակարան է կառուցվում։ «Բոլոր գնահատականներով՝ մենք շինարարության շուկայում ունենք գերտաքացում, գերտաքացած շուկայում փուչիկ է փչվում, որը կարող է պայթել։ Փոխելով Հարկային օրենսգիրքը՝ դուք վարքագծային փոփոխություն առաջացրեցիք։ Մարդիկ, ովքեր ունեին վարկունակություն, շտապեցին եւ բանկերից հիփոթեքային վարկ ստացան։ Ավելի պարզ ասած՝ դուք մեր 55 հազար քաղաքացու տան մեջ դանդաղ գործողության ռումբ եք դրել, որը կարող է պայթել, կարող է՝ ոչ։ Միայն այդ մանիպուլյատիվ պնդման համար, որ Հայաստանում 55 հազար բնակարան է կառուցվում, հետեւաբար, մեր քաղաքացիները վստահում են կառավարությանը, դուք այդ ռումբը դրեցիք մեր հայրենակիցների բնակարաններում»,- ասաց պատգամավորը։ Արթուր Խաչատրյանը նաեւ հավելեց, որ կապիտալ ծախսերը, որոնք պետք է նպաստեին տնտեսության աճին, կատարվել են ընդամենը 61 տոկոսով։ Ըստ նրա՝ երբ արտաքին դրական ազդակը վերանա, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էապես կվատթարանա։ «Դա էլ երկրորդ ռումբն է, որ դրել եք այս երկրի տակ»,- նշեց նա։