կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 12:24
Հասարակություն

Զարգացնում ենք այն ոլորտները, որտեղ կա´մ հարկերը չենք կարողանում գանձել, կա´մ հարկերը չենք տեսնում, որ գանձենք. Հակոբ Հակոբյան

Զարգացնում ենք այն ոլորտները, որտեղ կա´մ հարկերը չենք կարողանում գանձել, կա´մ հարկերը չենք տեսնում, որ գանձենք. Հակոբ Հակոբյան

Միևնույն է, առողջապահության համակարգում պետք է անցնենք պարտադիր ապահովագրությանը, առանց դրա չի կարող լուծում լինել, որովհետև այդ համակարգում ունենք պետության կողմից մեծ պարտավարություններ, քիչ միջոցներ և լուծումը գտնում ենք անորակ ծառայություններ մատուցելու մեջ. 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Մենք պետք է բավականաչափ քաղաքական ռիսկ ունենանք, որպեսզի գումարները վերցնենք սոցիալական ոլորտից, ձեռնարկություններից, փող ունեցող քաղաքացիները պետք է շատ վճարեն և այլն, այսինքն` ճանապարհները կան»,- կարծիք հայտնեց նա:

Միաժամանակ, ըստ պատգամավորի, մինչ այդ իրավական ոլորտում առնվազն երկու օրենք պետք է ընդունել: «Առողջապահության պարտադիր ապահովագրական համակարգը  մինչև իրավական դաշտով չապահովագրենք, ես` որպես այսօր հանձնաժողովի նախագահ, դեմ եմ նման համակարգին` կողմ լինելով: Երբ 2-3 տարի առաջ ես ամբիոնից հայտարարեցի, որ քաղաքացին պետք է աշխատի, գյուղի մարդը՝ գյուղում, քաղաքի մարդը՝ քաղաքում, ինձ քննադատում էին, քննադատում էր այսօրվա իշխանությունը, ասում էր` դուք ուզում եք, որ մարդն աշխատի, որ հարկ վերցնեք: Հիմա հարց՝  դուք որդեգրել եք աշխատանքը խրախուսելու քաղաքականությունը, 2019-ի բյուջեում քանի՞ դրամ գումար է ներդրված աշխատանքը խրախուսելու համար»,- դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին` հարցրեց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կազմվել է եղած կարգավորումների տրամաբանությամբ: «Մենք նախատեսում ենք, որ կառավարությունը, կախված կառուցվածքային փոփոխություններից, կկատարի վերաբաշխումներ: Կհամաձայնեք, որ դժվար է մեկ շնչին ընկնող կանխատեսումը՝ ՀՆԱ-ի 4 600 դոլար, մեզ համար ամենամեծ երազանքի իրականացում համարել, մենք ավելիին ենք ձգտնելու: Եթե Դուք ավելի լավ բանաձև եք տեսնում, կարող եք հրապարակային ասել, մենք էլ օգտվենք այդ բանաձևից»,- ասաց նա:

Հակոբյանն արձագանքեց, որ որդեգրել են տուրիզմը զարգացնելու քաղաքականությունը և, բերելով Հունաստանի օրինակը, ասաց. «Մենք պետք է երազենք հասնել Հունաստանի տուրիզմին առաջիկա 100 տարում, բայց անտեղ աղքատությունը 35% է: Որդեգրել ենք քաղաքականություն` զարգացնել ՏՏ ոլորոտը, որտեղ մեր հարկային վերահսկողությունն ամենաքիչն է, այսինքն՝ զարգացնում ենք այն ոլորտները, որտեղ կա'մ հարկերը չենք կարողանում գանձել, կա'մ հարկերը չենք տեսնում, որ գանձենք, հետևաբար` ապագա զարգացումները մեզ ո՞ւր են տանելու»,- նշեց պատգամավորը:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ հարկային համակարգի փոփոխությունը քննարկման փուլում է: «Իրավացի եք` ՏՏ ոլորտում կա վերապահում, որը օրենսդրությամբ է սահմանված, որ նորերը հնարավորություն ունենան աճելու, բայց դա ժամկետային սահմանափակում ունի: Ոլորտի մասնագետներն առաջարկում են ժամկետը մի քիչ էլ երկարացնել»,- ասաց նա: