Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ուշ երեկոյան փաստաբան Երեմ Սարգսյանը Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների գործով ներգրավվել է որպես տուժողների իրավահաջորդների՝ սպանված ընտանիքի հոր՝ Սերգեյ Ավետիսյանի դստեր՝ Լուսինե Ավետիսյանի և նրա ամուսնու՝ Եգոր Ադամյանի շահերի ներկայացուցիչ:
Yerkir.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր հետ կապ են հաստատել նաև տուժողի իրավահաջորդ ճանաչված` Սերգեյ Ավետիսյանի մյուս դուստրը՝ Անահիտ Ավետիսյանը, ու ընտանիքի մոր՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտան: Եվ հավանական է, որ այսօր նաև որպես նրանց ներկայացուցիչ ներգրավվի այս գործով: Իսկ տուժողի հինգերորդ իրավահաջորդը ընտանիքի հարսի՝ Արաքսյայի հայրն է, որի վերաբերյալ փաստաբանը որևէ տեղեկություն չուներ:
Մեզ հետ զրույցում Երեմ Սարգսյանը հայտնեց, որ գործի նյութերին փորձելու է ծանոթանալ այսօր: Ի դեպ, նախաքննական տվյալների ամբողջ ծավալին ծանոթանալու իրավասություն տուժող կողմը չունի: Փաստաբանը ծանոթանալու է այն նյութերին, որոնք վերաբերում են իր վստահորդներին, ովքեր, ի դեպ, արդեն իսկ ցուցմունքներ են տվել:
Հարցին, թե ինքն իրավասություն ունի՞ գործով մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովի հետ հանդիպելու, Ե. Սարգսյանը պատասխանեց. «Տեսականորեն հնարավոր է, որ կատարվեն գործողություններ, որոնց մասնակցենք նաև մենք, և այդ ժամանակ հնարավոր լինի տեսնել նրան, սակայն գնալու ու նրան տեսնելու իրավասություն չունենք»:
Փաստաբանը խուսափեց նաև սպանության վարկածների մասին խոսելուց, քանի որ ներկայումս գործով մասնակից անձ է և որոշակիորեն կաշկանդված է` իր վստահորդների շահերը ներկայացնելով:
Ի դեպ, Երեմ Սարգսյանը սպանված Ավետիսյանների իրավահաջորդներին իրավական ծառայությունները մատուցում է անվճար: