կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 16:07
Իրավական

Կան մեղավորներ, ովքեր «դուրս են մնացել» նախաքննությունից. ցուցմունք տվեց սպանված ուսանողի հայրը

Կան մեղավորներ, ովքեր «դուրս են մնացել» նախաքննությունից. ցուցմունք տվեց սպանված ուսանողի հայրը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց մահացած ուսանողի հայրը` տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը:

 

Նա նշեց, որ ապրիլի 9-ին առաջին համալսարանական հիվանդանոցից իրեն է զանգահարել մի կին և հայտնել, որ իր որդուն դանակահարել են: Հասնելով հիվանդանոց` իմացել է, որ որդին այլևս ողջ չէ: Հայրապետյանի խոսքով` որդու հուղարկավորությունից հետո փորձել է պարզել միջադեպի մանրամասները: Նրան այդ գործում իր օգնությունն է առաջարկել որդու մոտ ընկերոջ` միջադեպին մասնակից Ռոբերտ Խաչատրյանի հայրը` Արմենը: Վերջինս Պատվականին հայտնել է, որ Տիգրանին դանակահարել է կոմիտասցի Հայկը` գործով ամբաստանյալ Հայկ Աղամալյանը, և որ շուտով նրան կձերբակալեն:

 

Պատվականի խոսքով` Արմենն իրեն հավաստիացրել է, որ Հայկին ձերբակալելու գործում իր լուման կա, սակայն հետագայում ինքը համոզվել է, որ Արմենի նպատակն ընդամենը իր որդուն այս ամենից հեռու պահելն է: «Որդուս հուղարկավորությունից հետո Ռոբերտը եկավ մեր տուն, ձեռքը վիրակապած էր և հազիվ էր քայլում: Նա նշեց, որ դեպքի ժամանակ իրեն էլ են դանակահարե: Խնդրեցի վերքը ցույց տալ, բացեց` տեսա միայն վիրակապը»,- պատմեց տուժողի իրավահաջորդը և հավելեց, որ իրեն հայտնել են, թե Ռոբերտն իրենց տանից դուրս գալուց հետո, շատ նորմալ քայլելով, գնացել է, ինչը կասկած է հարուցել:

 

Պատվականի խոսքով` մի որոշ ժամանակ հետո Արմեն Խաչատրյանն իր որդիների հետ եկել է իրենց տուն և ցույց տվել Հայկի նկարները: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ Ռոբերտին տարել են կալանավայր` Հայկին ճանաչելու, Ռոբերտը նրան չի ճանաչել:

 

«Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց, նրան այդ ժամանակ չճանաչեցի, հետո տեղը բերեցի, բայց քննիչն ասաց, որ արդեն ուշ է: Նա ամբաստանյալին չի ճանաչել»,- մեջբերելով Ռոբերտի` իրեն ուղղված խոսքերը պատմեց Պատվականը: «Դրանից հետո խոսեցի Արմենի հետ, ասացի` կա'մ ինձ հետ ես, կա'`մ ոչ, սակայն հասկացա, որ նրան վստահել չի կարելի»,-ասաց նա:

 

Իրավահաջորդը նաև պատմեց, որ ինքը զրուցել է դեպքի մասնակիցների հետ, սակայն ոչ ոք իրեն չի հայտնել Ռոբերտի` վնասվածք ստացած լինելու մասինքը: «Դա փորձաքննությունն էլ է հաստատել, այսինքն` Ռոբերտը ոչ մի վնասվածք չի ստացել»,- նշեց նա` հավելելով, որ Ռոբերտն իր հետ առերես հարցաքննության ժամանակ, պատճառաբանելով դեպքի վերաբերյալ հակասական ցուցմունքներ տալը, ասել է, որ ստել է իրեն:

 

Պատվականը համոզմունք հայտնեց, որ որդու մահվան գործում կան մեղավորներ, ովքեր «դուրս են մնացել» նախաքննությունից, և որ ինքն ամեն ինչ անելու է` նրանց գործում ներգրավելու համար: Այնուհետև նա իր ցուցմունքում պատմեց, թե ինչպես է ամբաստանյալ Հայկ Աղամալյանի մայրը` Նարինե Արիստակեսյանը,  իրեն «Ֆեյսբուք»-ով գրել է, թե իր որդին այս ամենի հետ կապ չունի: Նրա խոսքով` Նարինեն հետո լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ կռվին մասնակցել են նաև ոստիկանության աշխատակիցների տղաներ, որոնց անունները գործից դուրս են եկել: «Ինձ համար էականը ճշմարտությունը բացահայտելն է»,- ասաց մահացած տղայի հայրը: