Ազգային-ազատագրական շարժումը, պայքարը, պատերազմը (հասկացեք` ինչպես կուզեք) մի ազգի պայքարն է մեկ այլ, դոմինանտ ազգից ազատագրվելու, անկախություն ձեռք բերելու համար: Օրինակները շատ են` քրդերի պայքարը Թուրքիայում, բասկերի պայքարը Իսպանիայում, շոտլանդացիների պայքարը Մեծ Բրիտանիայում, վրաց-աբխազական պատերազմը, 1890-ականներից սկսած` հայերի պայքարն իրենց զավթված հայրենիքում, որ պսակվեց 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումով և, վերջապես, 1988-ի շարժումը, որի մեկնարկը տրվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից (կարող եք կարդալ` արցախահայությանը ադրբեջանցիների տիրապետության տակից) դուրս բերելու որոշումով, ինչին հետևեցին պատերազմն ու հայության հաղթանակը:
Որքան էլ փնտրեք, պատմության մեջ չեք հանդիպի մի դեպք, որ նույն ազգի ներկայացուցիչները միմյանց դեմ ազգային-ազատագրական շարժում սկսած լինեն: Դա նոնսենս է: Այսօր, հանկարծ, Հայաստանում հայտնվել է մի «ուժ», որը փորձում է ինքնահաստատվել հենց ազգային-ազատագրական պայքարի դրոշով: Այո, անկախ Հայաստանում, որի բնակչության 99 տոկոսը հայեր են:
Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե այդ ինքնահաստատվողը, որ իրեն «Հիմնադիր խորհրդարան» է անվանում, ինչի՞ վրա է դրել հույսը` ազգային-ազատագրական պայքար ծավալելով, օրինակ` Սպիտակում (նախկին անունը` Համամլու): Ճիշտն ասած` երբեք մտքովս չի անցել, որ մեր հարևան սպիտակցիները մեզնից` վանաձորցիներիցս, ազատագրվելու պայքար կարող էին սկսել: Երևի ուզում են իրենց քաղաքի նախկին անո՞ւնը վերականգնել… Այդուհանդերձ, սկսել են, ու տե'ս, թե հիմա էլ ինչ են ասում: Ասում են` հասե'ք, տեղական իշխանություններն ու ոստիկանությունը մեզնով են հետաքրքրվում: Է, կհետաքրքրվեն, բա ի՞նչ կանեն: Այդ ո՞ր երկրում մտքով հիվանդների ճակատագրով չեն հետաքրքրվում:
Այսօր լսեցինք հոգեխանգարմունքի ևս մեկ դեպքի մասին: Որքան էլ տարօրինակ էր, համաճարակի օջախն այս անգամ Արցախում էր բռնկվել` Ստեփանակերտում: Այստեղ էլ մի տասի չափ ղաչաղ որոշել է միանալ ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր «Հիմնադիր խորհրդարան»ին: Սրանց նպատակն էլ, երևի, Արցախը` արցախցիներից, Ստեփանակերտը ստեփանակերտցիներից ազատագրելն է և նոր խանության ստեղծումը: Ամենայն հավանականությամբ, տեղական իշխանություններն ու ոստիկանությունը սրանցով էլ կզբաղվեն, և շուտով սրանց նվնվոցն էլ կլսվի:
Ամեն դեպքում, ինչպես ասել է մի իմաստուն մարդ, եղածը եղած է: Համարենք, որ անկախ Հայաստանում, ի տարբերություն աշխարհի մյուս երկրների, հնարավոր է ազգային ազատագրական շարժում ծավալել: Մի կողմից էլ` «փաստը՚» մեր առջև է: Երկու օրից «Հիմնադիր խորհրդարանի» ազգային ազատագրական ավտոշարասյունը կգնա, դեմ կառնի անցակետին, ու իսկական կռիվը կսկսվիիիի~…
Որպեսզի նման բան չլինի (ազգային-ազատագրական պայքար սկսելուց առաջ ղարաբաղցիներին պետք է լավ ճանաչել) «Հիմնադիր խորհրդարան»-ին խորհուրդ կտայի փոխել երթուղին: Տավուշ-Կիրովաբադ-Աղդամի մատույցներ, իսկ այնտեղից էլ, դիվերսիոն խմբերի օժանդակությամբ, մինչև… Նավթադոլարները կհոսեն առատության եղջյուրից, ու կսկսվի ազգային ազատագրական շարժման հաջորդ փուլը` «100-ամյակն առանց ռեժիմի»: Եթե մի քիչ ազգային-ազատագրական երանգ տանք այս կոչին, կստացվի` «100-ամյակն առանց հայկականի»: Իրենք Ալիևի և Էրդողանի ռեժիմների դեմ բան չունեն, իրենց խնդիրը հայկական ռեժիմի հետ է, իսկ թե հայկական ռեժիմի տեղն ի՞նչ է գալու, երբ անկախ Հայաստանի հայերը ազատագրվեն հայերից, արդեն էական չէ:
Էդիկ Անդրեասյան