կարևոր
20248 դիտում, 2 ամիս առաջ - 2024-01-31 16:47
Հասարակություն Մշակույթ

Լույս է տեսել ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պետական գործիչ Զաքար Յոլյանի հուշերի ժողովածուն

Լույս է տեսել ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պետական գործիչ Զաքար Յոլյանի հուշերի ժողովածուն

Օրերս լույս է տեսել Աղասի Ազիզյանի և Աշոտ Սիմոնյանի կազմած ազգային-ազատագրական պայքարի և Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչ, նվիրյալ դաշնակցական Զաքար Յոլյանի «Անցեալի հուշեր» հուշագրությունների մեծածավալ ժողովածուն։ Գիրքը ներառում է նրա մամուլում տպագրված հոդվածները։

ԼեռնաՀայաստանի հայտնի գործչի հոդվածները լույս են տեսել Թիֆլիսի «Ժամանակ»-ում, Բաքվի «Արև»-ում և «Գրոհ»-ում, Գորիսի «Սյունիք»-ում, իսկ Իրան փոխադրվելուց հետո, Թեհրանի «Ալիք» օրաթերթում, Բոստոնի «Հայրենիք»-ում, ՀՅԴ օրգան «Դրօշակ»-ում, ինչպես նաև Բեյրութում ժամանակին լույս տեսնող  «Յեղափոխական ալբոմ» պարբերաթերթում։

Նորահրատ գրքի նյութերը դասավորված են ըստ բովանդակության և տպագրված թվականի ժամանակագրությամբ։ Հետաքրքրական է, որ Յոլյանը որոշ հուշերում իր մասին խոսում է երրորդ դեմքով։ Դրա վառ օրինակներից են՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ հանդիպման պատմությունը կամ Դրոյի հետ նրա ճամփորդությունը դեպի Երևան։

Ստորև ներկայացնում ենք գրքում տեղ գտած Զ․ Յոլյանի համառոտ կենսագրությունը, որը 1992 թվականին կազմել է իր որդին՝ Աշոտ Յոլյանը․

«Զ․ Յոլյանը ծնվել է 1882 թվականին Զանգեզուրի Գորիս քաղաքում՝ հունիսի 17-ին։ Տարագրվել է Պարսկաստան 1921 թ․-ի հուլիսի 10-ին։ 1946 թվականին տեղափոխվել է Թեհրան։

Այս տողերը, որ գրում եմ, տարիներով կուտակվել են մտքիս մեջ։ Դրանք լսել եմ իրենցից, կամ շրջապատից և կամ անձամբ իմ տեսածներն են։ Գրի եմ առել մտածելով, որ այն կարող է օգտակար լինել իրենց թոռներին ու ընթերցողներին։

Տարրական դպրոցն ավարտելուց հետո, ուր սովորել էր հայերեն և ռուսերեն, իր ապագան բարվոքելու ու նաև ծնողներին օգնելու նպատակով, 1898 թ․ աշնանը, հայրս թողնում է իր ծննդավայր Գորիսը և գնում Բաքու, ուր իր բարեկամների աջակցությամբ, գրագրի պաշտոնով, ամսական 18 ռուբլիով մտնում է ծառայության Մանթաշևի Սաբունչի նավթահանքում, որը Բաքվից 20 կմ․ հեռու էր գտնվում։

Շուրջ երկու տարի գիշեր-ցերեկ եռանդուն աշխատանքի շնորհիվ նշանակվում է պահեստապետ՝ ստանալով ամսական 30 ռուբլի, որը բավարար էր թե՛ օգնելու ծնողներին և թե՛ հոգալու իր կարիքները։ Նա կարողանում է թերթեր և գրքեր գնել ու նվիրվում է ընթերցանության, ի մասնավորի միջազգային քաղաքական կուսակցությունների գաղտնի հեղափոխական գրականության և մասնակցում է գաղտնի ժողովների։

1900 թվին տեղի է ունենում 20-օրյա  գործադուլ, որին մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որպես քաղաքական կազմակերպություն, որի գոյության իմաստն ու նպատակը հայ աշխատավոր դասի ազատագրումն ու նրա շահերի և իրավունքների պաշտպանությունն է տաճկական և ռուսական բռնատիրությունից։

Զաքար Յոլյանը 1903 թվին անդամագչվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

1910 թվականի դեկտեմբերի 18-ին ամուսնանում է Հայկանուշ Հովհաննիսյանի հետ։ Հայկանուշը ծնվել է 30 հունիսի 1896 թվականին Դիլիջանում և ավարտել Թիֆլիսի գիմնազիան։ Զաքարը և Հայկանուշը 8 տարի ապրում են Բաքվում։

Զ․ Յոլյանը 4000 բանվորների ներկայացուցիչ է ընտրվում։

Հայաստանի Հանրապետության ժամանակ ընտրվում է խորհրդարանի անդամ և հետագայում նշանակվում Զանգեզուրի ներկայացուցիչ և գեներալ կոմիսար։

1921-ի հուլիսի 10-ին տարագրվում է Պարսկաստան և բնակություն հաստատում Թավրիզ քաղաքում։ Կինը՝ Հայկանուշը մնում է Թիֆլիզում, որտեղ 1921 սեպտեմբերի 1-ին ծնվում եմ ես։ Մինչև 1925-ի դեկտեմբերի 27-ը ապրում ենք մենակ մամենց գերդաստանի հետ, որից հետո գալիս ենք Թավրիզ և միանում հորս։

Հայրս Թավրիզում հաշվապահություն էր անում ճանապարհներ և կամուրջներ կառուցող ընկերություններում, իսկ մայրս կար էր անում և հանգիստ ապրում էինք։ Հայրիկիս ընկերները հաճախ գալիս էին իրեն տեսնելու, միշտ հյուր ունեինք։ Մաման էլ ազատ ժամանակ ծանոթներից օգնություն էր հավաքում և բաժանում կարիքավորներին ու բազմազավակ ընտանիքներին և հաճախ, ծանոթների հիվանդության ժամանակ խնամում էր նրանց մինչև լուսանալը։

Զաքարը վերջերս Թավրիզում «Արօր» կոոպերատիվում 18 մասնաբաժին ուներ և կառավարում էր քաղաքի առաջին բենզալցակայանը։ Մեր դրությունը լավ էր, բայց այդ կոոպերատիվը փակվեց և մեր ունեցած 18 մասնաբաժինները փոշիացան։

Հայրս նաև պրն․ Կորյունի մոտ մեքենավարներին մեխանիկության դասեր էր տալիս։ 72 մեքենավարներ սովորեցրեց, որոնք այնուհետև մեքենաներ գնեցին և միշտ օրհնում էին հորս, որ իրենց գործի տեր դարձրեց։

1946-ի դեկտեմբերի 31-ին բոլորս տեղափոխվեցինք Թեհրան։ Հայրս «Ալիք» թերթի և Սփյուռքի այլ ամսագրերի մեջ նյութեր էր գրում և վերջերս էլ «Ալիք»-ը ամսական 3000 ռիալ վճարում էր կատարում։ Նրա մականունն էր Ա․ Աշխատունի։

Հայրս ձախլիկ էր, բայց երկու ձեռքով էլ գրում էր։ Շատ ծանր ձեռք ուներ։ Ասում էին, որ մի անգամ մի հոգու հարվածել էր ձախ ձեռքով․ այդ անձը երեք ամիս մնացել էր հիվանդանոցում։ Հենց այդ պատճառով նա երբեք ձախ ձեռքը չէր գործածում։

1970 թվականի ապրիլի 4-ին, կաթվածահար լինելուց երեք ամիս հետո, հայրս վախճանվեց։ Թաղումը տեղի ունեցավ ապրիլի 6-ին, Թեհրանի Դուլաբի գերեզմանաանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության պանթեոնում։

Հինգ տարի հետո, 1975-ի մարտի 24-ին մահացավ մայրս»։