կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 11:08
Տարածաշրջան

94-ամյա ամերիկահայը դատի է տվել Թուրքիային՝ հետ վերցնելու համար իր պապենական հողը

94-ամյա ամերիկահայը դատի է տվել Թուրքիային՝ հետ վերցնելու համար իր պապենական հողը

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.

 

«Հայերն ամբողջ աշխարհում կազմակերպում են հազարավոր միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման համար: Այդ միջոցառումների նպատակը Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականներին իրականացված զանգվածային վայրագությունների մասին աշխարհին հիշեցնելն է` ակնկալելով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանը առերեսվել իր ստոր անցյալի հետ և վերականգնել ցեղասպանության ժառանգների իրավունքները:

 

Այնուամենայնիվ, այդ վեհ նպատակին հասնելու համար գոյություն ունի ավելի արագ և արդյունավետ ճանապարհ՝ դատական հայց: Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել ԱՄՆ դաշնային դատարաններում`ընդդեմ ապահովագրական ընկերությունների: Այլ տարբեր հայցեր դեռ ընթացքի մեջ են:

 

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, թե’ Հայաստանի կառավարությունը և թե’ Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Սակայն նման լուրջ դատերը պետք է իրականացվեն միայն միջազգային իրավունքի մասնագետների կողմից, այլ ոչ թե հասարակ հայ անհատների կամ բարյացակամ համայնքային խմբերի կողմից: Սխալ ձևակերպման դեպքում այդ հայցերը Թուրքիայից Հայաստանի օրինական պահանջների վրա կարող են երկարատև կործանարար ազդեցություն ունենալ:

 

Անցած սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է Սիսի կաթողիկոսարանին մինչև Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով Թուրքիայի դեմ հայց ներկայացնել: Այս հայցը Թուրքիայի դատարանի կողմից մերժվելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումն այնուհետև կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 

Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որտեղ գտնվում է Տիգրանակերտի օդանավակայանը:

 

Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆոռնիայում, ինչպես թուրքական մամուլն է գրում): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո Տիգրանակերտից բռնագաղթվելով՝ նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև` Կուբա (ոչ թե Կորեա՝ ինչպես հաղորդել է թուրքական մամուլը) և վերջում հաստատվել Միացյալ Նահանգներում:

 

Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է 1967 թվականին թուրքական կառավարության կողմից, այն բանից հետո, երբ տեղական մի թերթում հայտարարություն է տեղադրվել և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ են արվել:

 

Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թվականի ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը` պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել` հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղեկացված չլինել Տիգրանակերտի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրված լիներ ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում:

 

Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:

 

Նույնիսկ եթե Սուջյանը շահի իր դատական գործը, հավանականությունը քիչ է, որ Թուրքիայի կառավարությունը կվերադարձնի տասնյակմիլիոնավոր դոլարների արժողության հողատարածքը, որի վրա գտնվում են Տիգրանակերտի ռազմական և քաղաքացիական օդանավակայանները: Այդ պատճառով էլ նրա փաստաբանը հայտնեց Milliyet թերթին, որ Սուջյանը միայն իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի չափով հատուցում է պահանջում:

 

Էլբեյօղլուն Milliyet-ի հետ զրույցում ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջև: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»:

 

Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ վերաքննիչ դատարանի՝ Սուջյանի հայցը չբավարարելու դեպքում նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը համայն հայության կողմից կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից:

 

Թուրքիայում կան բազում այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, որոնց թվում են՝

 

- Անկարայում Նախագահական պալատը, որ մինչև վերջերս զբաղեցված էր Էրդողանի և Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում:

 

- Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա:

 

- Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության:

 

Այս և հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին՝ որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին»: