կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 16:33
Իրավական

Հղի՞ ես, նայի մուրազդ փորումդ չմնա. քննչական բաժնում ծաղրե՞լ են երիտասարդ հարսին

Հղի՞ ես, նայի մուրազդ փորումդ  չմնա. քննչական բաժնում ծաղրե՞լ են երիտասարդ հարսին

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկամսյա կալանքի որոշում կայացրել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Մհեր Եղիազարյանին առևանգելու մեջ մեղադրվող Մուրադ Հարությունյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը): Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հիմքում դրվել է 25-ամյա Մհեր Եղիազարյանի` հանցագործության մասին հաղորդումը:

 

Նշենք, որ Եղիազարյանը  հաշվառված է «Աբովյան» ԲԿ ՓԲԸ-ի հոգեբուժական բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշված է մտավոր թերզարգացում` աֆեկտիվ անկայունությամբ և վարքային նշանակալի խանգառումնրով: Վերջին անգամ բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեբուժարանում:

 

Մ. Եղիազարյանը yerkir.am-ին ներկայացրեց դեպքի մանրամասները:

 

«Մուրադն ինձ 200 հազար դրամ փող էր տվել, որ իր մոտ 2 ամիս աշխատեի: Մի ամիս աշխատեցի, մյուս ամիս ասացի` չեմ աշխատի,: Կռվեցինք, իրար բրթեցինք, հետո ասում էր` կա'մ պետք ա գաս, աշխատես, կա'մ փողը հետ տաս: Ես էլ վախեցա, զանգեցի ոստիկանություն, սուտ բաներ ասեցի»,- պատմեց նա և հավելեց, որ չի պատկերացրել, որ դրանից հետո այսքան պատմություն կծագի` Մուրադին կկալանավորեն, նրա ընկերոջ կնոջը կստիպեն վկայություն տալ Մուրադի դեմ և այլն:

 

«Ես ուղղակի մտածեցի, որ զանգեմ ոստիկանություն, Մուրադն ինձ էլ չի անհանգստացնի»,- ասաց Մհերը: Նա նշեց, որ զղջում է արածի համար, սակայն երբ երկու օր անց ոստիկանական բաժնում ցուցմունք է տվել, որ իր ահազանգը կեղծ էր, իրեն չեն հավատացել, ցուցմունքն էլ չեն ընդունել:

 

Նշենք, որ,  ըստ նախաքննության, Մուրադն իր ընկերոջ տան մոտ ստիպողաբար Մհերին տեղավորել է իր բեռնախցիկում և տարել, ինչն էլ իբր պատշգամբից տեսել է Մուրադի ընկերոջ կինը` Արմինե Պետրոսյանը: Կինը, սակայն, պնդում է, որ նման բան չի եղել, և ինքը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող տեսնել քննիչների մատնանշած դեպքի վայրը, քանի որ իրենց տան պատշգամբից այն տեսանելի չէ:

 

Արմինե Պետրոսյանը, ով նոր է Կամարիս հարս եկել և, ինչպես ինքն է ասում, գյուղում ոչ մեկին դեռ նորմալ չի ճանաչում, yerkir.am-ի հետ զրույցում պատմեց կատարվածը: Ըստ նրա` իրեն, որպես վկա, տարել են Աբովյանի քննչական բաժին, իր նկատմամբ անհարգալից են վարվել և ստիպողաբար ցուցմունք կորզել, սպառնացել են, որ եթե չգրի այն, ինչ իրենք են ասում, ամուսնուն կկալանավորեն:

 

«Ինձ տարան քննիչներից մեկի սենյակը: Հետս շատ կոպիտ, գռեհիկ ձևով էին խոսում քննչականի պետ Հրաչ Ղազարյանն ու քննիչը: Սպառնում էին, ասում էին`  ամուսնուդ կանդալելու ենք, ինձ ծաղրում էին, ասում էին` հղի՞ ես, չէ, նայի մուրազդ փորումդ չմնա: Իրար մեջ խոսում էին, ասում էին` մի հատ էդ դարակից կանդալները հանի, քցեմ սրա թևն էլ, ասում էին` մարդդ էնտեղ փակված ա, դու ուզում ես Մուրադի համար լա՞վ լինի: Ասում էին` գրի, որ Մուրադը ձեր տնից իջել ա, Մհերին տեսել ու զոռով մտցրել բագաժնիկը: Ես անընդհատ ասում էի, որ ես ոչնչից տեղյակ չեմ, ինձ ասում էին` ոչինչ, դու գրի, մենք հետո կձևակերպենք»,- մեզ հետ զրույցում պատմեց կինը:

 

Արմինեի խոսքով` ցուցմունքը կորզելուց հետո ստիպել են նաև ստորագրել տակը` ասելով, որ եթե ցանկանում է` ամուսնուն ազատ արձակեն, չպետք է նրան ասի, թե ինչ է գրել: Արմինեի հարազատների պատմածով էլ` հարսը քննչական բաժնից վերադառնալուց հետո հոգեկան ապրումների մեջ է եղել, տանեցիներին պատմել է կատարվածի մասին:

 

Արմինե Պետրոսյանը քննչական բաժնում կատարվածի մասին դիմումներ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ գլխավոր դատախազին և այժմ սպասում է պատասխանի:

 

Պարզվում է` քննչական բաժնի պետի կողմից անհարգալից վերաբերմունքի է արժանացել նաև Մհերը: Նա yerkir.am-ին հայտնեց, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել, սակայն ինքը հրաժարվել է, ինչի համար քննչականի պետն իրեն հայհոյել է:

 

«4-րդ հարկում էին նստում իրենք: Քննիչների մեծն էր, անընդհատ սենյակից դուրս էր կանչում ինձ, քֆուր էր տալիս, ասում էր` կասես` սենց-նենց, թե չէ բերանդ սենց, բերանդ նենց  Ասում էր կբռնենք, կնստցնենք, կփակենք: Ես էլ ասում էի` նստցնում եք, նստցրեք, որ սուտ եմ խոսել, ի՞նչ անեմ, հիմա գնա, մարդն իմ պատճառով նստի՞»,- պատմեց Մհերը և հավելեց. «Որ մտնում ես ներս (նկատի ունի քննչական բաժին), ուրիշ ձև են նայում, հեռախոսս ձեռիցս վերցնում են , իրանք թելադրում են` ոնց գրեմ, ինչ գրեմ: Փաստաբանն ինձ պաշտպանում էր, ասում էր` ինչի՞ եք ստիպում, էս երեխեն սենց չի ասել, խի՞ եք գրում: Զոռով դրեցին, էդ փաստաբանիս գլխին սարքեցին` թուղթ ուղարկեցին պալատ»:

 

Նշենք, որ խոսքը Մհերի ներկայացուցիչ Մելանյա Սարգսյանի մասին է: Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երբ դժգոհել է քննիչների անօրինական գործողությունների դեմ, մասնավորապես` Մհերին ցուցմունք թելադրելու, նրա դիմումն առանց մուտք անելու ընդունելու և այլնի մասին: Քննիչները նրան զգուշացրել են, որ եթե միջամտի` կդիմեն Փաստաբանների պալատ, որպեսզի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի` վկային ուղղորդելու և քննությանը խոչընդոտելու փաստով:

 

«Քննչականի պետը կանգնած էր, իսկ վարչության պետի տեղակալը թելադրում էր քննիչին, ասում էր` գրի, որ փաստաբանը վախեցնում է վկային, խոչընդոտում է, արձանագրի և ուղարկի պալատ»,- պատմեց փաստաբանը եւ նշեց, որ ինքը տեղյակ չէ` արդյո՞ք իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով քննչական բաժինը դիմել է պալատ, թե՞ ոչ: Նրա կարծիքով` քննիչները նման կերպ գուցե ցանկացել են ազդել իր վրա:

 

Ինչևէ, yerkir.am-ը հետևելու է այս գործի քննությանը և հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնի իր ընթերցողին: