կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 13:01
Իրավական

Արյան անալիզ կարող ես տալ՝ շեղումներդ բուժենք. հիվանդանոցում ծաղրե՞լ են Մոսկովյանում ծեծված նույնասեռականին

Արյան անալիզ կարող ես տալ՝ շեղումներդ բուժենք. հիվանդանոցում ծաղրե՞լ են Մոսկովյանում ծեծված նույնասեռականին

Փետրվարի 15-ին Մոսկովյան փողոցում անհայտ անձանց կողմից համասեռամոլներին ծեծի ենթարկելու դեպքը մեծ աղմուկ է բարձրացել համացանցում: «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն այսօր «Մեդիա կենտրոն«ում քննարկման ժամանակ պատմեց դեպքի մանրամասների մասին:

Նրա խոսքով ՝ փետրվարի 15-ի երեկոյան 5 անձինք (նույնասեռականներ) քայլել են Մոսկովյան փողոցի «Թռչող առագաստ» սրճարանի տարածքով, երբ ինչ-որ անձինք նրանց ծեծի են ենթարկել:

«Հետևից 3 երիտասարդ մոտեցել են, սկսել հայհոյել ու մատնանշել սեռական կողմնորոշումը ու հարվածել նրանցից մեկին, մյուսները փորձել են բաժանել, արդյունքում մեկին ծեծել են, իսկ մյուսները չնչին հարվածներ են ստացել»,- պատմեց Հովսեփյանը և հավելեց, որ դեպքի հաջորդ օրը տուժողը եկել է իրենց գրասենյակ և պատմել ամենի մասին:

«Մեր խորհրդով նա, բուժզննում անցնելու նպատակով, դիմեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց , որտեղ, սակայն, նրան ծաղրել են, իսկ մեր աշխատակցին թույլ չեն տվել մտնել»,-ասաց նա և հավելեց, որ անձը հրաժարվել է վճարովի ծառայություններից վճարունակ չլինելու պատճառով, իսկ բժիշկներն էլ ծաղրել են նրան՝ ասելով. «Կարող ենք անվճար արյունդ ստուգել՝ տեսնել ինչ կողմնորոշում ունես»:

ՀԿ-ի նախագահի խոսքով՝ հիվանդանոցում համեմատաբար ավելի կիրթ են գտնվել իրենց հանդեպ, սակայն ձգձգել են դիմումն ընդունելու գործընթացը: Հովսեփյանի խոսքով՝ ներկայումս դեռևս քննություն է տարվում:

Քննարկման մասնակից` «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով զբաղվում է սեռական փորքրամասնություններին վերաբերող խնդիրներով, նշեց, որ Հայաստանում գնալով խորանում է խտրական դրսևորումը նույնասեռականների և այլ խոցելի խմբերի հանդեպ: Ըստ նրա՝ այս երևույթները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի վավերացրել խտրականության մասին միջազգային օրենքը:

Սերգեյ Գաբրիելյանն անդրադարձավ նաև հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ փաստաբաններից մեկի ՝ նույնասեռականների վերաբերյալ խտրական արտահայտություններին: Նշենք, որ հաղորդման ժամանակ փաստաբան Գարիկ Գալիկյանն ասել էր. «Եթե կան կազմակերպություններ, որոնք փորձելու են էս երկրում նրանց նմաններին պաշտպանել, նրանց քարոզն անել, միշտ պայքարելու եմ նրանց դեմ: Այո’, պետք է նրանց վառել (նկատի ունի սեռական փոքրամասնություններին), քանի որ մենք երեխաներ ունենք, դուք գիտեք, թե դրանց նմանների պատճառով բերդերում ինչքան մարդ է փտում»:

Ըստ Սերգեյ Գաբրիելյանի ՝ փաստաբանը, ով կոչված է պաշտպանելու մարդուն, չպետք է խտրական վերաբերմունք ցուցաբերի:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանն էլ տեղեկացրեց, որ փաստաբանի արտահայտությունները փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում են, և այդ կապակցությամբ բողոք է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ: