կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 16:49
Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը՝ հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

Սերգեյ Սմբատյանը՝ հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։

Արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart-ը որոշեց համախմբել տարբեր երկրների փորձագետների Global Art Management-ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների և առաջահար նվագախմբերի հետ՝ Swiss Gart-ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։

Swiss Gart-ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն դասական երաժշտությունը, այն աշխատում է նաև անվանի ջազ, փոփ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների և կոմպոզիտորների հետ։

Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ և մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև՝ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Swiss Gart-ի կողմից են կյանք ստանում աշխարհի առաջատար մշակութային ծրագրերը։ Այստեղ աշխատող մեծ թիմն ապահովում է ծառայություններ, որոնք նախապատրաստվում են մանրակրկիտ կերպով՝ հաշվի առնելով ամենափոքր դետալներն անգամ։

Swiss Gart-ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո-սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը և հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։

Swiss Gart-ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի և Պինկաս Ցուկերմանի հետ։