կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 15:32
Մշակույթ

Ինչո՞ւ է կոտրվել Իսահակյանի կավե արձանը

Ինչո՞ւ է կոտրվել Իսահակյանի կավե արձանը

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մոտ տեղադրված` բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանը կոտրվել է: Այն արդեն ապամոնտաժվել է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նշեց, որ արձանը պատահական է կոտրվել, երբ դպրոցական երեխաներից մեկը ցանկացել է դրան հենված լուսանկարվել:  Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին կամ 10-ին, երբ գրադարանում միայն ցերեկային պահակն է եղել, նա էլ հենց նկատել է, որ արձանի մոտ նկարվող պատանին հանկարծ խուճապի է մատնվել:

 

«Մինչև պահակը դուրս է եկել, երեխան փախել է: Կոտրվել են արձանի ձախ ոտքը և ձախ ձեռքը: Հասկանո՞ւմ եք` քանդակը կավից է, իսկ մեջը՝ պենոպլաստ, այսինքն` մեջը սին տարածություն է, եթե ամբողջությամբ կավից լիներ` միգուցե նման դեպք չլիներ: Եղանակային պայմաններն էլ իրենց հետևանքն էին թողել արձանի վրա դեռ վաղուց` ճաք էր առաջացել, որը մենք փորձել էինք փակել ցեմենտ-բետոնով, սակայն պարզվել էր, որ կավը չի պահում ցեմենտ-բետոնը: Ի սկզբանե սխալ էր ընտրված արձանի նյութը, քանի որ մյուս երկրներում էլ կան նման արձանախմբեր, որոնք պղնձից են պատրաստված»,- ասաց տիկին Կարապետյանը:

 

Նա նշեց նաև, որ արձանի կոտրվելու մեջ որևէ միտում պետք չէ փնտրել:

 

Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ արձանը վերականգնելուց հետո կտեղադրեն գրադարանի ներսի բակում՝ բանաստեղծի անվան պուրակում` պատվանդանին: «Այսինքն` ցանկացողները հետո էլ կարող են գալ ու նկարվել վարպետի արձանի մոտ, սակայն արդեն հենվելու փորձեր չեն կատարի, քանի որ այն պատվանդանի վրա կլինի»,- ասաց նա: