Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների բացթողումներին՝ հատուկ նշելով Ամիրյան 2-ի դեպքերը: Քաղաքապետը, մասնավորապես, պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած` երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը:
«Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայություններն ընդհանրապես չեն կարողանում ճիշտ աշխատել, ինչն իր հերթին բերում է հանրության արդարացի դժգոհությանը: Մայրաքաղաքի հուշարձան շենքերի և, առհասարակ, հին Երևանի պահպանման հարցում մեր համաքաղաքացիների կողմից վստահության ակնհայտ պակաս կա քաղաքային իշխանությունների նկատմամբ, ինչը կարող եմ գնահատել որպես ձեր խիստ թերի աշխատանքի հետևանք: Ու այս մասով մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր համաքաղաքացիների վստահությունը: Իսկ դրան հնարավոր է հասնել բացառապես համապատասխան ծառայությունների կոշտ դիրքորոշման և ակտիվ գործունեության շնորհիվ»,- ընդգծել է Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող` 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան-շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը, չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:
Պատասխանատուները նաև նշել են, որ հուշարձան չհանդիսացող կցակառույցի պահպանման հարցը բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման և արժևորման նպատակով հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Նաև նշվել է, որ այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ:
Ներկայացված պարզաբանումն, այնուամենայնիվ, չի գոհացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նա նշել է, որ հանրությանը պետք է նախապես իրազեկել Երևանում իրականացվող քաղաքաշինական այս կամ այն լուծումների մասին՝ տարընկալումներից զերծ պահելով իրականացվող գործընթացները:
«Շատ դեպքերում այսօր ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ և այդ մասին պետք է հստակ տեղեկացնել հանրությանը: Քաղաքաշինության մասով բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը պետք է ներկայացվեն հանրային քննարկման, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է տրվեն ավելի հստակեցված», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ, մասնավորապես, Ամիրյան 2 հասցեի հուշարձան-շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության: