կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 15:27
Մշակույթ

«Կավե մարդը». ոչ հայաֆիկացված ֆիլմի հերթական մրցանակը

«Կավե մարդը». ոչ հայաֆիկացված ֆիլմի հերթական մրցանակը

Կինոռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմն օրերս է Բեռլինի «Nachbarn bei Freunden» կինոփառատոնից գլխավոր մրցանակով` Գրան պրիով, վերադարձել Հայաստան:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վաթյանը նշեց, որ ֆիլմն արդեն հասցրել է 5 մրցանակի արժանանալ: Նրա կարծիքով` ֆիլմի հաջողության գրավականն այն է, որ ֆիլմի թեման համամարդկային է, հայաֆիկացված չէ:

 

«Ֆիլմը կարող է հուզել յուրաքանչյուրին: Ֆիլմի ասելիքը 1-2 բառով այսպես կձևակերպեմ` ապրելու իմաստ միշտ էլ կգտնվի, ուղղակի պետք փնտրել այն և չհուսահատվել»,- ասաց Վաթյանը:

 

Ֆիլմի գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովն էլ նշեց, որ ողջունելի է այն փաստը, որ Արենը, չընկրկելով ոչ մի խոչընդոտի առջև, շարունակում է առաջ քայլել: Նրա հավաստմամբ` Արենը անսահման ֆանտազիա ունի, ինչն էլ նպաստում է նրա` այս ոլորտում հաստատվելուն:

 

«Ֆիլմի թեման առաջին հայացքից պարզ ու պրիմիտիվ է թվում, սակայն այն շատ շերտեր ունի: Տարիքն առած մարդը հանկարծ մտածում է` ի՞նչ է թողնելու իրենից հետո, ինչո՞ւ այդպես էլ չկարողացավ իր երեխաներին մի բուռ հողի, երկրի, կավի, մնալու գաղափարի ծիլ տալը: Այսինքն` ֆիլմի թեման նեղ ազգային չէ, դրա համար էլ դրսի հանդիսատեսին նույնպես հուզել է»,- ասաց Ջանգիրովը:

 

Ի դեպ, ֆիլմը 2013-ին «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե մեդալի, իսկ Ջանգիրովը` «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակին: