կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 12:15
Իրավական

Դատարանում հայրը որդուն չի ճանաչել

Դատարանում հայրը որդուն չի ճանաչել

Yerkir.am-ի բլից-հարցերին պատասխանում է հայտնի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով այս տարվա ընթացքում ամենաշատ արդարացումներ ունեցող փաստաբանն է: Նրա շնորհիվ այս տարի 8 ամբաստանյալ է արդարացվել: 

 

-Ինչո՞վ էր առնձնահատուկ այս տարին Ձեզ համար` աշխատանքում, ընտանիքում:

-2014թ. ինձ համար բարեհաջող և լավ տարի էր` ընդհանուր առմամբ: Աշխատանքի տեսանկյունից հաջող էր բոլոր առումներով: Մեր գրասենյակի գրեթե բոլոր գործերով վերջնական արդյունքում հաղթանակ ենք տոնել, այսինքն` հասել ենք այն նպատակին, որը մեր առաջ դրել ենք:


Ընտանիքում 2014թ. նույնպես առանձնահատուկ էր նրանով, որ, ինչպես նախորդ տարիներին,  շրջապատված եմ իմ ծնողների, երեխաների ու կնոջս  սիրով ու ջերմությամբ, նաև առանձնահատուկ և հաջող էր նրանով, որ իմ երեք երեխաները սովորում են բարձր առաջադիմությամբ, դա իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

 

-2014-ին իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին:

-Դրական փոփոխություն էր գերատեսչական ենթակայությունից դուրս քննչական կոմիտեի ստեղծումը: Սակայն դեռևս այդքան էլ տեսանելի չեն դրա դրական արդյունքները: Քանի որ ցանկացած ռեֆորմի արդյունքները գնահատվում են` կոնկրետ գործերից ելնելով, ապա կարող եմ ասել, որ դեռևս նախկինի ու ներկայի միջեւ էական տարբերություն չեմ զգացել, սակայն սպասելիքները մեծ են:

 

Բարեփոխում եմ համարում նաև Արդարադատության ակադեմիայի ստեղծումը, որի շնորհիվ դատական համակարգն արդեն այս տարի համալրվում է ոչ թե մեղադրական հոգեբանությամբ նախկին դատախազներով, այլ ավելի առողջ մտածելակերպով երիտասարդ դատավորներով, որոնց հիմնական մասն իրենց աշխատանքային գործունեությունը սկսել է ու կայացել հենց դատական համակարգում:

 

-Տարվա ամենազավեշտալի դատական գործը:

-Իհարկե, տարվա ընթացքում տարբեր գործերով զավեշտալի իրավիճակներ եղել են, բայց կոնկրետ որևէ գործ այս պահին չեմ կարողանում առանձնացնել: Հիշում եմ մի դեպք, երբ, որպես վկա, հարցաքննվում էր ամբաստանյալներից մեկի հայրը, և երբ դատավորը հարցրեց, թե` ճանաչո՞ւմ եք, արդյոք, ամբաստանյալներին, վկան պատասխանեց, որ ոչ մեկին չի ճանաչում: Եվ երբ որդին ծիծաղելով ձայն տվեց հորը, թե` ի՞նձ էլ չես ճանաչում, ամբողջ դահլիճը ծիծաղից պոռթկաց:

 

- Տարվա «ամենավտանգավոր հանցագործը»:

- Ամենավտանգավոր հանցագործն, իմ կարծիքով, այն մարդն է, ով անմեղ մարդ է կալանավորում, անմեղ մարդ է դատապարտում:

 

-Տարվա ամենատաղտկալի դատական գործը:

-Որպես այդպիսին` կառանձնացնեմ Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, քանի որ շուրջ երկու տարի տևած դատաքննության ընթացքում հիմնականում դատակոչված էին մարդիկ, ովքեր որևէ կապ չունեին մեղադրանքի հետ, և գրեթե բոլորը տալիս էին նույնանման պատասխաններ, և պատկերացրեք` այդպես երկու տարվա ընթացքում հարցաքննվել է մոտ երկու հարյուր վկա, որոնք առարկայական  ու վերաբերելի ոչինչ չեն ասել մեղադրանքի առնչությամբ:

 

-Տարվա ամենաանհեթեթ դատավճիռը:

- Իմ մասնակցությամբ գործերով այս տարվա ընթացքում զարմանալիորեն նման դատավճռի չեմ առնչվել: Աբսուրդ կարելի է համարել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կայացվող դատական ակտերը, հատկապես` կալանավորում կիրառելու վերաբերյալ, որոնց 95 տոկոսը կարելի է աբսուրդ որակել:

 

-Տարվա «հայտնություն» իրավաբանը:

- Ինձ համար հայտնություն էր հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակից` արդեն նախկին աշխատակից, Աղավնի Մադոյանը, քանի որ 2014թ. սկզբներին, կարճ ժամանակահատված ճանաչելով նրան, մեր գրասենյակում աշխատելու առաջարկ արեցի: Եվ տարեմուտին վստահաբար ասում եմ, որ իմ ընտրությունը լավագույնն էր, ու ինձ համար նա այս տարվա հայտնությունն էր:

 

-Ամենամեծ հիասթափությունն այս տարվա ընթացքում:

-Հիասթափություններս կապված են դարձյալ գործերի հետ ու հատկապես, ինչպես արդեն նշեցի, դատարանների կողմից կալանավորման միջնորդությունները քննարկելիս շատ հաճախ աբսուրդի հասնող` անհիմն դատական ակտեր կայացնելու հանգամանքով: Հատկապես հիասթափությունը մեծ է լինում, երբ դրանք անփոփոխ են մնում վերին ատյաններում կամ հակառակը` եթե պատահում է այնպես, որ առաջին ատյանը մերժում է կալանքի միջնորդությունը, ուրեմն վերաքննիչ դատարանն անպայման պետք է «ուղղի» առաջին ատյանի դատարանի «սխալը»: Իսկ հակառակ դեպքում, կարծես, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները չեն տեսնում, որ համատարած անհիմն կալանավորումներ են՝ առանց հիմքի և պատճառաբանության:

 

-Որ դատավորին կցանկանայիք տեսնել Ձմեռ պապի կերպարում (եթե կին է` Ձյունանուշիկի կերպարում):

-Կցանկանայի բոլոր դատավորներին էլ տեսնել Ձմեռ պապի կերպարում, քանի որ Ձմեռ պապը բարության խորհրդանիշ է, ու լավ կլիներ, որ բոլորն էլ լինեին բարի և արդար:

 

-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:

-2015-ին ցանկանում եմ, որ բոլորս լինենք առողջ, որը բոլոր լավ իրողությունների կարևորագույն նախապայմանն է:  Ցանկանում եմ, որ դատական համակարգը, հատկապես` վերին օղակները դառնան ավելի արդար: Քանի որ եթե դատարանն իր տեղում լինի և իրական արդարադատություն իրականացնի, դրանով ամբողջ իրավապահ համակարգի գործունեությունը կկարգավորվի:  Ցանկանում եմ, որ 2015 թվականը մեր պետության համար դառնա առաջընթացի ու հաջողության տարի, և հաջորդ տարեմուտին Ձեզ հետ միասին արձանագրենք, որ իրականում ունենք արդար դատարան: