Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում գործող տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, Մարդու իրավունքների ասոցիացիայի գլխավորությամբ, Զանգվածային գերեզմանների հիմնադրամ են հիմնում:
Ըստ «Ակօս»-ի՝ զանգվածային գերեզմանների հայտնաբերման աշխատանքները կտարվեն 3 ուղղությամբ` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի գերեզմաններ, 1925 թվականից հետո տեղի ունեցած քրդական ապստամբության, նաև քրդական պատերազմների ժամանակաշրջանների:
«Հայոց ցեղասպանությունից և 1990-ին սաստկացած քրդական պատերազմներից հետո յուրաքանչյուր փորման աշխատանքի ժամանակ հայտնաբերվում են ոսկորներ, հետաքննություն է կատարվում, դիմում են դատարաններ, սակայն պետությունը մինչ օրս այդ ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկել: Զանգվածային գերեզմանների իրականությունը տարիներ շարունակ եղել է մարդու իրավունքների կազմակերպությունների օրակարգում, հատկապես` սույն կազմակերպության Դիարբեքիրի (Տիգրանակերտի) մասնաճյուղը երկար ժամանակ փորձում է գտնել զանգվածային գերեզմանների վայրերը: Միությունը պատրաստել է նաև հայտնաբերված վայրերի քարտեզը: Դեկտեմբերի 16-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ 348 զանգվածային գերեզմաններում կա 4201 դի, սակայն զեկույցում չեն ներառվել 1915 թվականի տվյալները»,- տեղեկացնում է «Ակօս»-ը:
Մարդու իրավունքների ասոցիացիան իր զեկույցում կոչ է արել նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ ևս աշխատանքներ իրականացնել, գերեզմանները բացել, ստուգել զոհվածների ԴՆԹ-ն և դրա հիման վրա պարզել նրանց ինքնությունը:
Զեկույցում տեղ են գտել հետևյալ տողերը. «Թուրքիան այսուհետ պետք է առերեսվի տարածաշրջանում զանգվածային գերեզմանների փաստի հետ: Համապատասխան մարմինները պետք է անհապաղ սկսեն գերեզմանները բացելու ուղղությամբ աշխատանքները»:
Մարդու իրավունքների ասոցիացիայի զեկույցում նաև կոչ է արվում ստեղծել «փաստերը հետազոտող հանձնաժողով»: «Կորածներին փնտրելու և գերեզմանները բացելու աշխատանքները պետք է լինեն միջազգային չափանիշներով, որպեսզի մեքենաների անփույթ աշխատանքների արդյունքում չոչնչանան և չվնասվեն հայտնաբերված փաստերը»,- նշված է զեկույցում:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ, օրինակ, Սղերդը 1915 թվականից առաջ եղել է հայահոծ վայր, այնտեղ մինչև Ցեղասպանությունն ապրել է 4032 հայ: Երեք եկեղեցի ունեցող Սղերդը ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների բնակության կենտրոն է եկել: Իսկ հայկական կոտորածը բոլորի հիշողությունում թարմ է ` Սղերդում գրեթե բոլորը գիտեն հայերի զանգվածային կոտորածի վայրերը:
«1915 թվականից հետո քաղաքում քրդացում սկսվեց: Քրդական քաղաքական շարժման կարևոր կենտրոններից մեկը համարվող Սղերդում 1989 թվականին սպանվեցին ավելի քան 300-ից ավելի ՔԲԿ-ական զինյալներ և նետվեցին Նեուալա անունով հայտնի գյուղաքաղաքի Դահիճների առուն»,- գրում է «Ակօս»-ը և տեղեկացնում, որ ըստ զեկույցի, այնտեղ հայտնաբերվել են ամենաքիչը 48 զանգվածային գերեզմաններ:
Զեկույցում նաև անդրադարձել են Նեուալա գյուղաքաղաքին, որը վերածվել է հայերի ու քրդերի զանգվածային գերեզմանի:
Մարդու իրավունքների Սղերդի մասնաճյուղի նախագահ Զանա Յավուզը, հայտնելով, որ քաղաքում արված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հայերի ոսկորներ, «Ակօս»-ի հետ զրույցում ասել է. «Սղերդը հայերի և ասորիների քաղաք էր: 1915-ից հետո այն քրդական քաղաքի վերածվեց: Այդ մասին քաղաքում բոլորը գիտեն: Թեհթամեթերխանեն և Նեուալա գյուղաքաղաքը ևս հայերի կոտորածների վայր են եղել: Թեհթամեթերխանե բարձունքի ժայռերում դեռ հայերի ոսկորներ կան»: