Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արման սարկավագ Սաֆարյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանում դիակիզարանների անհրաժեշտությանը, միջազգային փորձին:
Հոգեբանի կարծիքով`Հայաստանում մարդիկ պետք է ընտրություն ունենան` դիակիզարանի և գերեզմանոցի միջև:
«2006 թվականին Հայաստանում օրենք ընդունվեց, համաձայն որի` թույլատրվում է դիակիզարանի ստեղծումը: Դիակիզարանի կառուցումը մեծ գումարներ է պահանջում, որի հնարավորությունը պետությունը չունի: Սակայն կա հոգեբանական կողմը` մեր ժողովուրդը պատրաստ չէ Հայաստանում դիակիզարանների առկայությանը»,- ասաց Իրինա Ծատուրյանը:
Սակայն, ըստ նրա, աշխարհն անընդհատ փոխվում է, և մենք սկսում ենք ունենալ փողի, տարածքների խնդիր: «Մենք հող արդեն չունենք: Մենք ունենք գերեզմանոցներ, որոնք սողանքների պատճառով բացվել են: Լինում են դեպքեր, երբ ջրերը տանում են գերեզմանները: Երբ դրսում որևէ մեկը մահանում է, նրանց աճյունափոշին են բերում, և այդ դեպքերում դա ընդունվում է: Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, նրանք քրիստոնյա չե՞ն: Մենք փոփոխության շատ դժվար ենք գնում: Ես գտնում եմ, որ մեր երկրում երկու տարբերակն էլ պետք է գործի` թող լինի գերզմանոց և դիակիզարան»,- ասաց հոգեբանը:
Հոգևորականի կարծիքով` պատճառը ոչ թե նյութական է, այլ հոգեմտավոր պատկերացումների հետ է կապված: «Քրիստոնեական կրոնն է այն ձևավորել: Հայաստանում ապրում են հիմնականում հայեր, և նրանք տեսել ու լսել են միայն քրիստոնեական ավանդական թաղման կարգը: Եթե Հայաստանը պատրաստ լիներ դրան, Եվրախորհրդի բոլոր պետությունները կողմ կլինեին, որ ՀՀ-ում լիներ դիակիզարան: Չէ՞ որ Եվրախորհուրդն ուզում է միատարր գաղափարներ ստեղծել»,- նշեց սարկավագը:
«Մինսկում օրական մահանում է առնվազն 43 մարդ և նրանց դիակիզում են: Արտադրվում է սնդիկաթթու: Սնդիկից մոտ 80 տոկոսը հասնում է մարդկանց և թունավորում է լինում: Եվրոպական երկրները ստեղծել են ֆիլտրման համակարգ, այստեղ չկա նման բան»,- ասաց հոգևորականը` հավելելով. «Մարդուն, երբ թաղում են, մարդու մարմինը կազմալուծվում է 50 տարվա ընթացքում: Միակ խնդիրը այն է, որ կարող են լինել արտեզյան ջրեր, որոնք կարող են խառնվել հողին: Բայց եթե լինի անտառապատ տարածք, այդպես չի լինի: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել: Պետք է կառավարությանը դիմել, որ հստակ ու ճիշտ գործի»:
Սարկավագը նշեց նաև, որ 150-200 տարվա գերեզմանների վրա կարող է լինել ևս մեկ գերեզման: «Հող էիր, հող դարձար գաղափարը պետք է պահպանվի: Յոթերորդ ողը, որը հարության ոսկորն է, փտման ենթակա չէ: Այս ոսկորը դիակիզման ընթացքում կարող է վերանալ»,- բացատրեց սարկավագը:
Նշենք նաև, որ, ըստ սարկավագի, մեր եկեղեցին դիակիզարանների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չունի: