Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Դաշնակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում, որը նպատակ ուներ համատեղ դատապարտող հայտարարություն ընդունել ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքների կապակցությամբ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ քննարկումը կարելի է ստացված համարել, քանի որ այն անցավ բաց ու անկեղծ մթնոլորտում:
«Բոլոր նրանք, ովքեր ուզում էին դեմ քվեարկել կամ չքվեարկել, պետք է ասեմ, որ շատ վատ մարտավարություն էին ընտրել, որովհետև դրա հիմքում ընկած էր մեկ բան` արժեզրկել այն, ինչի համար իրենք մինչև հիմա պայքարում էին: Պետք չի սարսափել նրանից, որ քո առաջարկը բավարարվում է: Մարդը առաջարկ ձևակերպի, հետո այդ առաջարկը բավարարվի, ինքը սկսի հրաժարվե՞լ և իր առաջարկի դե՞մ սկսի հանդես գալ: Ես դա չեմ հասկանում, դա ուղղակի աբսուրդ է: Գնացին այն ճանապարհով, որ հայտարարությունը արժեզրկեն, ամենալուրջ բանը կարելի է արժեզրկել՝ գռեհկացնելով և ծայրահեղացնելով: Բայց դա մեկ անուն ունի՝ պրիմիտիվ դեմագոգիա: Օրինակ՝ պարզվում է, որ դատապարտելը հովանավորել է նշանակում, դա վերջն է: Կամ` դատապարտելը կանխարգելելու հետ կապ չունի: Եղբա'յր, դե ուրեմն եկեք` հրաժարվենք Ցեղասպանության դատապարտումից ու ճանաչումից:
Նախ` պետք է տարբերել հայտարարությունը հրամանագրից: Սա հրամանագիր չէ, որ գրենք՝ էսինչին հեռացրեք, էսինչին ընդունել, մենք հայտարարությամբ ենք հանդես գալիս: Ուրեմն ասեք բաներ, որոնք տեղավորվում են հայտարարության ձևաչափի մեջ: Եթե այդպես մտածենք, որ հայտարարությունը ոչինչ չի տալիս, ուրեմն պետք է մտածենք, որ նախորդ չորս հայտարարությունները ոչ մի արժեք չեն ունեցել` մարտի 1-ի հետ կապված, ԼՂ-ի հետ կապված, Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված հայտարարությունները:
Այս հայտարարությունը, որ չընդունենք, ավելի հե՞շտ փոխոստիկանապետին պաշտոնանկ կանեն: Բայց ի՞նչ է նշանակում մեծամասնությունից պահանջել նրա հրաժարականը: Պրիմիտիվ քաղաքական գիտելիքներ են պետք, ես հիմա չեմ պաշտպանում քաղաքական մեծամասնությանը, բայց պահանջել, որ ինքն իրենից հրաժարական պահանջի՞, ինքն իրեն ծաղրուծանակի առարկա դարձնի՞:
Ինչ վերաբերում է նրան, թե հայտարարությունները երրորդ դասարանի մակարդակի են, թե` բուհի մակարդակի, ապա դա շատ հեշտ է որոշել, թող ժողովուրդն իրար կողքի դնի երկու հայտարարությունները ու որոշի»: