կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 14:42
Քաղաքական

Եթե ԵՄ-ն 2 միլիոն ավելի տա, կարա՞նք էս օրենքի վերջում գրենք՝ «շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

Եթե ԵՄ-ն 2 միլիոն ավելի տա, կարա՞նք էս օրենքի վերջում գրենք՝ «շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ 17 միլիոն եվրո է անհրաժեշտ այդ փոփոխություններն իրականացնելու համար, որը հնարավոր չէ բյուջեից տրամադրել, և ֆինանսավորումը պետք է իրականացվի դոնոր կազմակերպությունների միջոցով, հակառակ դեպքում` եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում չգտնեն, ուրեմն օրենքը չեղյալ կհամարվի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ԸՕ-ի շուրջ իշխանության հետ համաձայնության գալը շատ դժվար էր, և հիմա տխուր կլինի այն չեղարկել ֆինանսավորում չլինելու պատճառով: «Ցավոք, մենք չենք տեսնում կառավարության շահագրգռվածությունը դոնոր կազմակերպություններ գտնելու հարցում, որ գտնվի այդ մի քանի միլիոնը»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը ինչ-որ բան ապացուցելու կարիք չունի, որովհետև միանշանակ է, որ կառավարությունը շահագրգիռ է, որ ԸՕ փոփոխությունները կյանքի կոչվեն: Ըստ նրա` կառավարությունն ընդդիմությունից ոչ պակաս ջանքեր է թափել, հանդիպել դոնոր կազմակերպությունների հետ, բայց չեն կարող այդ ամենը մանրամասն հրապարակել, որովհետև «որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»:

Արամ Մանուկյանը արձագանքեց, որ իր ասածն այն է, որ կառավարություն-դոնոր կազմակերպություններ բանակցությունները լինեն բաց ու հրապարակային:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նման բանակցություններն այլ ձևով են իրականացվում, ոչ հրապարակային եղանակով և հիմնականում դեսպանների միջոցով: Նրա խոսքով՝ կառավարություն-դոնոր կազմակերպություններ հաջորդ հանդիպումը լինելու է վաղը չէ մյուս օրը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես հարց ուներ Դավիթ Հարությունյանին: Նա նշեց, որ երբ իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը կայացավ, և փաստաթուղթ ստորագրվեց, դրանում ասվում էր, որ համաձայնությունն իրականացվում է ազատ, արդար ընտրություններ ունենալու համար, հանրության վստահությունը բարձրացնելու համար: Եվ հիմա կառավարությունն ասում է, որ այդ վստահությունը կբարձրացնեն, եթե դոնորները փող տան:

«Իսկ եթե ԵՄ-ն, ասենք, մի երկու միլիոն ավելի տա, կարա՞նք էս օրենքի վերջում գրենք` «շնորհավոր Ամանոր և սուրբ Ծնունդ»,- հարցրեց Փաշինյանը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդպես կարող է գրել պատգամավորը և այդ լրացուցիչ երկու միլիոնը վերցնել իրեն:

Փաշինյանը շարունակեց հեգնել, թե կարող են 4+6-3 նոր ֆորմատ ստեղծել: Նա հիշեցրեց Դավիթ Հարությունյանի խոսքերը, որ մեր պետությունը որոշ դեպքերում իրեն հարգող պետություն է, և շեշտեց` գուցե իսկապե՞ս միայն որոշ դեպքերում:

Դավիթ Հարությունյանը արձագանքեց. «Կներեք, որ նման վրիպում եմ ինձ թույլ տվել, հրապարակավ ներողություն եմ խնդրում»: