կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 19:58
Քաղաքական

Իսկ ո՞վ է մեր միջից անմեղը. Արմեն Ռուստամյան

Իսկ ո՞վ է մեր միջից անմեղը. Արմեն Ռուստամյան

Այսօր Դաշնակցության կողմից հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացնում էր ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքները դատապարտող հայտարարությունը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան:

 

«Դուք ասացիք, որ տեքստը համաձայնեցվել է Հանրապետական կուսակցության հետ, ուրեմն ես կասկածում եմ այդ տեքստի անկեղծությանը, որ այս հայտարարությունն արվում է` ինդուլգենցիա տալու նրանց, ումից պետք է շեղել մեղադրանքը: Այս տեքստը շրջանառվում էր հանդուրժողականության կոչերով, բայց այսօր էլ ԱԺ նիստում տեսնում ենք, որ որոշ հանրապետական պատգամավորներ վերջին փողոցային արտահայտություններն են անում, մեկ ուրիշն էլ անհասցե ափըռ-ցըփռ խոսում է, հետո ասում` այ տեսաք` էսինչ պատգամավորին էսինչ բանն ասացի: Այդ պատգամավորները միկրոֆոն ունեն, թող հերթագրվեն, թե՞ վախենում են բառապաշարի ինսուլտ ստանան, իրենց իմացած երեք բառն են իմանում, իրենց անուն-ազգանունը, որ քննություն հանձնեն, բավարար չեն ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա դիմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` ասելով. «Ձեր ամենամեծ ծառայությունն այն կլինի, որ ձեր որոշ պատգամավորներին բացատրեք ախոռի և ԱԺ-ի տարբերությունը: Մնացածը հերթական գոլորշի բաց թողելու գործընթաց է: Ես մի դաշտում խուլիգանի կեցվածքով պատգամավորի հետ չեմ լինի, այլ անմիջապես նմաններին իրենց տեղը ցույց կտամ»:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը տեղից կոպտորեն սաստել էր ոչ միայն Զարուհի Փոստանջյանին, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանին:

 

Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պետք չէ սադրանքների տրվել: Ես չեմ հասկանում անկեղծության համար չափորոշիչները որոնք են, երևի հայտարարության թղթի հետևում եք նայում, բայց թղթի վրա նայեք, եթե դրան դեմ եք, ես չեմ հասկանում` ինչ եք ուզում: Ինչ գրած է, ձեր ասածին է վերաբերում: Դեմ լինել` նշանակում է դեմ լինել դատապարտումներին: Դուք ինչի՞ եք ուզում դեմ լինել, չեմ հասկանում տրամաբանությունը: Այս մոտեցումը, կներեք, շատ պրիմիտիվ է, այստեղ իմ ուզածը չի գրված, բայց քննարկումներ ենք արել ու եկել ընդհանուր եզրակացության: Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ գործ ունենք այս Ազգային ժողովում, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը ես չեմ ընդունում: Պիտակավորել որևէ քաղաքական ուժի անթույլատրելի է, ես կարող եմ իմ ողջ էությամբ պայքարել որևէ քաղաքական ուժի դեմ, բայց եթե ես պատշաճ չեմ տանում այս պայքարը, ուրեմն ինչո՞վ պետք է տարբերվենք նրանից: Չարին չարով պատասխանելը այն բազմապատկում է, եկեք դրանից խուսափենք: Եթե ձեզ որևէ մեկը վիրավորել է, պետք չի նույն ձևով պատասխանել:

 

Անդրադառնանք հայտարարության տեքստին, եթե ուզում եք ավելացնել որևէ բան, ուրեմն եկեք` դրա մասին խոսենք: Առաջնորդվելով «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցմամբ` ունենում ենք ոչինչ, ինչպես երեկ եղավ մեր աչքի առաջ, ու նիստը տեղի չունեցավ: Հիմա գնացել, համաձայնության ենք եկել մեծամասնության հետ, ի՞նչն է խանգարում այն հարցը, որը կարող ենք համաձայնեցնել, համաձայնեցնենք ու առաջ անցնենք: Դարավոր թշնամիներն են բանակցում իրար հետ, էս ի՞նչ մոտեցում ու պրակտիկա է, չէ՞ որ այդպիսով ուղղորդում ենք հասարակությանը` նրանց շրջանում անհանդուժողականություն սերմանելով: Մեր ասած ամեն մի ձայնը տիրաժավորվում է հասարակության մեջ, ինչ ցանենք, այն էլ ստանալու ենք: Մենք ասում ենք` եկեք` վերադառնանք ճիշտ գործին, որ մեր աշխատանքից բավարարվածություն ստանանք»:

 

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ձեր մտահոգությունները կիսում եմ, բայց դեմ եմ, որ ինքներս մեզ խաբենք»: Նրա մտահոգությունն այն էր, որ եթե այդ հայտարարությանը պետք է կողմ քվեարկի մեկը, ով մեղսակից է այդ գործին, ուրեմն ինքը դեմ է դրան:

 

Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չենք կարող պատգամավորներին հոգեքննության ենթարկել, եթե որևէ մեկին կասկածում եք, որ մեղսակից է, ուրեմն նրան արգելենք քվեարկե՞լ, բա խոսում ենք անմեղության կանխավարկածից, արժեքներից, էդ արժեքները այստեղ նախ մենք պետք է պահպանենք: Ավելին` եթե մարդն ուզում է մաքրվել, ես պետք է ողջունեմ դա: Իսկ ո՞վ է մեր միջից անմեղը: Եկեք` դատավորի կեցվածք չընդունենք, մի' դատիր, որ չդատվես»: