կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-25 14:40
Քաղաքական

Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ մեր մոտեցումները նույնն են. Արմեն Ռուստամյան

Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ մեր մոտեցումները նույնն են. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի` արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանակցային կետերի հետ:

«Բնականաբար, ուժ ունեն և պետք է հիմք ընդունվեն այն հայտարարությունները, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ, այլ ոչ` առանձնաբար: Բացի այդ` պարոն Հոգլանդի հայտարարության մեջ որևէ նոր բան, ըստ էության, չկար: Ուստի հատուկ մեկնաբանության անհրաժեշտություն էլ չի առաջանում:

Իսկ մեր մոտեցումներն էլ, բնականաբար, նույնն են: Լինելով սկզբունքային` մեր տեսակետներն էլ այդ հայտարարությունների հետ կապված չեն կարող փոփոխվել: Ամեն դեպքում, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կցանկանայի կրկնել մեր` բազմիցս հրապարակած սկզբունքային մոտեցումը: Մեր մոտեցումը բխում է Արցախի ժողովրդի` Սահմանադրությամբ ամրագրված կամաարտահայտությունից, ըստ որի` հայկական կողմի որևէ զիջման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի Հանրապետության ( այլ ոչ թե ԼՂԻՄ ) անկախությունը, և չի վերականգնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի առաջարկների փաստացի մերժումը, վստահաբար, Հայաստանի համար ապահովում է բանակցային առավելություններ, ինչը պետք է պահպանել: Ի դեպ, բանակցային կարգավորման գործընթացի և շփման գծում ներկա իրավիճակի մասին առավել խորքային քննարկումներ և գնահատականներ կտրվեն սեպտեմբերի 4–ին ` Արցախի անկախության հռչակման տարեդարձին նվիրված՝ մեր կողմից կազմակերպելիք խորհրդաժողովի ժամանակ»,- հայտարարեց Ռուստամյանը: