Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքը, այնուհետև պատասխանեցին լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ռուստամյանն անդրադարձավ այն միջադեպին, որը տեղի էր ունեցել «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների ներկայացուցիչների մարզային այցելությունների ընթացքում:
Նշենք, որ հանդիպումներից մեկի ժամանակ մի երիտասարդ հայտարարել էր, թե Դաշնակցության անդամներն իրականում դեմ են սահմանադրական փոփոխություններին:
«Եթե մեկին սովորեցրել են, որ վեր կենա և Դաշնակցության մասին վայրահաչություններ անի, դա ձեզ համար պետք է որ արդեն սովորական լինի: Մենք անընդհատ այդ պայմաններում ենք աշխատում: Անընդհատ խոսում են, որ ՀՅԴ այս սերունդն իրականում կապ չունի Դաշնակցության նախորդ սերնդի հետ: Հայտնի դեմքերից մեկն էլ ասում է, որ նախորդ սերունդը կործանեց Հայաստանը, ավելի վատն էր… Թող մի հատ կողմնորոշվեն և հասկանան` որ սերունդն է լավը, որը` վատը»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` Դաշնակցությունը միշտ եղել է նույն գաղափարների կրողը, նույն նպատակները հետապնդող միակ կուսակցությունը: «Թիթեռի կյանք ունեցող այդ քաղաքական ուժերի ներակայացուցիչները չէ, որ պիտի Դաշնակցությանը դասեր տան և որոշեն, թե մեր կառույցն ինչպես է աշխատում: Մենք կոլեգիալ ղեկավարում իրականացնող կուսակցություն ենք, մենք գնում ենք և մեր ընկերներին հատ-հատ, ամեն մեկին առանձին-առանձին բացատրում ու հիմնավորում ենք մեր մոտեցումները` այս նախագծի հետ կապված: Իսկ խորհրդարանական կառավարման համակարգին անցման մասին մենք 25 տարի ենք խոսում: Նոր չէ, նոր Գերագույն մարմինը չէ, կամ նոր Բյուրոն չէ, որ պետք է այդ խնդիրը արծարծեր, և մեր շարքային դաշնակցականը հանկարծակիի գար: Շարքային դաշնակցականը դրա համար պայքարել է, 1995 թվականին Դաշնակցությունը փակել են դրա համար: Շարքային դաշնակցականը գիտի դա: Հանրաքվեից կես տարի առաջ փակեցին Դաշնակցությունը: Ձեզ թվում է ինչի՞ համար: Որովհետև լուրջ «ոչ»-ի շարժում իրականացնող քաղաքական ուժերից մեկը հենց Դաշնակցությունն էր: Հիմա որ մեծ-մեծ խոսում են այդ հայտնի «ոչ»-ականները, նրանք «ոչ»-ի շարժում են կարողանում անել, լեգիտիմ քննարկում է տեղի ունենում, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, ազատ նստած` հանրահավաքներ են անում, ինչ ուզում են, ասում են»,- ասաց ՀՅԴ-ականը` հավելելով, որ 1995 թվականի Դաշնակցության մասին խոսելն այս պարագայում իսկապես ավելորդ է:
«1995-ին ամենաոչլեգիտիմ անցկացված հանրաքվեն է եղել` համատեղելով ԱԺ ընտրությունների հետ, որ որևէ մեկը գլխի չընկնի, թե ինչ տեղի ունեցավ: Արհեստական ցույց էին տալիս մասնակցություն, բայց մասնակցությունը հանրաքվեին էր վերաբերում: Այդ ժամանակ Դաշնակցության զգալի մասը հալածված էր, արգելված: Այդ պայքարն է, որ մենք 20 տարի ուշացումով կրկնում ենք: Ես հուսով եմ, որ ինչ չհաջողվեց անել 20 տարի առաջ, հիմա ենք անելու: Պարզապես չուզող մարդիկ հակադաշնակցական թույնով են տառապում. այդպիսի մի զանգված կա, որ չի փոխվում: Մի 3-4 տոկոս կա` ինչ ուզում ես արա, տասը մատդ մոմ վառի, միևնույն է` Դաշնակցությանը քարկոծելու են: Բայց չեն էլ գալիս` նստեն, հոդաբաշխ երկու բառ ասեն, որ տեսնենք` երկիրը փոխելու իրենց ծրագիրը որն է: Որ գան, կպարզվի, որ միայն մի բան են ասելու` իրենք լավն են: Նրանց մի մասը եկել էր, բա թող անեին մինչև հիմա, այս վիճակը չառաջանար: Էս վիճակը հո չի առաջացել 5 կամ տասը տարվա ընթացքում: Առաջացել է 1991 թվականից»,- ընդգծեց դաշնակցականը:
Ըստ նրա` Դաշնակցությունը թիրախավորել են, քանի որ այս փոփոխությունների գաղափարակիրը հենց Դաշնակցությունն է: « ՀՅԴ-ն 25 տարի առաջ մի բան է ասել, շարունակում է 25 տարի նույնը կրկնել: Մեկը 25 ժամ հետո է տեսակետ փոխում, 25 ժամ չի պահում իր սկզբունքը, դե թող էդ մարդիկ խոսեն»,- ասաց Ռուստամյանը: