կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 16:30
Իրավական

Ամբաստանյալ կինը դատարանում բողոքեց բանտի կերակուրներից

Ամբաստանյալ կինը դատարանում բողոքեց բանտի կերակուրներից

Եռամյա երեխային թրաֆիքինգի ենթարկելու գործով  դատական նիստին այսօր չէր եկել ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Մարինեն: Նա իր երեխային տվել էր ընկերուհուն` Լուսիկին, ով էլ, երեխային գրկած, մուրացկանությամբ էր զբաղվել: Նիստերի քարտուղարը հայտարարեց, որ ամբաստանյալին ծանուցել են նիստի մասին, սակայն նամակը հետ է ուղարկվել` «Հասցեն քանդված է» գրությամբ:

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ստիպված էր նիստը հետաձգել, քանի որ նիստին չէին ներկայացել նաև ամբաստանյալների փաստաբանները:

 

Նիստի ավարտից հետո կալանքի տակ գտնվող 52-ամյա Արմիկը կրկին խնդրեց դատավորին` իրեն ազատ արձակել. «Դիմացը Նոր տարի ա, ես էլ եմ ուզում էրեխուս մոտ գնամ, էրեխուս հետ նշեմ: Թող գնամ, էսօր վեշերս էլ բերել եմ հետս»:

 

52-ամյա կինը դատավորին բողոքեց նաև քրեակատարողական հիմնարկի կերակուրներից, բայց ասաց նաև, թե հիվանդանոցում ուտելիքը լավն էր, մսի մեծ կտորներ էլ էին տալիս:

 

Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր Արմիկի փաստաբան, հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանի միջնորդությունը` կնոջ հանդեպ դատաբժշկական համալիր փորձաքննություն կատարելու համար: Կինը ճանաչվել էր սահմանափակ մեղսունակ, սակայն պաշտպանն իրենն էր պնդել: Հաջորդ դատական նիստում` դեկտեմբերի 18-ին, կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, հայտնի կդառնա` 52-ամյա կինը անմեղսունա՞կ է, թե՞ ոչ:

 

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրականի, Արմիկն ու Մարինեն, շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար:

 

Գործի նյութերի համաձայն` Մարինեն իր 6 ամսական տղային տվել է Արմիկին, որ նա, երեխային գրկած, մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ:  

 

Հ.Գ. Ամբաստանյալների անունները փոխված են: Դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կփաստի նրանց մեղավորությունը