Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց «բանդայի» գործով ամբաստանյալ Արթուր Մանուկյանի նախաքննական ցուցմունքը:
Նշենք, որ ամբաստանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ասում է, որ նախաքննական ցուցմունքն ինքը չի գրել, այլ խոշտանգումների ենթարկվելուց հետո ինչ-որ թղթերի տակ իր անունն է գրել ու ստորագրել:
Ըստ նախաքննության` Արթուրն իր ցուցմունքում հայտնել է, որ ծնվել և մեծացել է Էջմիածնում, ժամանակ առ ժամանակ մեկնել է Մոսկվա, որտեղ զբաղվել է առևտրով: 2009-ին կալանավորվել և «Նուբարաշեն»-ում գտնվելու ընթացքում մտերմացել է նույն կալանավայրում պատիժ կրող Գուգո անունով անձնավորության հետ (խմբ. խոսքը, ըստ մեղադրանք, «բանդայի»` արդեն մահացած պարագլուխ Գուրգեն Հայրապետյանի մասին է):
Ըստ նույն ցուցմունքի` ինքը մինչ 2011-ի մայիսին ՌԴ մեկնելն ունեցել է մի ծանոթ աղջիկ, ով իրենից հղիացել է և նրա հղիությունն ընդհատելու համար վերջինիս հետ գնացել են Երևանում գտնվող մի հիվանդանոց, այնուհետև պտուղը հեռացնելուց հետո միասին մի քանի անգամ գնացել են այդ բժշկի տուն, որը գտնվում էր Ձերժինսկու դպրոցի հետնամասում: Տուն գնալուց նկատել է, որ այն լավ կահավորված է եղել, ինչից ենթադրել է, որ այնտեղ լավ փող և ոսկի կլինի: Նա նշել է, սակայն, որ այդ աղջկա անունը չի հիշում, միայն գիտի, որ նա Երևանում վարձով է բնակվել: Վերոգրյալի վերաբերյալ, սակայն, Արթուրը դատարանում հայտնեց, որ այդ ամենը հորինվածք է, և որ ինքը մշտապես բնակվել է Էջմիածնում և Մոսկվայում և Երեւանի փողոցներին ծանոթ չէ, ուր մնաց` այդ հասցեն հիշեր և գրեր:
Ըստ նախաքննական ցուցմունքի` Արթուրը հայտնել է, որ 2011թ. սեպտեմբերին վերադարձել է Մոսկվայից և 3 օր իջևանել Գյումրիում` իր հետ բերելով 4-5 հազար ԱՄՆ դոլար, որը մի քանի օր անց վերջացել է: Ապա ինքը, հանդիպելով Գուգոյի հետ, առաջարկել է վերջինիս հարձակվել բժշկի տան վրա: «Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը մնացել եմ Գուգոյի վարձակալած տանը, հետո դիմակավորված գնացել ենք բժշկի տան մոտ, սակայն վախեցանք մտնել, քանի որ տարածքում մարդիկ տեսանք: Հետո, երբ մեքենայով բարձրանում էինք Նորք, ճանապարհին` Մյասնիկյանի պողոտայում, մեքենայի ճանապարհը կտրեց ոստիկանական մեքենա, որից հետո մեզ ձերբակալեցին»,- իր ցուցմունքում իբր գրել է Մանուկյանը:
Ինչպես նախորդ դատական նիստում, այսօր ևս Մանուկյանը հայտնեց, որ քննչական բաժնում խոշտանգումների է ենթարկվել: Նա նշեց, որ երբևիցե իր մտքում հանցագործություն կատարելու գաղափար չի ծագել: «Ինձ այնքան էին ծեծել` գետնին էի ընկել: Այդ թղթերը բերեցին, ասացին, որ միայն անունս գրեմ, և որ դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ի՞նչ իմանայի, որ դրանից հետո կտանեն բանտ»,-ասաց նա և հավելեց, որ այն հանգամանքը, որ ինքը Մոսկվայից Գյումրի է ժամանել, այնուհետև հանդիպել Գուգոյին, ճիշտ է, իսկ մնացածը հնարած:
Դատախազի հարցին, թե ինչպե՞ է ստացվել, որ կան հանգամանքներ, որոնք հայտնել է, իսկ կան տվյալներ, որոնք` ոչ, Մանուկյանը բացատրեց. «Ամեն բառն ասելու համար մի ժամ ծեծ եմ կերել»:
Նա նշեց, որ գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանին, Արտուշ Հակոբյանին և Քյարամ Ամոյանին (վերջինիս մասով գործն առանձնացվել է) ընդհանրապես չի ճանաչել, այլ տեսել է դատարանում, իսկ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի հետ ծանոթացել է հոգեբուժարանում բուժվելու ընթացքում: «Այս գործը կազմողներն այնպես են արել, որ ստացվի, թե բոլորս մի օղակի մեջ ենք պտտվում, բայց դա այդպես չէ»,- ասաց Մանուկյանը և ասածը փաստելու համար ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալներից ոչ մեկի հետ չի առերեսվել:
Անդրադառնալով Մանուկյանին քննչական բաժնում ծեծի ենթարկելու հանգամանքին` պաշտպանները և դատախազը հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ դրա վերաբերյալ համապատասխան մարմիններին նախկինում հաղորդում չի ներկայացրել: Մանուկյանը պատճառաբանեց, որ վախեցել է, որ նույն օրը կընկնի, և որոշել է այդ մասին դատարանում հայտնել:
Այսօրվա նիստում պաշտպանները վկայեցին, որ դատախազի տրամադրության տակ գտնվող և իրենց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում կան էական հակասություններ, մասնավորապես` ամբաստանյալի հարցաքննության մասին արձանագրությունում, որի տակ Արթուրը ստորագրել է, նշված չի եղել, թե ինչի համար է նա մեղադրվում, այսինքն` այն չի կարող ապացույց ճանաչվել: Մեղադրող դատախազն այդ առնչությամբ հայտնեց, որ դրանք միայն ենթադրություններ են, քանի որ նրանց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը լուսապատճեններ են, և հնարավոր է` անզգուշաբար կամ դիտավորյալ այն այնպես է կազմվել, որ ապացուցողական նշանակությունը նսեմացվի:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ