Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք մեծահարուստների տներ թալանելու մեջ մեղադրվող «բանդայի» գործով այսօրվա նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանը: Նա հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել, սակայն 2011թ.-ի հունվարին ազատվել է կալանքից և սկսել է աշխատել, մասնավորապես` տաքսի է վարել:
Նա նշեց, որ ճանաչել է Գուրգեն Հայրապետյանին, նրա հետ կալանք է կրել, վերջինս իր ազատվելուց հետո եկել է աչքալուսանքի: «Գուրգենի հետ հանդիպել եմ 2011թ. սեպտեմբերին, իրար հետ պայմանավորվել ենք, որ կարիքի դեպքում մեկս մյուսին կօգնենք: Հետո, մեքենան նորոգելու հետ կապված, խնդիրներ ունեի, ինձ գումար էր հարկավոր, դրա համար բարձրացա Գուրգենի վարձակալած տուն, այնտեղ տեսա Դավիթ Գալստյանին: Մի քանի րոպե զրուցելուց հետո Դավիթի հեռախոսահամարին զանգ եկավ, պարզվեց, որ Գուրգենը վթարի է ենթարկվել, տաքսի նստեցինք և Գուգենի եղբորորդու` Արամի հետ շտապ մեկնեցինք դեպքի վայր, որտեղ և մեզ ձերբակալեցին»,- ասաց Սամվել Դավթյանը:
Նա հավելեց, որ դեպքի վայրում 30-40 ոստիկանական մեքենա կար, նաև` բազմաթիվ ոստիկաններ: Այնուհետև ամբաստանյալը պատմեց 6-րդ վարչությունում տեղի ունեցածի մասին: Նրա խոսքով` 6-րդ վարչությունում խուզարկության ժամանակ նկատել է, թե ինչպես են իր գրպանն ինչ-որ բան գցում, որը, սակայն, անմիջապես հանել և նետել է սեղանին, ինչից հետո իր նկատմամբ ճնշում են գործադրել և հիշեցրել, թե որտեղ է գտնվում:
«Ես միշտ այնտեղ ամբոխ եմ տեսել, չեմ տարբերել քննիչ կամ օպերլիազոր, հետո եկան, այդ թմրանյութի պահը ձևակերպեցին և ինձ համոզեցին, որ ուզեմ-չուզեմ նստելու եմ: Ես սարսափած ընդունեցի մեղադրանքը: Մի քանի ժամ անց երևի Հայաստանում ինչքան ոստիկանության աշխատակից կար, վրայովս… Ինձ մականուն էին դրել` «Գռուզ 200» (խմբ. - սա հայտնի գաղտնաբառ է, որը կիրառվել է թեժ կետերում զոհված խորհրդային, հետո նաև ռուսաստանցի զինվորների դիակների տեղափոխման ժամանակ)»,-պատմեց Սամվել Դավթյանը:
Նա հավելեց, որ այդ ընթացքում ինչ-որ անձանց անուններ են թվել, որոնց չի ճանաչել. «Այնտեղ անընդհատ ինչ-որ անուններ էին շեշտվում` Քյարամ Ամոյան, Արտուշ Հակոբյան, Դավիթ Գալստյան, Վաչագան Խաչատրյան…» (խմբ. - վերջինիս անունն առաջին անգամ է դատարանում հիշատակվում):
Ամբաստանյալը պատմեց, որ իրեն դիմակներով տեղից տեղ են տարել, իսկ պաշտպան Կարեն Հակոբյանի հարցին, թե չի՞ հիշում` կոնկրետ ե՞րբ են դիմակներ հագցրել, ամբաստանյալը պատասխանեց. «Որտեղի՞ց հիշեմ, ինձնից մատնահետքեր են վերցրել պառկած վիճակում` ծեծվելուց հետո: Այդ պահին դիմակ էլ հագցրած կլինեին, մեջքիս «կրակադիլ» էլ նկարած կլինեին»:
Ամբաստանյալի խոսքով` ինքը որևէ հանցագործության չի մասնակցել, սակայն որոշ դրվագներում իրեն մեղավոր է ճանաչել, որն արել է ստիպված` զրպարտելով իրեն ու Գուգոյին, քանի որ մեռնել-չմեռնելու խնդրի առաջ է կանգնած եղել: Նա նշեց, որ ծեծի հետևանքով վնասվել են քիթը, կողոսկրերը, ներքին օրգանները և այլն: «Պրոֆեսիոնալ խոշտանգողները սև շորերով էին»,- ասաց Դավթյանը:
Ամբաստանյալն ուշադրության հրավիրեց այն հանգամանքին, որ տուժողներն իրենց չեն ճանաչել, իսկ ինչ վերաբերում է գողացված ավարին, ապա իրեն էլ է շատ հետաքրքիր, թե դա որտեղ է. «Ես հիմա, որ լսում եմ ավարի չափի մասին, մտածում եմ, որ պետք է օրենքով հիմա միլիոնատեր լինեի, բայց…»
Ամբաստանյալն ասաց, որ իր` կալանավայրում գտնվելու ընթացքում իր ընտանիքը, որտեղ 2-րդ կարգի հաշմանդամներ են ապրում, սնանկացել է ու հայտնվել փողոցում: «Մեր ոստիկանապետը (խմբ. - նկատի ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին) ասում է` գիտի, թե ավարը ոնց է բաժանվել: Թող հիմա էլ ասի` ամեն մեկս մեր փայը վերցնենք,- կատակեց ամբաստանյալը և հավելեց:- Ես էս ամենից հասկացել եմ, որ մենք ոչ ճիշտ ժամանակում հայտնվել ենք ոչ ճիշտ վայրում, պետք է դատվեինք` դատվել ենք: Ես այս գործի շրջանակներում որպես «բոմժ» եմ անցնում` եթե մեղավոր չճանաչեի, տանիցս դիակներ դուրս կգային»:
Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը, սակայն, հակասություններ նկատեց ամբաստանյալի տված ցուցմունքում: Նա, ամենայն հավանականությամբ, հաջորդ դատական նիստի ընթացքում կմիջնորդի հրապարակել նախաքննական ցուցմունքը: Իսկ այսօրվա նիստը պաշտպան Կարեն Հակոբյանի խնդրանքով հետաձգվեց:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ