Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես արել եմ ամեն ինչ, ինչը կարող է անել ամեն բժիշկ, եթե իմ փոխարեն լիներ, իմ խիղճը հանգիստ է, սակայն շատ եմ ցավում, որ ելքն այսպիսին էր…»,- այս խոսքերով եզրափակեց իր ցուցմունքը ամբաստանյալ` «Արաբկիր» ԲԿ-ի մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը 2-ամյա Լիա Միսակյան գործով դատական նիստում:
Այսօրվա դատական նիստում դատարանը, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, ավարտեց ապացույցների հետազոտման փուլը, այնուհետև քննարկվեց ամբաստանյալների` ցուցմունք տալու հարցը: Լիլիթ Վարդանյանը համաձայնեց ցուցմունք տալ: Իսկ մյուս ամբաստանյալ` նույն բժշկական համալիրի մանկաբույժ Զարինե Այվազյանի` ցուցմունք տալու հարցը կքննարկվի Լ. Վարդանյանի հարցաքննության ավարտից հետո:
Ամբաստանյալն իր խոսքը սկսեց` ցավակցելով մահացած երեխայի հարազատներին, ասաց, որ դեպքն իր համար սովորական երևույթ չի եղել և խորապես ցավել է ելքի համար: Նրա խոսքով` դատավարության ընթացքում խոսել են իր ՙանգրագիտության՚ մասին, և որպես հակառակի ապացույց` ներկայացրեց, թե որտեղ է սովորել, գիտական գործունեությամբ զբաղվել:
Այնուհետև պատմեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Լիա Միսակյանը հիվանդանոց է ընդունվել, ունեցել է վիրուսային ախտանշաններ, կոկորդը կարմրած է եղել, ջերմություն է ունեցել, շնչառությունը նորմալ է եղել: Թոքաբորբի որևէ ախտանիշ չի եղել, հետևաբար` ռենտգեն հետազոտություն չի նշանակել, չի արվել նաև ռևմատոլոգի և այլ մասնագետների հետ խորհրդակցություն:
Երեխայի մայրը հարցրել է, թե արդյո՞ք պետք չէ բկանցքը, նշիկները մաքրել, պատասխանել է, որ դա ոչ միայն օգտակար չէ, այլև վտանգավոր է, հնարավոր է վնասել և արյունահոսություն առաջացնել:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե նշանակել է արյան անալիզ, սակայն հետևողական չի եղել դրա պատասխանները ստանալու հարցում, ապա բժիշկը բացատրեց այսպես` երբ ավելի ուշ բուժքույրը հայտնել է իրեն, թե համապատասխան դեղամիջոցը ստանալուց հետո երեխայի ջերմությունն իջել է, սակայն այժմ նորից բարձրանում է, ինքը հարցրել է, թե արդյո՞ք իր նշած բոլոր ցուցումներն արվել են: Բուժքույրը պատասխանել է՝ այո, ներերակային կաթիլայինը միացվել է, և ջերմիջեցնողը տրվել է:
Ամբաստանյալի խոսքով` ենթադրելի էր, որ եթե ներերակային կաթիլայինը միացրել են, ապա արյան անալիզն էլ վերցրած պիտի լինեին: Այնուհետև լաբորանտին հարցրել է, թե արդյո՞ք բոլոր անալիզները նորմալ են, պատասխան է ստացել, որ շեղումներ չկան. «Ես չեմ իմացել, որ արյան անալիզները վերցված չեն եղել»,- շեշտեց ամբաստանյալը:
Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից մեկում, որպես բժշկի սխալ, նշվում է նաև այն, որ հակաբիոտիկ չի նշանակվել երեխային: Սրա վերաբերյալ ամբաստանյալն ասաց, որ մինչև 3 տարեկան երեխաներին հակաբիոտիկով չեն բուժում, նույնիսկ` թարախային անգինայի դեպքում, բացառությամբ միայն մեկ՝ ստրեպոտոկոկային վարակի դեպքում են օգտագործում հակաբիոտիկ: