Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական հասարակության ոլորտում պետության անհարկի միջամտության իրավական հիմքեր են ստեղծվում: Նման դիրքորոշում ունի «Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Սաքունցը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Yerkir.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշում է նախագծի այն կետերը, որոնց համաձայն` հասարակական կազմակերպությունը (ՀԿ) պարտավոր է հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, ինչպեսև դրան կից` ՀԿ-ում աուդիտ իրականացրած կազմակերպության եզրակացությունը, եթե ՀԿ ֆինանսական շրջանառությունը գերազանցում է 10 միլիոն դրամը:
«Յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ից ոչ ուշ, Կազմակերպությունը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) պարտավոր է հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվություն…»,- նշված է նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 25-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հետևյալը. «Եթե Կազմակերպության տարեկան շրջանառությունը հաշվետու տարում գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված անկախ աուդիտորի կողմից»:
Ա. Սաքունցը նշում է, որ աուդիտ կատարելու պահանջը չպետք է պարտադիր լինի: «Աուդիտ անելու հարցում կազմակերպությունը պետք է շահագրգռված լինի` դրամական միջոցներ ներգրավելու համար իր հանդեպ վստահությունը բարձրացնելու տեսակետից: Բայց դա պետության գործը չէ, պարտավորությունների պահանջ կարող է դրվել այն դեպքում միայն, եթե պետբյուջեից ռեսուրսներ են տրամադրվում` ինչ-ինչ գործառույթներ իրականացնելու համար»,- նշում է ՀԿ ղեկավարը և հավելում, որ աուդիտ կատարելու և հաշվետվություն տալու հարցերը պետք է լուծվեն միայն դրամական միջոցներ տրամադրողի և ստացողի միջև: Նա ընդգծում է, որ, ի դեպ, ՀԿ-ն իր ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն տալիս է հարկային մարմիններին:
Ա. Սաքունցին մտահոգում է նաև այն, որ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու, աուդիտ անելու պահանջները չկատարելու դեպքում նաև սանկցիա է նախատեսված, և գուցե բանը հասնի ընդհուպ ՀԿ-ի գործունեության դադարեցմանը: Մասնավորապես` նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե ՀԿ-ն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում լիազոր մարմնի (համաձայն նախագծի` արդարադատության նախարարությունը. –Ա.Կ.) պահանջը, ապա լիազոր մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նախագծի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել, նշում է, որ ՀԿ-ները ծառայում են հասարակությանը և այդ նույն հասարակությանն էլ ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները` հաշվետվությունների միջոցով: Նրա խոսքով` այս պարտադիր պահանջները ընդունված պրակտիկա են ժողովրդավարական հասարակարգ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները:
«Խնդիրը հետևյալն է` մեր պետական համակարգից տարբեր ժամանակներում մենք ավելի շատ տեսել ենք, որ փորձել է ինչ-որ կերպ կառավարել: Եվ եթե այդպես է, ապա պետք է մասնավոր բիզնեսը հրաժարվի ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելուց, քանի որ պետությունը դրանով կարող է ճնշել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը: Ըստ նրա` հաշվետվություններ ներկայացնելու պահանջը հավասարապես պետք է վերաբերի ինչպես բիզնես սեկտորին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին, որոնք դրամաշնորհներ կարող են ստանալ ինչպես միջազգային և մասնավոր կազմակերպություններից, այնպես էլ պետության կամ հասարակական որևէ նախաձեռնության կողմից:
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը դեմ է այն դիրքորոշմանը, թե հաշվետվությունների պահանջը գործիք է լինելու պետության ձեռքում` ՀԿ ոլորտի գործունեությանը միջամտելու համար: «Ոչ, այդ գործիքը ոչ թե պետությանն է տրվում, այլ հենց հասարակությանը: Եթե հաշվետվությունը հրապարակվում է azdarar.am-ում, ապա բոլորին տեսանելի է լինում, թե «X» կազմակերպությունը ինչ միջոցներ է ներգրավել և դրանց միջոցով արդյո՞ք հասել է իր կանոնադրական նպատակների իրականացմանը, արդյո՞ք իր շահառուների օգտին է գործունեություն ծավալել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա, հավելեց նաև, որ պետությունն ունի կազմակերպությունում ստուգումներ անելու գործիքներ, որոնք, սակայն, չունի հենց հասարակությունը:
Ի դեպ, հաշվետու լինելու գաղափարին ոչ բոլոր ՀԿ-ներն են դեմ: «Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց հետևյալ դիրքորոշումը. «Իհարկե, հաշվետու լինելու, առավել հրապարակայնորեն գործելու և վերահսկվելու նախագծով նախատեսված միջոցները կարող են քննադատվել և որոշակի դժգոհությունների տեղիք տալ՝ կազմակերպության ինքնավարության, անկախության և ինքնուրույնության շահարկումներով, սակայն կարծում եմ` այդպիսի միջոցների ողջամիտ կիրառումը կնպաստի հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը»:
Բարդ իրավիճակում կհայտնվի ՀԿ-ների «միջին խավը»
ՀԿ սեկտորի ղեկավարների մի մասն էլ խնդրահարույց է համարում այն, որ պարտադիր աուդիտ պահանջվում է 10 միլիոն դրամից բարձր շրջանառություն ունեցող կազմակերպությունների դեպքում: «Կարծում եմ` նվազագույն շեմը 10 միլիոն դրամ սահմանելն արդարացի չէ և ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում կազմակերպությունների համար լրացուցիչ միջոցներ և ժամանակ ծախսել աուդիտ կազմակերպելու ուղղությամբ: Պարտադիր աուդիտ անցկացնելու տարեկան շրջանառության նվազագույն շեմն ավելի բարձր սահմանելն առավել նպատակահարմար կլիներ, կարծում եմ»,- ասաց Լյուդվիգ Դավթյանը:
«Ժառանգ» ՀԿ-ի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանը մտահոգություն ունի, որ եթե օրենքն այս դրույթներով ուժի մեջ մտնի, ապա բարդ իրավիճակում են հայտնվելու այն ՀԿ-ները, որոնք ունեն միջին չափի ֆինանսական շրջանառություն: «Կարծում եմ` կմնան կա'մ փոքր կազմակերպությունները, որոնց շրջանառությունը 10 միլիոնը չի անցնում, կա'մ խոշորները, որոնց համար տարեկան առնվազն 800 հազար դրամ աուդիտի համար վճարելը խնդիր չէ»,- ասում է նա Yerkir.am-ի հետ զրույցում:
Կ. Վրթանեսյանը հետևյալ դիտարկումն է անում` նախագծով սահմանված 10 միլիոնը բավական փոքր գումար է: Եթե կազմակերպությունն ունի 5-6 աշխատող, ովքեր ստանում են միջինում 150 հազար դրամ աշխատավարձ, ապա միայն աշխատավարձերի տարեկան գումարը հասնում է 10 միլիոն դրամի` ծրագրային այլ ծախսերը չհաշված:
Մեր այն հարցին, թե ի՞նչ հաշվարկի հիման վրա է ընտրվել 10 միլիոն դրամի շեմը, ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Ն. Բալայանը պատասխանեց. «Պայմանականորեն ենք ընտրել: Եթե մեր շահառուները ներկայացնեն այլ հիմնավոր հաշվարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցել, քննարկել, և դրա հիման վրա նախագիծը կվերանայվի»:
Պարտավորություններին մեկտեղ տրվել են արտոնություններ
Հաշվետվություն ներկայացնելու և աուդիտ իրականացնելու պահանջին մեկտեղ նախագծով ՀԿ-ներին ֆինանսական միջոցներ ներգրավելու ավելի մեծ հնավարություններ են տրվել: Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից»:
Լ. Դավթյանը սրա վերաբերյալ նշում է, որ նման հնարավորությունը կլուծի ՀԿ-ների ինքնաֆինանսավորման խնդիրը, կայունություն կհաղորդի նրանց կողմից իրականացվող ծրագրերին: Իսկ Ն. Բալայանն իր խոսքում նշեց, որ այս դրույթը երաշխիք է ՀԿ-ների երկարաժամկետ գործունեության համար, քանի որ ներկայումս կան կազմակերպություններ, որոնք ստացած մեկ դրամաշնորհի շրջանակներում աշխատում են, իսկ երբ դրամաշնորհը վերջանում է, դադարեցվում է նաև կազմակերպության գործունեությունը:
Բնապահպան, «Քայլ» համայնքային զարգացմանն աջակցող ՀԿ նախագահ Գալուստ Նանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է նախագծի մեկ այլ դրական նորություններից մեկը. «Լավ է, որ վերջապես օրենքով ամրագրվելու է Սահմանադրական դատարանի որոշումը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն հնարավոր կլինի վիճարկել պետական և ՏԻ մարմինների վարչական ակտերը, այդպիսով` գոնե որոշակիորեն վերահսկել նրանց գործողություններն ու անգործությունը»:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունված ՍԴՈ-906 որոշմանը, որում արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` հասարակական կազմակերպությունները կամ օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող միավորումները հնարավորություն պետք է ունենան «հանդես գալու որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է»:
Իսկ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀԿ-ն դատարան դիմելու իր իրավունքը կարող իրականացնել նաև` ներկայացնելով հայց պատմամշակութային արժեքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում հանրության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպեսև պետական ու տեղական կառավարման մարմինների ակտեր` ՀՀ օրենսդրությանը հակասող գործողությունները, ակտերն ու անգործությունը բողոքարկելու համար:
Ներկայումս «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման: Ն. Բալայանը հայտնեց, որ այն ուղարկվել են տարբեր շահագրգիռ մարմինների, և սպասում են նրանց դիտարկումներին, առաջարկություններին:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ