Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի առաջին 10 ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, սննդի արդյունաբերության ոլորտում մոտավորապես 20 ապրանքատեսակի արտադրություն կրճատվել է մինչև 80 տոկոսով: Դրանց շարքում մեծ թիվ են կազմում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք սպառողական զամբյուղի անբաժանելի մասն են կազմում:
Հացի արտադրությունը նշված ժամանակահատվածում կրճատվել է մոտավորապես 1.5 տոկոսով: Կտրուկ կրճատվել է շաքարավազի արտադրությունը. այս տարվա առաջին 10 ամիսներին շաքարավազի արտադրության ծավալը նվազել է 27 տոկոսով: Բուսական յուղերի արտադրությունը նվազել է 9 տոկոսով: Արտադրության ծավալի կրճատումը չի շրջանցել նաև կաթնամթերքի ոլորտը: Մենք սկսել ենք ավելի քիչ թթվասեր ու կաթնաշոռ ուտել: Այս ապրանքների արտադրությունը կրճատվել է, համապատասխանաբար, 4.5 և 7.5 տոկոսներով:
Արդեն նշեցինք, որ այս ապրանքները սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքներից են, և դրանց կրճատումը հիմնականում պայմանավորված է տեղական խնդիրներով, քանի որ մենք ո'չ հաց, ո'չ էլ շաքարավազ չենք արտահանում: Եթե շաքարավազի դեպքում կարելի է ենթադրել, որ արտադրության նվազումը կարող է պայմանավորված լինել, ասենք, պահեստավորված շաքարավազի զգալի ծավալներով, ապա հացի արտադրության կրճատումը ուղիղ համեմատական է բնակչության թվի հետ:
Տխուր է վիճակը նաեւ պահածոների արտադրության ոլորտում: Մսի և ձկան պահածոները 10 ամսվա ընթացքում կրճատվել են 80 և 76 տոկոսով: Տոմատի մածուկի արտադրության կրճատումը նույնպես զգալի է և մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ այս արտադրատեսակը տանը պատրաստվող ճաշերի անբաժանելի մասն է. տոմատի մածուկի արտադրությունը կրճատվել է շուրջ 22 տոկոսով:
Պատկերը նույնն է խմիչքի արտադրության ոլորտում: Այսպես` օղու արտադրությունը կրճատվել է 6.5 տոկոսով, գինու արտադրությունը` 8.5 տոկոսով, կոնյակի արտադրությունը` 5.5 տոկոսով: Խմիչքների շարքից, արտադրության կրճատման առումով, ռեկորդակիրը լիկյորն է: Այս ապրանքի արտադրության ծավալի նվազումը կազմել է 82 տոկոս: Սակայն խմիչքի արտադրության կրճատումը, կարծես, դարձյալ պայմանավորված է ներքին շուկայի խնդիրներով, քանի որ, օրինակ, գինու պարագայում արտահանման ծավալն ավելացել է մոտավորապես 30 տոկոսով: