կարևոր
16747 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 15:31
Տնտեսական

Ապրանքի որակ և լարվածություն ՌԴ-ի հետ. ինչպե՞ս բացառել արգելքները

Ապրանքի որակ և լարվածություն ՌԴ-ի հետ. ինչպե՞ս բացառել արգելքները

Քաղաքական զարգացումների արդյունքում կրկին տուժող են դարձել հայկական արտահանող ընկերությունները։ Ռուս-վրացական միջպետական անցակետը՝ Վերին լարսը, վերջին շրջանում կրկին փակ էր հայկական արտադրության ապրանք արտահանող բեռնատարների համար։ Սա ռուսական իշխանության արգելքն էր, ինչ համար պաճառ էր բերվում հայկական արտադրանքի՝ պահանջվող ստանդարտներին անհամապատասխան լինելը։

Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ Հայաստանի համար Ռուսաստանը համարվում է հիմնական արտահանման շուկան։

«Այս տարի մեր մթերքների  արտահանման ավելի քան 80%-ն անցել է դեպի Ռուսաստան։ Անցակետի փակման պատճառ կարող են դառնալ մի քանի իրողություններ՝ եղանակի վատթարացումը, արտահանվող ապրանքների՝ ԵԱՏՄ-ի  պահանջներին չհամապատասխանելը և, իհարկե, քաղաքական գործոնների ազդեցությունը»- մեզ հետ զրույցում փաստեց տնտեսագետը։

Ըստ բանախոսի՝ ակնհայտ է հայկական ապրանքների բարձր որակ չունենալը և տրամաբանական է, որ ժամանակ առ ժամանակ բախվում ենք նման խնդրի։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը աչք է փակում այդ իրողության վրա՝ հաշվի առնելով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամ և հարևան երկիր լինելու փաստը։

Ռուսական կողմը սույն թվականի նոյեմբերի վերջին հետ ուղարկեց մոտ 30 բեռնատար, այն դեպքում, երբ ամբողջ տարվա ընթացքում հետ էր ուղարկվել ընդամենը 3 բեռնատար։ Ըստ տնտեսագետի՝ մենք կանգնած ենք 2 խնդրի առաջ՝ քաղաքական և տնտեսական։ Տնտեսական խնդիրներից խուսափելու համար հայկական շուկան պետք է ստանդարտներին համապատասխանող ապրանքներ արտադրի, ինչպես նաև ճիշտ կազմակերպի արտահանման իրականացումը։

Անդրադառնալով Արայիկ Հարութունյանի՝ արտահանվող մթերքների սպառումը ՀՀ-ում կամ Սփյուռքում կազմակերպելու մասին աղմկահարույց հայտարարությանը՝ Ս. Պարսյանը նշում է, որ հենց ՌԴ-ն է հանդիսանում Հայաստանի համար ամենամեծ սփյուռքը։ Կորցնելով ռուսական շուկան՝ կարող ենք կանգնել տնտեսական մեծ դժվարությունների առաջ։ Նա նշում է, որ արտահանման դադարեցման պարագայում տուժելու են ոչ միայն արտահանողները, այլ նաև գյուղացիական տնտեսությունները, որոնք պարենային անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն։

Վերին Լարսի անցակետը մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև ներկրման տեսանկյունից։ Հարցին՝ ինչպե՞ս գտնել ելքը, եթե ևս մեկ անգամ բախվենք ռուսական արգելքներին, տնտեսագետ Պարսյանը շեշտում է՝ պետք է լինի ապրանքների որակի բարձրացում, ինչպես նաև Ռուսական կողմի հետ ունեցած տնտեսական, քաղաքական լարվածության թուլացում։

Խոսելով իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք գործողությունների մասին՝ տնտեսագետը նշում է՝ պետք է կառավարությունը ստիպի մեր արտադրողներին, որ ներդրում կատարեն ապրանքի բարելավման ուղղությամբ։

Տնտեսագետն անդրադարձավ նաև եվրոշուկան գրավելու խնդրի բարդությանը։ Նշեց, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպան աչք չի փակի ապրանքի որակի բացակաության վրա, բացի այդ՝ տվյալ երկրներում կոնյակ, գինի արտադրող ընկերություններ կան, որոնց հետ մրցակցելը դժվար է լինելու։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Վերին Լարսի անցակետը փակվել է 2 անգամ՝ սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին։ Արտահանման արգելքի առաջ են կանգնել հայկական կոնյակը, գյուղմթերքը, ծաղիկ արտահանողները և այլն։

 

Սյուզի Դավթյան