կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 13:04
Հասարակություն

Մանկատնից դուրս գալով` փողոցում են հայտնվում, մեկը նույնիսկ մահացել է ցրտահարությունից

Մանկատնից դուրս գալով` փողոցում են հայտնվում, մեկը նույնիսկ մահացել է ցրտահարությունից

«Զատիկ» մանկատան շրջանավարտ Մերի Շաքարյանն արդեն 7 տարի է` սպասում բնակարան ստանալուն: Ընտանիքը բազմանդամ է, երեխաներ կան տանը, հաշմանդամություն ունեցող անձ: Ներկայումս ապրում են այնպիսի կացարանում, որտեղ լուսամուտներ չկան, ջուր` նույնպես:

 

«Ես հիմա որքա՞ն պիտի սպասեմ բնակարան ստանալուն: Կան սաներ, որոնք ինձնից հետո են հերթագրվել, սակայն արդեն ստացել են: Ես երկու տարի առաջ նախկին նախարարին հանդիպեցի, ասաց` մեկ ամսում քո խնդիրը կլուծվի: Բայց մեկ ամիսն արդեն երկու տարի է դարձել: Ես չեմ ասում` պետությո'ւն, աշխատիր, ինձ պահիր, բայց ես ինչքա՞ն պիտի աշխատեմ, որ բնակարան գնեմ կամ վարձեմ»,- Մերին հարցն ուղղեց լրագրողների հետ հանդիպմանը եկած` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին:

 

Ա. Մինասյանն ասաց, որ ներկայումս կացարանների տրամադրման կապակցությամբ բաց քննարկումներ են լինելու նախարարությունում և լուծումներ են տրվելու այս խրթին հարցերին: Եվ այդ քննարկումներին կարող են մասնակցել նաև խնդիր ունեցող անձինք:

 

2003 թվականից մեկնարկել էր խոցելի խմբերին, այդ թվում` մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում կացարան պետք է ստանար մանկատան 503 շրջանավարտ: Սակայն ծրագիրը ձախողվել է և, ըստ Վերահսկիչ պալատի, իրականացվել է միայն 20 տոկոսով, մսխվել է շուրջ 4 մլն դոլար:

 

Ա. Մինասյանի խոսքով` 2013 թվականի օգոստոսի 1-ից, կառավարության 804-Ն որոշմամբ, մեկնարկել է խոցելի մի քանի խմբերի կացարաններով և, ըստ կարիքի, սոցիալական այլ օգնությամբ ապահովելու վերաբերյալ ծրագիրը: Այս ծրագրով հստակ սահմանված են այդ խմբերը, և առաջին տեղում են հենց մանկատան շրջանավարտները:

 

Նա նշեց, որ հիմնականում կացարաններ են տրվել Մարալիկում, Սպիտակում և Երևանում` Թբիլիսյան խղճուղում կառուցված բազմաբնակարան շենքում: Մինասյանն ասաց, որ, ցավոք, կան դեպքեր, որ կացարաններից հրաժարվում են:

 

Այս կապակցությամբ «Մեր տունը» ՀԿ-ի ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը հայտնեց, որ հրաժարվելու պատճառն այն է, որ Մարալիկում և Սպիտակում կա աշխատանք գտնելու կամ կրթություն ստանալու մեծ խնդիր: Նա օրինակ բերեց իր կազմակերպությունում բնակվող երեք քույրերին, որոնցից երկուսը Երևանում ուսանող են և այժմ երկընտրանքի առջև են կանգնած` ստանալ բնակարանը և թողնել կրթությունը, թե` հրաժարվել բնակարանից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանն էլ նշեց, որ ինչքան էլ քննարկումներ լինեն, փաստը մնում է փաստ, որ մանկատան շրջանավարտները դուրս են գալիս հաստատություններից և մնում փողոցում: Նույնիսկ դեպք հիշեց, որ վերոհիշյալ «Մեր տունը» ՀԿ-ում ապրող աղջիկներից մեկի եղբայրը փողոցում մահացել էր ցրտահարվելու պատճառով:

 

Աննա Սաֆարյանը նշեց նաև, որ ավելի ծանր վիճակում են հայտնվում հաշմանդամություն ունեցողները, ովքեր հաստատություններից դուրս են գալիս և տեղափոխվում կա'մ հոգեբուժարան, կա'մ էլ ծերանոց: