կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 11:42
Հասարակություն

Մանկատնից հեռացած 14-ամյա տղան դեռ չի գտնվել

Մանկատնից հեռացած 14-ամյա տղան դեռ չի գտնվել

Գավառի մանկատնից հեռացած 14-ամյա Արևշատ Զախարյանի որոնումը դեռ շարունակվում է: Yerkir.am-ի հետ զրույցում մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ասաց, որ նորություններ դեռևս չկան, լարված են, այսօր էլ գալու են Երևան:

 

Հարցին, թե ի՞նչը կարող էր երեխայի հեռանալու պատճառ լինել, Ն. Նալբանդյանը պատասխանեց. «Պատճառը 24-ամյա եղբայրն է, ուրիշ պատճառ չկա: Մի շաբաթով եկավ, իր մոտ տարավ Արևշատին, բայց, փաստորեն, այդ մի շաբաթը շատ վատ անդրադարձավ երեխայի վրա»:

 

Ն. Նալբանդյանի խոսքով` մեծ եղբայրը, ով խուլիգանություն կատարելու համար դատապարտվել է, վերջերս է գաղութից դուրս եկել ու կապեր հաստատել Արևշատի հետ: «Սրանով արդեն ամեն ինչ ասվում է, բայց չի հասկանում, որ չի կարելի նման բան անել»,- ասաց տնօրենը:

 

Արևշատի հեռանալու օրը  տնօրենը խոսել է նրա եղբոր հետ: Վերջինս ներողություն է խնդրել, խոստացել, որ հաջորդ օրը կբերի տղային: «Ես երեկոյան խոսեցի եղբոր հետ, ներողություն խնդրեց, ասաց` դե երեխան սխալվել է, վաղը կբերեմ: Արևշատի հետ էլ խոսեցի, համոզվեցի, որ կողքին է, իմացա` ինչով է գնացել: Հաջորդ օրը մինչև ժամը երկուսը սպասեցի, չբերեց, հասկացա, որ խաբել է»,- պատմեց Ն. Նալբանդյանը:

 

Նա ասաց նաև, որ տղաների մայրը ինսուլտ տարած,  հիվանդ կին է, սոցիալապես անապահովող պայմաններում ապրող: Արևշատը ընդամենը երեք ամիս է ապրել Գավառի մանկատանը, մինչ այդ հինգ տարի խնամակալ ընտանիքում է ապրել, սակայն այնտեղ խնդիրներ է ունեցել, հեռացել է, 2 ամիս ապրել է Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոնում, այնտեղից էլ տեղափոխվել է Հայ օգնության ֆոնդի կենտրոն:

 

Տնօրենի նկարագրությամբ` Արևշատն ինքնամփոփ, քիչ շփվող երեխա է: Դասերի հետ առանձնապես սեր չի ունի, դժվարությամբ են պրոց ուղարկել: Վերջին շրջանում մանկատան ընկերներին ասել է, որ եղբոր մոտ է ուզում գնալ:

 

Ա.Կ.