Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս քննիչների դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործի մանրամասներին Yerkir.am-ն անդրադարձել էր` ներկայացնելով պատճառները: Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի և նույն բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառն այն է, որ մեկ այլ գործով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը դատախազին է ուղարկվել օրենքով սահմանված ժամկետից ուշ:
Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է քրեական գործերի նախաքննության ժամկետների երկարացմանը վերաբերող օրենսդրական խնդիրներին: Ստորև ներկայացնում ենք փաստաբանի դիտարկումները:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»:
Վերը նշված եռօրյա ժամկետի մասով դատախազության կողմից վերոհիշյալ քրեական գործերից մեկով վերջերս կայացված որոշման մեջ նշվել է. «Քննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ դատախազին ներկայացնելու քննիչի դատավարական պարտականությունն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու դատախազի համար հնարավորություն՝ պարզելու նախաքննության ժամկետի հետագա երկարացման անհրաժեշտությունը, դրա պատճառաբանվածությունը»:
Համաձայնվելով օրենսդրի կողմից սահմանված այդ եռօրյա ժամկետի վերաբերյալ դատախազության վերը նշված դիրքորոշման հետ, միաժամանակ գտնում եմ, որ օրենսդիրը նաև որևէ նորմով դատախազին չի լիազորել, որ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի որոշումն այդ եռօրյա ժամկետի խախտմամբ ստանալու դեպքում, ավելին` անգամ եթե այդ որոշումը պատճառաբանված չէ, կարող է չերկարացնել նախաքննության ժամկետը:
Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա»:
Նշված նորմում նախատեսված «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպման մեկնաբանության արդյունքում որոշ իրավաբաններ, այդ թվում` դատախազներ, գտնում են, որ դա նշանակում է, որ դատախազը կարող է նաև չերակարացնել նախաքննության ժամկետը, սակայն կարծում եմ, որ նշված նորմում «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպումն օգտագործելով օրենսդիրը կարգավորել է միայն այն հարցը, թե դատավարության որ սուբյեկտը և ինչի հիման վրա կարող է երկարացնել նախաքննության ժամկետը, որ այդ ժամկետը բացի դատախազից, դատավարության որևէ այլ սուբյեկտ, օրինակ քննիչը կամ քննչական բաժնի պետը, չի կարող երկարացնել:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
Նշվածի հիման վրա, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, կարծում եմ, որ «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այն իմասով, որ դատախազը կարող է նաև չերկարացնել նախաքննության ժամկետը, հատկապես, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում անհնար է գտնել որևէ նորմ, որով դատախազին իրավունք վերապահված կլինի ինչ-որ հանգամանքի ուժով չերկարացնել նախաքննության ժամկետը:
Միաժամանակ անհերքելի է, որ օրենսդիրը չի կարգավորել նաև այն հարցը, թե դատախազն ինչ կերպ պետք է արտահայտի իր դիրքորոշումը, որ չի երկարացրել նախաքննության ժամկետը (օրինակ` արդյոք դատախազը պետք է առանձին որոշում կայացնի նախաքննության ժաքմկետը չերկարացնելու մասին, թե ոչ և այլն), կամ ինչ գործողություններ պետք է կատարեն քննիչն ու դատախազը նախաքննության ժամկետը չերկարացնելու դեպքում` հատկապես այն դեպքերում, երբ դատախազն օգտվելով իր համար սահմանված եռօրյա ժամկետից, նախաքննության ժամկետի հենց վերջին օրը որոշում կայացնի այն չերկարացնելու մասին (օրինակ` արդյոք դատախազն այդ դեպքում պարտավոր է քննիչին ցուցում տալ քրեական գործի քննության հետագա ընթացքի վերաբերյալ, քանի որ հասկանալի է, որ այդ պահի դրությամբ քննիչի դիրքորոշումն այն է եղել, որ նախաքննությունը դեռևս պետք է շարունակվի):
Իրավաբանների մի խումբ գտնում է, որ վերը նշվածը քրեական դատավարության օրենսգրքում օրենսդրի կողմից նախաքննության ժամկետի երկարացման հետ կապված հարցերի թերի կարգավորման արդյունք է:
Ընդունելով, որ այս հարցում օրենսգրքում առկա են որոշ թերի կարգավորումներ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հաշվի առնելով քրեական գործի նախաքննությանն ժամկետների կարևորությունը, դրա երկարացման առումով օրենսդիրն այլ տրամաբանությամբ է ուղորդվել, մասնավորապես ղեկավարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, որը վերնագրված է «Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ», որի 3-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն»:
Հարկ է նշել, որ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու դեպքում, հատկապես եթե դատախազն այդ որոշումը կայացրել է նախաքննության ժամկետի ավարտի վերջին օրը, միակ հետևանքը կարող է լինել այն, որ քրեական գործի քննությունը կհայտնվի փակուղում, քանի որ դրանից հետո կատարված դատավարական գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կհամարվեն անվավեր, ինչն անընդունելի է, քանի որ հասկանալի է, որ օրենսդիրը չի կարող նախատեսել այնպիսի իրավական կարգավորում, որի պատահական կամ կանխամտածված խախտման հետևանքով անհնար լինի շարունակել քրեական գործի քննությունը և բացառվի արդարադատության իրականացումը:
Ստացվում է, որ օրենսդիրը հենց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններից ելնելով էլ կանխամտածված կերպով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավասություն վերապահող որևէ իրավական նորմ չի նախատեսել, քանի որ դա անընդունելի է, իսկ նախաքննության ժամկետի երկարացման բացառիկ իրավասությունը դատախազին վերապահելով օրենսդիրն ուղղակի նպատակ է հետապնդել նախաքննության ժամկետները քննիչի կողմից պահպանելու և անհարկի չձգձգելու համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծել, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն ապահովել, որպեսզի դատախազն արդյունավետ կերպով իրականացնի ՀՀ Սահմանադրությամբ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով իրեն վերապահված՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունը, քանի որ նույն՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենսքի 25-րդ հոդվածխի 3-րդ մասի համաձայն՝ դատախազը հանդիսանում է նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար պատասխանատու պաշտոնատար անձ:
Հարկ եմ համարում նաև հատուկ ընդգծել, որ օրենսդիրը չնախատեսելով դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու լիազորությունը, ինչպես նաև դրանից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարման ենթակա կոնկրետ գործողությունները, թե օրինակ դրանից հետո քննիչը քրեական գործի ընթացքի հետ կապված ինչ դատավարական գործողություններ պետք է և կարող է կատարել, դրա փոխարեն ողջամտորեն նախատեսել է այն հանգամանքը, որ չեն բացառվում դեպքեր, որ քննիչի կամքից անկախ բազմաթիվ հանգամանքների ուժով (երկրաշարժ, ջրհեղեղ, արտակարգ որևէ իրադրություն, անհաղթահարելի որևէ ուժի առկայություն և այլն) կամ նույնիսկ դիտավորյալ գործողությունների հետևանքով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը դատախազին ներկայացվի կամ փոստի միջոցով վերջինիս հասնի նախաքննության ժամկետի ավարտից հետո, ուստի օրինականության սկզբունքը, ինչպես դատավարության մյուս մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել է դրա հետևանքը, որ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, սակայն կրկին հասկանալով, որ այդ զուտ տեխնիկական (կլինի դա օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված) խնդրի պատճառով չի կարող քրեական գործի ճակատագիրը և արդարադատության շահը վտանգի տակ դրվել, ուստի նույն հոդվածով վերապահում է կատարել՝ եթե ժամկետը չի վերականգնվում:
Առավել պատկերավոր լինելու համար բերենք հետևյալ օրինակը. ենթադրենք որևէ անհետաձգելի քննչական գործողություն կատարելու համար քննիչը մեկնել է որևէ սահմանամերձ բնակավայր` իր հետ տանելով քրեական գործը, որտեղից ճանապարհների անանցանելիության պատճառով ֆիզիկապես չի կարողանում առնվազն 3 օր առաջ վերադառնալ և անձամբ կամ գոնե փոստի միջոցով դատախազին ներկայացնել կամ հանձնել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը և այն օբյեկտիվորեն կարողանում է ներկայացնել միայն նախաքննության ժամկետի ավարտից մեկ օր անց:
Մի՞թե այդ դեպքում նույնպես նշված տեխնիկական խնդրի պատճառով դատախազը պետք է չերկարացնի նախաքննության ժամկետը և միայն այդ պատճառով որևէ հանցագործության, այդ թվում` որևէ առանձնապես ծանր, պետական և հասարակական խիստ կարևոր նշանակություն ունեցող հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործը պետք է հայտնվի փակուղում, ինչը որոշ դատախազների գնահատմամբ անհնարին է դարձնում ենթադրաբար հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կամ վերջինիս անմեղությունը պարզելը, ինչն իր հերթին վնաս է պատճառում արդարադատության շահերին:
Օրենքի նման կարգավորման և մեկնաբանման դեպքում յուրաքանչյուր քննիչ, ցանկության դեպքում, կարող է փակուղի մտցնել ցանկացած քրեական գործ, դրանով իսկ, թեկուզ իրեն «զոհաբերելով», հանցագործություն կատարած ցանկացած անձի ազատել քրեական պատասխանատվությունից, ինչը բացարձակապես չի կարող բխել օրենսդրի տրամաբանությունից:
Գտնում եմ, որ նմանատիպ իրադրությունում, երբ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը ցանկացած պատճառով դատախազին է ներկայացվել կամ նրան է հասել օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի խախտմամբ կամ նախաքննության ժամկետի ավարտից հետո և եթե անգամ դատախազը չի կարողացել պատշաճ կերպով ուսումնասիրել քննիչի ներկայացրած որոշման պատճառաբանվածությունը, միևնույն է պարտավոր է նախաքննության ժամկետը երկարացնել գոնե այնպիսի ողջամիտ ժամկետով, որը քննիչին հնարավորություն կտա սահմանված ժամկետի պահպանմամբ ևս մեկ անգամ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշում ներկայացնել դատախազին, որից հետո դատախազը հնարավորություն կունենա եռօրյա ժամկետում ուսումնասիրել այդ որոշումը:
Համոզվելու համար, որ օրենսդիրը չի նախատեսել դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու հնարավորություն, բավարար է փորձել պատասխանել հետևյալ հարցին. եթե օրինակ քննիչը նախաքննության ժամկետը լրանալուց 3 օր առաջ անձամբ` առձեռն, դատախազին հանձնի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը և դատախազն էլ, օգտնվելով իրեն տրված եռօրյա ժամկետից, այդ ողջ ընթացքում պատշաճ կերպով ուսումնասիրի այդ որոշման պատճառաբանվածությունը, որից հետո եռօրյա ժամկետի ավարտին հանգի այն եզրահանգման, որ որոշումը պատճառաբանված չէ, ապա այդ դեպքում ինչ որոշում պետք է կայացնի, արդյոք դատախազն այդ դեպքում իրավասու է չերկարացնել քրեական գործի նախաքննության ժամկետը և քրեական գործի հետագա քննությունն անհնարին դարձնել:
Իհարկե` ոչ: Գտնում եմ, որ այդ դեպքում ևս դատախազը պարտավոր է երկարացնել նախաքննության ժամկետը` թեկուզ այն ողջամիտ ժամկետով, որը բավարար կլինի քրեական գործով վարույթը կասեցնելու կամ կարճելու մասին քննիչի կողմից որոշում կայացնելու կամ ասենք նախաքնության ավարտ հայտարարելու, գործի նյութերը կողմերին ծանոթացնելու և գործը դատախազին ուղարկելու համար մեղադրական եզրակացություն կազմելու համար:
Իսկ եթե, այնուամենայնիվ, նշված որոշումը դատախազին է ներկայացվել նախաքննության ժամկետի ավարտից հետո, ապա նախաքննության ժամկետը երկարացնելու հետ միաժամանակ, դատախազը, պարզելով, թե նախաքննության ժամկետը լրանալուց հետո ինչ դատավարական գործողություններ են կատարվել, կարող է քննարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու նպատակահարմարության հարցը»: