կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 17:00
Իրավական

Քննիչների դեմ հարուցված քրեական գործի մանրամասներ. գործով փաստաբան է ներգրավվել

Քննիչների դեմ հարուցված քրեական գործի մանրամասներ. գործով փաստաբան է ներգրավվել

Շենգավիթի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարել էր ՀՔԾ-ն և կարճել գործը` հանցագործության բացակայության հիմքով, սակայն երկու օր առաջ դատախազությունը գործը կարճելու որոշումը վերացրել է և վերոհիշյալ երկու անձանց` Սամվել Մկրտչյանին և Հակոբ Մանուկյանին, քրեական գործով մեղադրյալ է ներգրավել` Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Հարուցված քրեական գործի իրավական նրբություններին Yerkir.am-ը ծանոթացավ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանի կողմից ընդունված` քրեական գործը կարճելու մասին որոշումն ընթերցելիս:

 

Այսպես` մոր կողմից երեխային ծեծելու դեպքի առթիվ մայիսի 19-ին քրեական գործ է հարուցվում Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Արսեն Մարգարյանի կողմից, և հարուցված քրեական գործն ուղարկվում է ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի պետին` գործով նախաքննության կատարումը քննիչի հանձնելու համար: Այս տարվա մայիսի 23-ին քրեական գործի վարույթն ընդունում է քննիչ Հակոբ Մանուկյանը: Հուլիսի 14-ին Լ.Ս.-ին մեղադրանք է առաջադրում Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` անչափահաս դստերը խոշտանգելու համար:

 

Գործի նախաքննության ժամկետը 4 անգամ երկարացվել է: Եվ երկարացնելու միջնորդություն հարուցելու` քննիչի որոշումները դատախազություն են ուղարկվել  քննչական բաժնի գրասենյակի միջոցով: Վերջին անգամ բավարարված միջնորդության համաձայն` նախաքննության ավարտը սահմանված է եղել հոկտեմբերի 13-ին:

 

Հոկտեմբերի 10-ին քննիչ Մանուկյանը 5-րդ անգամ նախաքննության ժամկետը երկարացնելու (1 ամսով) միջնորդություն հարուցելու որոշում է ընդունում: Որոշումը դատախազություն ուղարկելու մասին գրություն է ստորագրում Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանը: Հ. Մանուկյանը որոշումը կից փաստաթղթերի հետ հանձնում է քննչական բաժնի գրասենյակի գործավարին, որպեսզի վերջինս դրանք ուղարկի դատախազություն: Սակայն գործավարն անուշադրության հետևանքով դրանք սխալմամբ ուղարկում է ոստիկանության բաժնի քարտուղարություն: Դրանք հետ ուղարկվելուց հետո` հոկտեմբերի 14-ին, գործավարն ուղարկում է դատախազության գրասենյակ:

 

Հոկտեմբերի 15-ին վարչական շրջանի դատախազը հետ է ուղարկում քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը` պատճառաբանելով, որ ՔԴՕ 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ, այսինքն` հոկտեմբերի 10-ից ոչ ուշ, իսկ տվյալ դեպքում` որոշումը ներկայացված է եղել նախաքննության ժամկետի ավարտից մեկ օր հետո: Դատախազը նշել է նաև, որ որոշումը պատճառաբանված չէ:

 

Դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացվելուց հետո Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Մելքոնյանը հոկտեմբերի 15-ին ցուցում է տվել ավարտել նախաքննությունը և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Քննիչ Մանուկյանն այդպես էլ արել է:

 

ՀՔԾ-ի կողմից կատարվող նախաքննության ընթացքում քննիչ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ անգամ չի կասկածել, որ որոշումը դատախազին է հասել ուշացումով, դրա մասին իմացել է միայն հոկտեմբերի 15-ին և մինչև հոկետմբերի 13-ը դատավարական որոշումներ է ընդունել, գործողություններ կատարել:

 

Նախաքննության ընթացքում Ս. Մկրտչյանը ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 10-ին ստորագրել է քննիչ Հակոբ Մանուկյանի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը դատախազություն ուղարկելու գրությունը` նախապես համոզվելով, որ ժամկետի երկարացման մասին որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով` ժամկետը լրանալուց 3 օր առաջ: Իսկ հետագայում նախաքննության ժամկետի երկարացման հանգամանքով հատուկ չի հետաքրքրվել, քանի որ մտածել է, որ որոշումը դատախազը ստորագրված կուղարկի քննչական բաժին:

 

Սամվել Մկրտչյանի ցուցմունքի համաձայն` տվյալ իրավիճակը քննարկել են իր տեղակալ Կարեն Մելքոնյանի հետ և որոշել, որ ճիշտ կլինի, առանց նոր քննչական գործողություններ կատարելու կամ դատավարական որոշումներ կայացնելու, քրեական գործով նախաքննությունը համարել ավարտված, գործի նյութերը ծանոթացնել կողմերին, կազմել մեղադրական եզրակացություն և գործն ուղարկել դատախազին: Դա համարել են  տվյալ իրավիճակում միակ հնարավոր լուծումը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կարգ չի նախատեսում, թե ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ դատախազը չի երկարացնում նախաքննության ժամկետը:

 

Ս. Մկրտչյանն իր ցուցմունքում հայտնել է նաև, որ իր լիազորությունը պատշաճ կատարել է, ժամկետի երկարացման որոշումը դատախազություն ուշ հասնելու մեջ վարույթն իրականացնող մարմնի մեղքը բացակայում է, դրանում վստահաբար կհամոզվեր նաև դատախազը, եթե նախքան քրեական գործի նախաքննության ժամկետի երկարացման միջնորդությունը չբավարարելը փորձեր միջոցներ ձեռնարկել` պարզելու ուշացման պատճառը: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Կարեն Մելքոնյանը:

 

Համաձայն քրեական գործը կարճելու որոշման` նախաքննության ընթացքում, որպես վկա, կանչվել է նաև դատախազ Արսեն Մարգարյանը, բայց նա չի ներկայացել:  Սակայն Հակոբ Մանուկյանի հարցաքննությամբ պարզաբանվել են Արսեն Մարգարյանի հարցաքննությամբ ակնկալվող հանգամանքները, ուստի վերջինիս հարցաքննելու անհրաժեշտությունը վերացել է: 

 

Նախաքննական մարմինը համակցության մեջ գնահատելով  նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքի` անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, գտել է, որ սույն գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի և նույն բաժնի պետ Սամվել Մկրտչյանի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ պաշտոնեական անփութություն կատարելու հանգամանքը:

 

Այսպիսով` նախաքննական մարմինը որոշել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի, նույն բաժնի պետ Սամվել Մկրտչյանի, պետի տեղակալ Կարեն Մելքոնյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով կամ 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Նշենք նաև, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, քննիչների դեմ հարուցված այս գործով արդեն իսկ պաշտպան կա ներգրավված: Այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: