կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 17:00
Իրավական

Այս դեպքում շատ անորակ ձեւով է կատարվում քաղաքական պատվերը. իրավապաշտպանը՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին

Այս դեպքում շատ անորակ ձեւով է կատարվում քաղաքական պատվերը. իրավապաշտպանը՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում համապատասխան մարմինները քաղաքական պատվերը շատ անորակ ձեւով են կատարում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին, իրավապաշտպանն ասաց. «Այստեղ ուղղակի լսելով պաշտպանին եւ նաեւ հակառակ մոտեցումները, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեղմ ասած, այս դեպքում շատ անորակ ձեւով է կատարվում քաղաքական պատվերը ։ Միայն այն հանգամանքը, որ ոչինչ հետաքրքիր չէր վարույթն իրականացնող մարմնին եւ արդեն նախապես պատրաստ էր որոշումը, որի հետ կապված պաշտպանի հիմնավորումները շատ համոզիչ էին, արդեն բավարար է այդ հետեւությանը հասնելու համար, ուղղակի ինձ համար շատ տարօրինակ է, որ այս պատվերը այս աստիճան անորակ ձեւով է կատարվում»։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը ավարտվել է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Գործով անցնում են ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Ըստ տեղեկությունների 3-րդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին շրջանում հարուցված աղմկահարույց քրեական գործերի դեպքում, ստացվում է, գործ ենք ունենում մեկ ցուցմունքով առաջադրված մեղադրանքի հետ, Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է ցուցմունքին ես չգիտեմ, մեկ անձի ցուցմո՞ւնք է, թե՞ դրա հետ կապված այլ ուղղակի ապացույց կա։ Չեմ կարող դատել, բայց շատ տարօրինակ հանգամանքներում է այդ ցուցմունքը վերցվել եւ կարծում եմ՝ մի օր իմանալու ենք, թե ինչպես է ստացվել, որ այդպես է ստացվել»։

Ինչ վերաբերում է գործառութային անձեռնխելիության հանգամանքին եւ առհասարակ, այս առնչությամբ ՍԴ հայտնի որոշմանը, որը կայացվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ինչպես դատախազությունը, այնպես էլ մի քանի կոնկրետ դեպքերում՝ դատարանը, անհրաժեշտ եւ բավարար հարգանք չի դրսեւորել ՍԴ-ի իրավական դիրքորոշումների հանդեպ, իսկ այդպիսի հարգանք դրսեւորելը ոչ թե ցանկության հարց է, այլ ուղղակի իրավական պարտականություն, որը ինչ-որ մի պահի նաեւ իրավական հետեւանքներ է առաջացնում։

Այլ հարց է, որ լինի մեկնաբանություն, այդ մեկնաբանության հետ հնարավոր լինի համաձայնել կամ հնարավոր չլինի համաձայնել, այն համապատասխանի կամ չհամապատասխանի ողջամտության նվազագույն չափանիշին, բայց մեկ այլ իրավիճակ է, երբ առհասարակ , դա անտեսվում է»։