կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 22:33
Քաղաքական

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվի. փաստաբան

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվի. փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրա դեմ հարուցված քրեական գործը կշարունակի քննվել:

«Անձի մահվան դեպքում երկու տարբերակ կա, կա՛մ պետք է դիմել, որ մահվան հիմքով կարճվի, կա՛մ  իրավունքների խախտման վերականգնման հետ կապված գործառույթներ իրականացնել, այսինքն կա՛մ գործը կարճվում է մահվան հիմքով, կամ իրավահաջորդը՝ տվյալ դեպքում՝ մերձավորներից մեկը, դիմում է, որ խախտված իրավունքը վերականգնվի: Փաստաբանական կողմն ընտրել է երկրորդ տարբերակը»,- ասաց Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենց միջնորդությունը դատարանն արդեն բավարարել է: Մեր հարցին, թե կարծում են, որ կհասնեն արդարացմա՞ն, Բաղդասարյանն  արձագանքեց.

«Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ քրեական գործը, ըստ էության, շինծու քրեական գործ էր՝ բխող բոլոր իրավական հետևանքներով, իսկ այս քրեական գործի ընթացքում անձը տևական ժամանակ ենթարկվեց խոշտանգման, որի վերաբերյալ նաև առկա է ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Հետամուտ ենք լինելու, որ իրավունքների առերևույթ խախտումը, Գրիգորյանի հետ կապված, վերականգնվի»:

Հիշեցնենք՝ Գրիգորյանին, ինչպես նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին,   մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):