Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանտաժի, ծեծի ու բռնաբարության ենթարկված` 28-ամյա Մարինեն ոստիկանության աշխատակիցների միակողմանի ու աչառու գործունեության հետևանքով ոչ միայն ծանր հոգեկան վիճակում է հայտնվել եւ ստիպված բուժվել «Սթրես» հոգեկան առողջության և վերականգնման կենտրոնում, այլև լուրջ խնդիրներ ունի համալսարանում: Նրա դեմ հալածանքները շարունակվում են:
Երևանի քննչական վարչություն քննիչ Կարո Հակոբյանը նախաքննության փուլում հարցաքննության է կանչել աղջկա համակուրսեցիներին, և նրանք «ցուցմունք են տվել» այնպիսի բաների մասին, որոնց վերաբերյալ տեղեկություն ունենալ պարզապես չէին կարող: «Ես կուրսում ոչ ոքի հետ այնքան մոտ չեմ եղել, որ իմանային, թե իմ կյանքում տղա կա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց աղջիկը:
Քննիչի կողմից կազմակերպված այս «հարցաքննությունների» արդյունքում բռնաբարության դեպքի մասին տեղեկանում են համալսարանում, որտեղ աղջիկը սովորում է: Համակուրսեցիներից մի քանիսը դիմում են դեկանին, ասում, թե չեն ուզում նրա հետ սովորել, չեն ուզում, որ նա կուրսի ավագը լինի:
Ու թեև դեկանը կուրսում հայտարարում է, թե արդյո՞ք դեմ են Մարինեի ավագ լինելուն, և ոչ ոք դեմ չի արտահայտվել, այնուամենայնիվ, դեկանը որոշել է, որ պետք է մեկ ուրիշն ավագ լինի: «Նա, չարաշահելով իր պաշտոնը, իմ իրավունքները ոտնահարել է` ավագությունից հանելով»,- ասաց աղջիկը:
Սրանից հետո Մարինեն նամակով դիմում է Կրթության և գիտության նախարարին: Վերջինս հանձնարարում է բուհի ռեկտորին` զբաղվել խնդրով: Դեկանն էլ ռեկտորին բացատրություն է տալիս, թե Մարինեն մի շարք խախտումներ է արել: «Բայց դեկանը ընդամենը երկու ամիս առաջ ինձ բնութագիր էր տվել, որ գերազանց առաջադիմություն ունեմ և բարեխղճորեն եմ կատարում ավագի պարտականությունները: Իմ փաստաբանն էլ գրավոր հարցում էր արել` խնդրելով տրամադրել փաստեր, թե ի՞նչ խախտումներ են կատարվել իմ կողմից, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել»,- պատմեց Մարինեն:
Նա նշում է, որ իր հետ պատահածից հետո հենց ինքն էր ցանկացել հրաժարվել ավագ լինելուց, սակայն իր կարծիքը չեն լսել, ավելին` փորձել են տրորել. «Ես արդեն մեկ ամիս է` դասի չեմ գնում: Եվ իրենք գոնե ամեն ինչ անեին, որ ես շարունակեի դասի գնալ, հեշտ հաղթահարել կատարվածը, արեցին հակառակը: Ինչ էր նշանակում այն, որ ուսխորհրդի նախագահը մտնում է լսարան ու հայտարարում` իրեն չընտրեք, ինքը չի կարող ավագ լինել»:
Օրեր առաջ Մարինեն նորից դիմել է կրթության և գիտության նախարարին, ով էլ կրկին հանձնարարել է ռեկտորին` զբաղվել խնդրով: Աղջկան իր մոտ է կանչել պրոռեկտորը: «Նա երևի սթափ վիճակում չէր, չէր էլ լսում մեզ, քնում էր` աթոռին նստած: Վերջում ասաց` ի՞նչ ես ուզում, որ քո իրավունքները վերականգնվե՞ն: Ես ասացի, որ դեկանը պետք է ներողություն խնդրի ինձնից ինձ անհիմն կերպով ավագությունից հանելու համար: Ասաց, որ դա իրենց գործառույթներից վեր է»,- պատմեց աղջիկը: Նույնաբովանդակ է նաև ստացված գրավոր պատասխանը:
Ի դեպ, միայն ավագ լինել-չլինելով` խնդիրը չի վերջանում: Քննիչների գործունեությունից հետո համակուրսեցիների միջև հարաբերությունները, կարելի է ասել, թշնամանքի են հասել` Մարինեին հաճախ ուղղակի չեն նկատում, ավագը դասախոսին հանձնելու համար կուրսեցիներից ռեֆերատները հավաքում է, իսկ Մարինեինը չի վերցնում: Երբեմն էլ բանը հասնում է վիրավորանքների` «փչացած» և այլն:
Հրապարակում ենք նաև Մարինեի և նրա նախկին ընկերներից մեկի ֆեյսբուքյան զրույցից մի հատված, որից երևում է, թե ինչ գռեհիկ բառապաշարով են խոսում աղջկա հետ:
Հ.Գ. Աղջկա անունը փոխված է: Բուհի անունը նույնպես չենք հրապարակում` աղջկա ինքնության գաղտնիությունից ելնելով: