Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստիպված ենք հաճախակի անդրադառնալ քաղաքի բետոնացման խնդրին, քանի որ Երեւանի տեսքը ձեւախեղելու դեպքերը գրեթե ամենօրյա են: Մշտապես ահազանգեր են հնչում քաղաքի այս կամ այն մասում ծառերի եւ կանաչ տարածքների ոչնչացմանը բիզնեսի ամենազոր ձեռքի հասնելու վերաբերյալ:
Թվում էր, թե Երեւանի կենտրոնը կառուցապատելու համար այլեւս ազատ մնացած տարածք չկա: Պարզվում է` դեռ կա: Տիգրան Մեծ 53/3 հասցեում` քաղաքի կենտրոնական մասերից մեկում, արդեն տեղադրվել են շինարարական հարմարանքներ, եւ «ԷՍԿՈ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ-ն նախկին զբոսայգու կանաչ տարածքի եւ ջրային տարածքի տեղում կառուցում է բազմահարկ առեւտրի կենտրոն եւ հյուրանոցային համալիր:
Տարածքը տարիներ շարունակ անտերության է մատնված եղել, սակայն զբոսայգիներ և ջրավազաններ կառուցելու իր ծրագրերի մասին բարձրաձայնող քաղաքապետարանը հնարավորություն ուներ հերթական բետոնապատման նախագծի փոխարեն շատ ավելի փոքր ներդրումով վերականգնել շրջակա շենքերի բնակիչների համար նախատեսված այդ կանաչ գոտին: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հանդես եկավ «մի թիզ կանաչ տարածք չզիջելու» հայտարարությամբ, անհրաժեշտ համարեց կանաչ տարածքների վերականգնումը եւ խոստացավ, որ դրանց հաշվին որեւէ շինարարություն այլեւս չի լինի:
Բոլորս ենք հիշում քաղաքապետի զայրալից խոսքը, երբ արգելվում էր փողոցային առեւտուրը. «Երեւանում ընդհանրապես անօրինական բան չպետք է լինի»: Այս տարվա ապրիլի 14-ին տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը կրկին խիստ եւ հետեւողական վերահսկողություն պահանջեց մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման եւ բարեկարգման մասով: Եվ ահա հերթական դեպքը:
Քաղաքապետարանից այսօր ակնկալում ենք պատասխան, թե ինչ հիմքով է թույլատրվել ընկերությանը կանաչ գոտու հաշվին շինարարություն իրականացնել: