կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 16:43
Իրավական

Հայաստանում ռուս գործարարին «քցել» է նախկին դատախազի որդին

Հայաստանում ռուս գործարարին «քցել» է նախկին դատախազի որդին

Ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովին Հայաստանում ներդրումներ անելու է հրավիրել նրա 12 տարվա ընկերը` խորհրդային տարիների գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, սակայն հետագայում յուրացրել է Կորեպանովի ներդրած գումարները: Այս մասին այսօր լրագրողներին պատմեց հենց ռուս գործարարը:

 

Նրա խոսքով` 2005 թվականին, երբ առաջին անգամ Հայաստան է եկել ու տեսել, թե ինչպես են երեխաները դրսում ազատ խաղում, նույնիսկ` երեկոյան ժամերին, ցանկացել է գործ հիմնել, ապրել այստեղ, սակայն մայրը ծանր հիվանդ է եղել: Ընդհանուր բիզնես սկսելու վերաբերյալ պայմանագրերը կնքվել են, բայց մոտ 2.5 տարվա ընթացքում Հայաստանում եղել է 1-2 անգամ:

 

«Ես երկու տարի հոգ էի տանում մորս մասին, ով հիվանդ էր քաղցկեղով:  Եվ այդ ընթացքում նախագծով զբաղվում էր Վիկտորը, որին ես այդ ժամանակ դեռ ընկեր էի համարում: Մենք Կասկադի մոտ` Շառլ Ազնավուրի թանգարանի դիմաց, բազմաբնակարանային շենք էինք կառուցում: Մորս մահից հետո, երբ ես վերադարձա Հայաստան, պարզվեց, որ այդ ընթացքում նա զբաղվել է իմ գումարների յուրացմամբ»,- պատմեց ռուս գործարարը:

 

Քանի որ այդ ժամանակ Հայաստանի քաղաքացի չհամարվողները չէին կարող հողամաս գնել,  հողամասը, որտեղ պետք է կառուցվեր բազմաբնակարան շենքը, Վիկտորի միջնորդությամբ է Կորեպանովը գնել, սակայն գրանցումը կատարվել է այլ անձանց անունով: «Ներկայումս նրանք ո'չ հողամասն են ցանկանում վերադարձնել, ո'չ էլ ներդրված գումարները»,- ասաց գործարարը:

 

«Վելես» ՀԿ-ի հետ համագործակցող փաստաբան Մկրտիչ Դավթյանը, ով նաև Կորեպանովի շահերն է ներկայացնում, ասաց, որ ռուս գործարարը 5 միլիոն 200 հազար դրամ գումար է ներդրել «Անսուր ինվեստ» շինարարական ընկերությունում, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է իրեն, մյուս մասն էլ՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, թեև վերջինս որևէ լումա չի ներդրել: Հետագայում` նոր ներդրողների ի հայտ գալուց հետո, Կորեպանովի բաժնետոմսերը կազմել են 33 տոկոս: