կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 14:23
Իրավական

«Նե» ամսագրի խմբագիր Անահիտ Ամիրյանը թոշակառու բարեկամին է՞լ է «քցել»

«Նե» ամսագրի խմբագիր Անահիտ Ամիրյանը թոշակառու բարեկամին է՞լ է «քցել»

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ «Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանն անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ նրա հրատարակած ամսագիրը լույս չի տեսնում: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Խմբագրության դռները վաղուց փակ են: Ըստ թերթի` անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Անահիտ Ամիրյանն անգամ «քցել է» իր թոշակառու բարեկամներից մեկին, ումից մոտ 3 ամիս առաջ 6000 դոլար պարտքով գումար է վերցրել` խոստանալով մեկ ամիս հետո վերադարձնել, սակայն, արդեն նշեցինք, անհետացել է: Թոշակառուն մեզ հայտնեց, որ մի քանի օր էլ կսպասի, և եթե Անահիտն այդպես էլ չհայտնվի, կդիմի իրավապահներին:

 

Գրեթե ամեն օր Անահիտի պարտատերերն այցելում են նրա` Պտղնիում գտնվող տունը, որի դռներն արդեն տևական ժամանակ է` փակ են: Հարևաններն այցելուներին ասում են, որ Անահիտի մասին որևէ տեղեկություն չունեն: Ի դեպ, Անահիտ Ամիրյանի` Պտղնիում գտնվող մյուս առանձնատունը, որը գրավադրված էր բանկում, արդեն վաճառվել է:

 

Մեր տեղեկություններով` մեծ թվով պարտքեր ունի նաև Անահիտի որդին` Վիգենը: Ըստ մեր հավաստի աղբյուրների`  երկու օր առաջ` մարտի 11-ին,  Վիգենը մեկնել է Գերմանիա, իսկ Անահիտ Ամիրյանը, ամենայն հավանականությամբ, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:

 

Անահիտի պարտատերները խուսափում են առայժմ դիմել իրավապահներին, քանի որ վախենում են նրա` դրսում ունեցած կապերից: Մեր տեղեկություններով` Անահիտ Ամիրյանը  Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նշենք, որ Անահիտ Ամիրյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, սակայն Արմեն Ամիրյանը պնդում է, որ քրոջ հետ 10 տարուց ավելի է` ոչ մի առնչություն չունի և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի: