կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 16:39
Քաղաքական

Գործարարը նախագահի եղբորն է՞լ է ''քցել''

Գործարարը նախագահի եղբորն է՞լ է ''քցել''

Գործարար Վլադիսլավ Մանգասարյանի կալանավորումը վաղ թե ուշ պետք է լիներ: Այս կարծիքին է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Արնի լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով Մանգասարյանի ձերբակալմանը, փաստաբանն ասաց, որ դա գործարարի ստեղծած ֆինանսական բուրգի արդյունքն է:  «Մանգասարյանի անուղղակի մասնակցությամբ  տարբեր  քրեական գործեր փոխկապակցված են միմյանց:  Իմ կարծիքով` որոշ մարդկանց նկատմամբ ֆինանսական պարտավորություն ունենալով` մեկ ուրիշից պարտքով գումար է վերցրել` մյուսինը փակելու համար` ավելացնելով  պարտքերի ծավալը:  Նրա մասնակցությամբ ֆինանսական քաշքշուկները հայտնի են հատկապես շինարարական բիզնեսում: Նա էժան գնով իբր տարածքներ է վաճառում բնակիչներին, նրանցից ստանում կանխավճար, իսկ հետո, չկարողանալով «տեղավորվել» նախանշված ժամկետում, մեկ ուրիշից է պարտք վերցնում...Փաստորեն, ստեղծված ֆինանսական բուրգը հանգեցրեց նրա ձերբակալմանը»,- ասաց փաստաբանը:

 

Հարցին` ինչո՞ւ պետք է ձերբակալվեր ՀՀ նախագահի եղբոր ընկերը, հնարավո՞ր է նրա ձերբակալությունը կազմակերպված լինի առաջիկա նախագահական ընտրությունների  ֆոնին,  Բաղդասարյանը պատասխանեց. «Կարծում եմ` նա նույն կերպ է վարվել նաև Լևոն Սարգսյանի հետ, հնարավոր է` պարտավորություններ է ունեցել և չի կարողացել դրանք մարել: Մանգասարյանի  դիմակը պատռվեց դեռևս երկու տարի առաջ: Գործարար Էդմոն Խուդյանի գործով մամուլում բազմիցս շրջանառվեց Մանգասարյանի անունը, և շատերը տեղյակ էին, թե ով է իրականում նա:  Մանգասարյանի գործով տուժողների թիվը հետզհետե կավելանա, քանի որ շատերն են նրա խաբեության զոհը դարձել»:

 

Հիշեցնենք, որ Մանգասարյանը ձերբակալվել է նախօրեին` խարդախությամբ Արտաշես Շահբազյանից 120 հազար դոլար հափշտակելու կասկածանքով և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: