Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը: Օրենքը նպատակ ունի կարգավորել կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցության ցուցաբերման գործընթացը: Ծրագիրն իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է մեկ միլիարդ դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու օրենքի շրջանակներում շատ կարևոր է սոցիալական գործընկերության սկզբունքը: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է «Հայռուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին:
«Այս ընկերությունները, որոնք խոշոր եկամուտներ են ստանում, իրենց վրա պատասխանատվություն վերցնեն գազի ու էլեկտրաէներգիայի փոխհատուցման մասով` իրականացնելով որոշակի սոցիալական գործընկերության ժեստ: Չգիտեմ` ինչքանով իրատեսական է, բայց կառավարությունը կարող է նման բանակցություններ սկսել, կամ էլ այդ ընկերությունները կարող են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ»,- ասաց նա:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կարևորեց պատգամավորի կոչը`«Հայռուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին: «Մենք էլ մեր մասով կփորձենք դա քննարկել համապատասխան հարթության վրա: Իրավացի եք, որ սոցիալական գործընկերության երևույթը պետք է գործի: Չէ որ այս օրենքը նաև ապահովելու է գազի ու էլեկտրաէներգիայի երաշխավորված սպառում, այսինքն` սպառումը, ըստ էության, կավելանա: Եվ ռեալ մոտիվացիա կա, որ այդ ընկերությունները իրական ու կրեատիվ քաղաքականություն կսկսեն վարել սահմանամերձ համայնքների համար: Ճիշտ հարցադրում է, կփորձենք հետամուտ լինել»,- ասաց Վաչե Տերտերյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նույնպես կարևորեց Սամվել Ֆարմանյանի բարձրացրած հարցը, սակայն նշեց, որ երևույթն ինքը կանվաներ ոչ թե սոցիալական գործընկերություն, այլ սոցիալական պատասխանատվություն: Նա նշեց, որ հերթը խոշոր կորպորացիաներինը կամ կազմակերպություններինն է, որ նրանք առաջարկություններ ներկայացնեն ու ավելի լավ պայմաններ առաջարկեն: Եվ պետք է խրախուսվի այդ քաղաքականությունը պետության կողմից, խրախուսման շատ ձևեր կան, որպեսզի այս խոշոր կազմակերպությունները սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնեն ծրագրեր: