Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական մամուլն անդրադարձել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռին:
«Ադրբեջանական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ շփման գծին չափազանց մոտ ուսումնավարժական թռիչքներ կատարող` Հայաստանի օդային ուժերի ուղղաթիռներից մեկը փորձել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա»,- գրել է թուրքական Mersinim կայքը և հայտնել, որ այդ ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Աղդամի Քենգերլի գյուղի մոտակայքում:
Դեպքին նաև արձագանքել է Sureklihaber-ը՝ մեջբերելով ՀՀ Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, թե «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն»: Ի դեպ, կայքը Արծրուն Հովհաննիսյանին ներկայացրել է որպես ՀՀ ՊՆ նախարար:
Ըստ այդ լրատվամիջոցի` լուրեր են շրջանառվում, թե այդ դեպքը 1994 թվականի հրադադարի կնքումից հետո ԼՂ շրջանում տեղի ունեցած ռազմական ամենալուրջ հակամարտությունն է: Եվ հերթական անգամ մեջբերելով ադրբեջանական կեղծ քարոզչությունը` գրում են. «1991 թվականին սկսված պատերազմում մոտ 30.000 մարդ է զոհվել: Հայաստանի ԶՈՒ-ի կողմից բռնազավթված, հայահոծ և Հայաստանի նյութական և ռազմական օժանդակությամբ ոտքի կանգնող մի հանրապետություն էր հիմնվել: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքների տեսանկյունից ադրբեջանական հող է համարվում»:
Կայքը նշել է նաև, որ տարածաշրջանում երկու երկրների միջև լարվածությունը սրվել էր ամառը, որի արդյունքում երկու կողմերը տվել էին 19 զոհ:
Ինչ վերաբերում է AA կայքին, այնտեղ տեղադրել են հայկական ուղղաթիռի խոցման տեսանյութը և այն տարածել ֆեյսբուքյան էջում, որի տակ թուրքերի արած մեկնաբանություններին հարկ չենք համարում անգամ անդրադառնալ: