կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 13:03
Իրավական

Դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա տղայի հարազատները հրաժարվել են վկա լինելուց

Դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա տղայի հարազատները հրաժարվել են վկա լինելուց

Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն անձամբ է հանդիպել Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ ու զրուցել: Նրա խոսքով` զրույցից պարզ է դարձել, որ նրանց նկատմամբ որևէ ճնշում չի եղել, բացի այդ` դա էր վկայում նաև դատավարության ընթացքում ամբաստանյալների խոսելաձևը:

 

«Միայն այն օրինակը, որ դատավորի հարցին, թե` դուք չգիտեի՞ք, որ սահմանը հատել չի կարելի, ադրբեջանցիներն անկաշկանդ ասացին` ոչ, քանի որ դա մեր տարածքն է: Դա վկայում էր այն մասին, որ նրանք չեն վախենում»,- ասաց նա:

 

ՀՀ առաջին օմբուդսմենը, ով մասնակցել է ադրբեջանցիների վերաբերյալ ԼՂՀ դատարանում ընթացած երեք դատական նիստերին, փաստեց, որ երկուսն էլ տիրապետում են ռուսերենին:

 

Ալավերդյանը նշեց նաև, որ առաջին դատավարության մեկնարկից առաջ փոքրիկ միջադեպ է գրացվել` դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ընտանիքի անդամներին ու ծնողներին անհասկանալի ձևով վկաների ցուցակում էին ընդգրկել: Ըստ նրա` սպանված տղայի մայրն ու եղբայրը հրաժարվել են վկա լինել` փոխարենը գերադասելով ներկա լինել դատավարությանը: Նշենք, որ նախքան հարցաքննվելը վկաներն իրավունք չունեն գտնվելու դատական նիստերի դահլիճում:

 

Իրավապաշտպանն իր զարմանքը հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններից միայն իրենց ներկայացուցիչներն էին ներկա: Նա համարում է, որ հումանիտար իրավունքին վերաբերող հարցերը պետք է լինեն իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Տիկին Ալավերդյանի խոսքով` դատական նիստերին չեն ներկայացել նաև միջազգային կառույցների իրավապաշտպաններ կամ դիտորդներ:

 

Իրավապաշտպանի կարծիքով՝ դատավարությունը հավանաբար կտևի մինչև մեկ տարի, քանի որ վկաների մեծ ցուցակ կա: Ըստ նրա` շատ հետաքրքիր դատավարություն է սպասվում: