Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախագահները անդրադարձել են Փարիզում տեղի ունեցած` Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ Ղարաբաղյան խնդրի ցանկացած հարց պետք է որոշվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ: Հարցին, թե Ադրբեջանը կհամաձայնի՞ խաղաղության մեծ պայմանագրի մշակման գործողություններին, որի մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց, թե դա այդքան էլ Օլանդի տեսակետը չէր:
«Դա Ադրբեջանի դիրքորոշումների հերթական փոփոխությունն է, որը փորձ է արվում ներկայացնել ոչ թե որպես սեփական կարծիք, այլ իբրև միջազգային տեսակետ: 10 տարի առաջ նույն Ադրբեջանն էր, որ ասում էր, թե չի կարող մեծ համաձայնագիրը ստորագրել, մշակել: Ասում էին, թե ճիշտ կլինի, որ մենք սկզբունքները համաձայնեցնենք: Հիմա էլ ասում են, թե չեն կարող սկզբունքները համաձայնեցնել, ասում են՝ եկեք, սկսենք մեծ համաձայնագրից: Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում, փորձում է մարտավարական տարբեր հնարքներով ազդել բանակցային գործընթացի վրա, ուստի պարբերաբար փոխում է իր տեսակետը»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ շուրջ 15 տարի է` ԼՂՀ-ն դուրս է բանակցային գործընթացից, լրագրողները հետաքրքրվեցին` որևէ քայլ նախաձեռնվո՞ւմ է Արցախի իշխանությունների կողմից որպես բանակցային կողմ վերադառնալու համար, եթե` այո, ապա ԼՂՀ-ն չի՞ պատրաստվում հայտարարել, որ Հայաստանն այլևս չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը: Աշոտ Ղուլյանի խոսքով` Արցախը չպետք է նման հայտարարությամբ հանդես գա, այդ դեպքում Ղարաբաղը մենակ կմնա բանակցային գործընթացում:
«Մենք խոսում ենք բոլորովին այլ բանակցային ֆորմատի, հնարավորությունների մասին, որովհետև կոնֆլիկտն ունի երեք կողմ: Տարբեր բաներ կարող ենք ասել, իհարկե, Ղարաբաղը իր չճանաչվածության պայմաններում կարող է պաշտոնական քաղաքական տեսակետներ հայտնել, որ եթե բանակցություններին ներկա չէ, ապա վերջնական կարգավորման հնարավորություն չի տեսնում: Սա ամենամեծ ազդանշանն է, թե ինչու պետք է Ղարաբաղը մասնակից լինի բանակցային գործընթացին»,- նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը՝ շեշտելով, որ Ադրբեջանին ձեռք չի տալիս Ղարաբաղի ներկայությունը բանակցային գործընթացում, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ բանակցային գործընթացի ձևաչափը նենգափոխվի:
«Բոլորը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության հարցը չի լուծվի: Պետք է պարզապես իմանալ՝ ում կողմից են ստեղծվում խոչընդոտները»,- հավաստիացրեց նա:
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, թե Հայաստանի անդամակցությունը եղել է փոխհամաձայնեցված, հետաքրքրվեցինք` տեղեկություններ ունի՞, թե ինչ փոխհամաձայնության մասին է խոսքը:
«Նազարբաևի հայտարարության մասին տեղյակ եմ այնքանով, որքանով դուք եք տեղյակ: Կարծում եմ, որ փոխհամաձայնությունը պետք է հասկանալ այնպես, որ ամեն ինչ մնալու է նույն ձևով, ինչ եղել է, որևէ բացառություն, առանձնահատուկ իրավիճակներ չեն ստեղծվելու, մենք շարունակելու ենք նույն հարաբերություններն ունենալ ՀՀ-ի հետ»,- նշեց Աշոտ Ղուլյանը: