կարևոր
2353 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-09 14:24
Հասարակություն

Ժամանակ են ձգում, որ ուսումնական տարին ավարտվի ու դասագրքի հարցը փակվի․ «Հրապարակ»

Ժամանակ են ձգում, որ ուսումնական տարին ավարտվի ու դասագրքի հարցը փակվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

««Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ ամենայնի, կհանգուցալուծվի ապրիլ ամսին: Այս մասին նախօրեին մեզ հետ զրույցում նշել էր ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, իսկ մինչ այդ դասագրքի հեղինակը պետք է ծանոթանա 3-րդ կողմի անկախ փորձագետների կարծիքին, որն արդեն փոխանցվել է Սմբատ Հովհաննիսյանին: Այլ կերպ ասած, «գնդակը» նորից հեղինակի դաշտում է: 

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի կարծիքով, սրանով ԿԳՄՍ նախարարությունն ուղղակի ժամանակ է ձգում, որպեսզի ուսումնական տարին ավարտվի: «Դրանից հետո միջոցներ կգտնեն` դասագիրքը վերամշակելու կամ վերահրատարակելու համար, բայց դրա ի՞նչն ուղղես: Սխալաշատ դասագիրք է, չափորոշչին իր անհամապատասխանություններով, ծրագրային բավականին շատ թեմաներ կամ ներկայացված չեն, կամ թերի են, սխալներն էլ` իրենց հերթին: Այդ ամենով հանդերձ, ինչո՞ւ մնա: Ենթադրենք, ես ուսուցիչ եմ` երեխային մի բան եմ ասում, ինքը գնում, դասագիրքը բացում, այլ բան է կարդում, հետո՞: Ատամներով ամեն կերպ այդ դասագիրքը պահում են»,- ասում է Ա. Մալոյանը:

Նախարարությունը չի բացահայտում ոչ միայն անկախ փորձագետների անունները, այլ նաեւ, թե քանի հոգի են նրանք` մե՞կը, երկու՞սը, երե՞քը, հիմնավորելով դա նրանով, որ ճնշումներ կգործադրեն այդ փորձագետների վրա. «Հեղինակի վրա այդքան ճնշումներ եղան, մեղադրանքներ հնչեցին, խայտառակ արեցին, դա ինչ-որ ձեւ ազդե՞ց իր վրա, որ հիմա վախենում են փորձաքննությունն իրականացրած 3-րդ կողմի անունները հրապարակել»:

Ա. Մալոյանի կարծիքով, հեղինակը գուցե թե հրաժարվեր դասագրքից, բայց կարծում է` նախարարությունը թույլ չի տալիս նրան գնալ այդ քայլին: «Համոզված եմ, որ սրանք ու «Մասնակցային դպրոցի» ղեկավարը թույլ չեն տալիս դա անել, որովհետեւ դեռ համալսարանում կայացած հանդիպման ժամանակ հեղինակը, որպես մասնագետ, ոչնչացված վիճակում էր, ներկա էին գրեթե այն բոլոր 19 պատմաբանները, որ արտահայտել էին իրենց դիրքորոշումը դասագրքի շուրջ: Հետո, եթե մասնագետների դիտարկումների հիման վրա լրամշակում ես դասագիրքը, այնտեղ տակը հեղինակային շատ քիչ բան է մնում, իսկ այդպես չդարձավ քո հեղինակային աշխատանքը: Նույնիսկ Աշոտ Մելքոնյանն ասաց` այդ առաջարկությունները ներկայացրած մասնագետները հավասար են քո դասագրքի խմբագրի լինելուն, համաձա՞յն ես, որ նրանց անունները, որպես խմբագիր, գրվեն քո վերամշակած հրատարակվելիք դասագրքում, հեղինակն ասաց` այո: Հետո Մելքոնյանն ինձ ասաց, որ համաձայն կլինե՞մ` իմ անունը դասագրքի լրամշակվելուց հետո գրվի, ասացի` ոչ, ես չեմ ուզում, որ իմ անունը գրվի»,- ասում է Մալոյանն ու հավելում, որ չգիտի` իրենց կողմից արված 2-րդ դիտարկումները ներառվա՞ծ են դասագրքի վերջնական տարբերակում, թե՞ ոչ:

Օրերս էլ Հայկ Դեմոյանն առաջարկել է իրեն, որ բոլոր մասնագետ գիտնականները ստեղծեն նոր այլընտրանքային դասագիրք, այն որակով, որին արժանի են մեր երեխաները։ Այս պահին քննարկվում է այն գիտնականների շրջանակը, որոնք կմիանան այդ նախաձեռնությանը։

«Ես չգիտեմ` ինչքանով է դա իրատեսական, ով կֆինանսավորի, ինչ ժամկետներում կիրագործվի, բայց առաջնահերթ ինձ համար այս սխալաշատ դասագիրքը շրջանառությունից դուրս բերելն է: Այդ այլընտրանքային դասագիրքը, իհարկե, լավ տարբերակ է, թող լինի, բայց դա, համենայնդեպս, 1 կամ 2 ամսում ստեղծվելիք բան չէ: Եվ, իհարկե, ամեն պատմաբան իր մասնագիտացված շրջանի նյութերը պետք է տա, ոչ թե Սմբատի նման ծայրից ծայր ինքը գրի, ու արդյունքում նման սխալներով բան ստացվի, այդ դասագրքի ոչ մի դաս լիարժեք պատկերացում չի տալիս ոչ մի թեմայի մասին: Այսպես ժամանակ են ձգում, որ ուսումնական տարին ավարտվի, ու դասագրքի հարցը փակվի, կամ էլ նոր միջոցներ հայթայթեն, որ վերախմբագրած տարբերակով նորից տպագրեն: Բայց դա արդեն պետք է կամ հեղինակի հաշվին արվի, կամ էլ հովանավոր կազմակերպության` «Մասնակցային դպրոցի», եւ ոչ թե պետական բյուջեի ու մեր հարկատուների հաշվին»:

Ա․ Մալոյանն ասում է, որ պարբերաբար դժգոհություններ է լսում հենց դպրոցներում դասավանդող պատմության ուսուցիչներից. «Հենց երեկ պատմության հանրապետական օլիմպիադան էր, մի ուսուցիչ էր եկել, ասաց, որ այդ դասագրքով չի անցնում եւ չի դասավանդում, փոխարենը այլ աղբյուրներից է օգտվում: Ուսուցիչ, որի 9-րդ դասարանի աշակերտը լավագույն արդյունք ցուցաբերածներից մեկն էր: Այսինքն` դպրոցների մեծ մասն այդ դասագրքով չի անցնում, թեկուզեւ աշակերտներին դասագիրքը բաժանված է, բայց հին նյութերով են անցնում: Խնդիրն այն է, որ մյուսներն էլ տնօրենից կամ նախարարությունից վախենում են ու դրա մասին չեն բարձրաձայնում: Ես ամեն անգամ համոզվում եմ, որ բավականին մեծ թվով դպրոցներ այդ դասագիրքը չեն օգտագործում, որովհետեւ դա դասագիրք չէ: Այդ 133 էջանոց պարզաբանումները, որ տվել եք ուսուցչին, մի հատ դրանով ինքներդ փորձեք մի դաս պարապել, տեսեք կստացվի՞»»: